ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զոհրաբ Մնացականյանը՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին

Կառավարության մամուլի սրահում լրագրողները հարց ուղղեցին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին` «Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ակտիվ քննարկվում են նախորդ տարի Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանադիպմանը ներկայացված առաջարկությունները, որոնք ենթադրում են  լուծման փուլային տարբերակը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, ի՞նչ փաստաթղթի և ինչ կարգավորման մասին է խոսքը»:

Ի պատասխան ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ տարիների ընթացքում կառավարությունը եղել է առավել քան թափանցիկ և իր դիրքորոշումներն ու մոտեցումներն արտահայտել է շատ պարզ ձևով:

«Ես նույնպես լսել եմ այդ հայտարարությունը կամ մեկնաբանությունը: Կասեմ հետևյալը. այս երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը, մենք, վարչապետ Փաշինյանը եղել ենք առավել քան թափանցիկ և մեր դիրքորոշումներն ու մոտեցումներն արտահայտել ենք շատ պարզ ձևով: Հիմա ավելի կոնկրետացնեմ: Քանի որ կոնկրետ բաների մասին է խոսք գնացել, ավելի կոնկրետ կխոսեմ հետևյալի մասին: Այո՛, այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի, սկսած Քի Վեսթից մինչև վերջերս: Նշվել է նաև, թե ինչ փաստաթղթի մասին է խոսք գնում այս երկու տարվա ընթացքում: 

Լինենք շատ հստակ. նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014թ., 2016 թ., և այդ մոտեցումներն ընդունելի չեն հայկական կողմերի համար: 2018 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկմամբ և գնահատմամբ: 2014թ. քննարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ: Մենք առավել քան հստակ խոսել ենք մեր դիրքորոշումների մասին, որտեղ հայկական կողմերի համար ընդգծված առաջնային գերակայություն է անվտանգության բաղադրիչը: Այն, ինչ վերաբերում է, ինչպես նշված է եղել մեկնաբանության մեջ՝ «տարածքներին», ամենից առաջ անվտանգության գոտի է և պաշտպանական գծեր: Որևէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը։ 

Երկրորդ կարևորագույն տարրը, որ հիմնական սկզբունքների մեջ գոյություն ունի, ինքնորոշման սկզբունքը, որը հայկական կողմերի համար առաջնային գերակա տարրն է այս բանակցային գործընթացում: Դա մենք բազմիցս կոչել ենք անվտանգություն և կարգավիճակ, և հիմա ավելի բաց կերպով եմ դա ասում, որ ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է կարգավիճակի հստակեցում, ազատ կամարտահայտության իրավունք՝ առանց սահմանափակումների: 

Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով: Զիջումներ չեն եղել և չեն լինելու: Հայկական կողմերը որևէ դեպքում երբևէ չեն ստանձնելու այնպիսի մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում, Արցախի բնակչության համար սպառնալիքի ստեղծում, առավել ևս, որ այդ սպառնալիքը դեռևս մնում է ռեալ և էքզիստենցիալ: Հայկական կողմի համար առավել քան առաջնային է ինքնորոշման սկզբունքի արտահայտումը խաղաղ բանակցային գործընթացում: 

Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են անվտանգության և կարգավիճակի տարրերի լիարժեք արտահայտություն: Սա եղել և մնացել է հայկական կողմի մոտեցումը: Այս երկու տարվա ընթացքում մենք առավել քան հստակ խոսել ենք սրա մասին և սրա մասին մենք խոսում ենք բանակցությունների ժամանակ: Եթե որևէ մեկը ենթադրում է, որ բանակցությունների ժամանակ մենք կարող ենք անել մի բան և որևէ այլ բան խոսել հասարակության հետ՝ խորապես սխալվում է: Նման բան չի եղել և չի լինելու: Նման բան տրամաբանորեն չի կարող լինել, քանի որ Հայաստանի որևէ ներկայացուցիչ չի կարող նման բան անել: 

Վերջապես, երրորդ կարևորագույն տարրը. հայաստանյան կողմը մշտապես նշել է, որ ինքն իր պատասխանատվությունն է կրում և ամբողջովին ներգրավված է բանակցային գործընթացի մեջ իր մասով և իր մասով ամբողջովին տանելու է այդ գործը: Միևնույն ժամանակ Հայաստանի իշխանությունները չունեն մանդատ՝ ստացած Արցախի ժողովրդից: Արցախում վերջերս ավարտվեցին խորհրդարանական և նախագահական ընտրությունները, Արցախի իշխանությունները ստացան համապատասխան մանդատը մրցակցային, ազատ, ժողովրդավարական ընտրությունների միջոցով: Եվ եթե կհիշեք՝ այս երկու տարիների ընթացքում հայաստանյան կողմն անվերապահ մշտապես սերտորեն աշխատել, խորհրդակցել է արցախյան կողմի հետ: Եվ այս բոլորն, ինչի մասին խոսում եմ, մանրամասնորեն քննարկվել է արցախյան կողմի հետ: Մենք աշխատում ենք միասին, և նույնը շարունակվել է նոր իշխանությունների հետ, որոնց հետ մենք արդեն ունենք համապատասխան այդ երկխոսությունը:

Որևէ որոշում, որը վերաբերում է Արցախի ժողովրդին չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի:  Սա այն հստակ սկզբունքներն են, որոնցով հայաստանյան կողմը աշխատում է այս բանակցային գործընթացում: 

Իմ գործընկերը ներկայացրեց իր մոտեցումը, ես ներկայացրի մեր մոտեցումը, որը երկու տարվա ընթացքում մենք հետևողականորեն առաջ ենք քաշել, որի շուրջ աշխատել ենք:

Եվ մեկ տարր. այս գործընթացը չունի որևէ այլընտրանք, քան խաղաղ կարգավորումը, որովհետև հայկական կողմերը վճռականորեն պաշտպանելու են իրենց ժողովրդին, իրենց անվտանգությունը: Այդ առումով միայն ու միայն խաղաղ կարգավորման միջոցով է հնարավոր հասնել հանգուցալուծմանը: 

Մենք մնում ենք հավատարիմ այս սկզբունքին և շարունակելու ենք պնդել այս սկզբունքի վրա: Երեկ տեղի է ունեցել տեսակոնֆերանս համանախագահների հետ, այսօր հավանական է՝ կկայանա նաև բոլոր կողմերի ներգրավմամբ, նկատի ունեմ՝ այս պահի դրությամբ բոլոր՝ Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և համախագահների ներգրավմամբ: 

Այսօրվա մեր գերակա խնդիրը վերաբերում է մեկ բանի. երբ մեր երկրները, մեր տարածաշրջանը, ամբողջ աշխարհը կենտրոնացած են կորոնավիրուսի դեմ պայքարի վրա, այս պայմաններում հրադադարի պահպանումը, որևէ ռիսկերի բացառումն առավել քան գերակա խնդիր են: Եվ մենք, բնականաբար, աշխատել և աշխատելու ենք  այս ուղղությամբ»,- ասել է Մնացականյանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: