ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկ Քոթանջյանն առաջարկում է Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը մեկնարկել Ադրբեջանի և Արցախի փոխադարձ ճանաչումից

Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ վերջին շաբաթվա ընթացքում ծավալված քննարկումները, բանակցային գործընթացի միջնորդներից և հակամարտության կողմերից հնչող հայտարարությունները մատնանշում են բանակցային գործընթացում կառուցողականության պակասն ու գործընթացի առաջմղման դժվարությունները:

Այդ համատեքստում հարկ ենք համարում Ձեր ուշադրությանը ներկայացնել քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր, ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի նախկին պետ-Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Հայկ Քոթանջյանի հարցազրույցն ու «Սևծովյան տարածաշրջանում միջազգային համագործակցությունն անցած և ապագա 20 տարում» թեմայով գիտաժողովի ժամանակ արված զեկույցը, որոնք հրապարակվել են 2013թ-ի դեկտմբերի 11-ին «ԱՐՄԵՆՊՐԵՍ» գործակալության կողմից:

Հեղինակի կողմից, ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կատարված հետազոտությունների հիման վրա, առաջարկվում է Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը մեկնարկել Ադրբեջանի Հանրապետության և Արցախի Հանրապետության փոխադարձ ճանաչումից: Մանրամասները ստորև.

 

ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ-Պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը զեկուցմամբ է հանդես եկել Բուխարեստում օրերս կայացած «Սևծովյան տարածաշրջանում միջազգային համագործակցությունն անցած և ապագա 20 տարում» թեմայով գիտաժողովի ժամանակ: Հակաահաբեկչության գծով գիտական փորձագետ (ԱՄՆ), ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդի անդամ Հայկ Սարգսի Քոթանջյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին:

-Պարո՛ն Քոթանջյան, Դուք վերջերս եք վերադարձել Բուխարեստից: Ինչպե՞ս կգնահատեք Ռումինիայում անցկացված Հարվարդի` Սևծովյան անվտանգութ­յան ծրագրի գիտաժողովի աշխատանքը:

-«Սևծովյան տարածաշրջանում միջազգային համագործակցությունն անցած և ապագա 20 տարում» թեմայով գիտաժողովը կազմակերպվել էր Ձեր հիշատակած Հարվարդի ծրագրի կողմից` Ռումինիայի ազգային հետախուզական ծառայության հետ համատեղ: Դրան մասնակցում էին մասնագետներ 11 պետություններից, այդ թվում` տարածաշրջանի երկրներից, ցավոք` բացառությամբ Ռուսաստանի: Հարվարդի հետ պայմանավորվածության համաձայն այսուհետև տվյալ Համաժողովը կվարի Ռումինիայի ազգային հետախուզության ծառայությունը:

-Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների վերսկսման հաշվառմամբ` գիտաժողովում Ղարաբաղյան պրոբլեմը որևէ կերպ շոշափվե՞լ է:

-Դեռ նախքան համաժողովը թուրքական և ադրբեջանական կողմերն ըստ Վիեննայում և Կիևում վերսկսված հանդիպումների արդյունքների հայտարարություններ են արել, թե Ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ կառուցողական բանակցությունների համար հիմք կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղից ՀՀ զորքերի դուրսբերումը, որոնք, ինչպես գիտեք, երաշխավորում են ԼՂՀ բնակչության անվտանգությունը: Ադրբեջանի կողմից պարտադրված սպառա­զինությունների ինտենսիվ մրցավազքի և հարձակողական սպառազինությունների ու ռազմամոլական ճարտասանության աճման պայմաններում նման առաջարկությունը, որը ԼՂՀ բնակչությանը զրկում է իր ֆիզիկական անվտանգության համար ռազմական երաշխիքներից, գործում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից քաղաքական խաղադրույքների կանխամտածված մեծացման տպավորություն, որի նպատակը բանակցային գործընթացը կառուցողական փուլ փոխադրելու փորձերի խաթարումն է: Այս առումով էլ Ղարաբաղյան պրոբլեմը շոշափվեց իմ զեկուցման մեջ: Այնտեղ ես առաջարկեցի հակամարտության կողմերի միջև բանակցությունները կառուցողական հուն տեղափո­խելու գործընթացն սկսել Ադրբեջանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետության փոխադարձ ճանաչմամբ:

Ստորև բերվում է դոկտոր Հայկ Քոթանջյանի զեկուցումը` արված Հարվարդի Սևծովյան անվտանգության հարցերով գիտաժողովում:

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱՍՅՈՒՆԵՐ

Հարգելի՛ պարոն Նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ

Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Հարվարդի համալսարանի Սևծովյան անվտանգության ծրագրի 12-րդ միջազգային գիտաժողովին մասնակցելու հրավերի համար: Այս գիտաժողովը համախմբում է տարածաշրջանային անվտանգության դինամիկայի հարցերով զբաղվող առաջատար փորձագետների, որոնք այսպիսով կարող են մտքեր փոխանակել ու քննարկել Ընդլայնված սևծովյան տարածաշրջանում առաջիկա 20 տարվա կտրվածքով զարգացման հնարավոր սցենարները:

Համոզված եմ, որ ավելի կայուն և անվտանգ տարածաշրջան ունենալու հիմնական ուղին տարածաշրջանային երկրների, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանում ներգրավված ուժային կենտրոնների միջև ինտեգրման և երկխոսության խթանումն է: Երկխոսությունն ու ինտեգրումը նաև Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնասյուներն են: 1991 թ. անկախության ձեռքբերումից ի վեր` մեր պետությունը իր արտաքին քաղաքա­կանության մեջ ակտիվ կերպով իրականացնում է փոխլրացման սկզբունքը` զարգացնելով ռազմավարական դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ և առաջ մղելով գործընկերությունը Արևմտյան ուժային կենտրոնների հետ, այդ թվում` ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի: Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հիմնադիր անդամն է և միևնույն ժամանակ սերտ կապեր է հաստատում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ` մասնակցելով նրա խաղաղարարական օպերացիա­ներին Իրաքում, Կոսովոյում, իսկ ներկայումս նաև Աֆղանստանում, ինչպես նաև իրագոր­ծելով Հայաստան–ՆԱՏՕ ԱԳԳԾ-ով ամրագրված պաշտպանական-անվտանգային բարե­փո­խումները[1]:

Երկխոսությունն ու ինտեգրումը եղել են նաև այն կարևոր շարժիչ ուժը, որը Հայաստանին մղել է ակտիվ կերպով ներգրավվելու Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրում` միևնույն ժամանակ բանակցելով ԵՄ-ի հետ Ասոցիացված անդամության համաձայնագրի հնարավոր ստորագրման հարցով: Զուգահեռաբար Հայաստանը խորհրդակցել է Ռուսաստանի հետ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ: 2013 թ. սեպտեմբերին Հայաստանը կայացրեց Մաքսային միությանը միանալու գործնական առումով ճշգրիտ որոշում, որը մեծապես պայմանավորված է Հարավային Կովկասում ստեղծված ռազմաանվտանգային իրողությամբ[2]: Միևնույն ժամանակ, Հայաստանը շարունակում է ԵՄ-ի հետ իր կառուցողական համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող զանազան բնագավառներում հարաբերությունները զարգացնելու նպատակով:

Սևծովյան տարածաշրջանի ավելի անվտանգ ու կայուն զարգացման համար խոչընդոտներից են Ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունը և հարևան պետության կողմից Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը: Ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ուղիղ ժողովրդավարության միջոցներով` օրինապատշաճ հանրաքվեի արդյունքներով կազմավորվել է ԽՍՀՄ փլուզման ընթացքում` Վերակառուցման ժամանակաշրջանի խորհրդային օրենսդրութ­յանը համապատասխան, նախքան ԽՍՀՄ կազմալուծման մասին Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրումը[3]: Թեև հայկական կողմը ընտրացուցակներում ընդգրկել էր ադրբեջանական փոքրամասնությանը, սակայն Բաքվի իշխանությունների ցուցումով ադրբեջանական ընտրազանգվածը բոյկոտեց հանրաքվեն: Ցավոք, ժողովրդավարական ճանապարհով` հանրաքվեով, Լեռնային Ղարաբաղի պետության օրինական ստեղծումը ադրբեջանական և հայկական կողմերի համար չդարձավ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդար լուծման հիմք: Փոխարենը Ադրբեջանը ագրեսիա ձեռնարկեց օրինապատշաճ կերպով կազմավորված այդ պետության հանդեպ և սկսեց արյունալի պատերազմ, որը խլեց 25 000 մարդու կյանքը[4]:

1994 թ. կնքված զինադադարից հետո և´ Հայաստանի Հանրապետությունը, և´ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շահագրգռված կերպով աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ծավալված խաղաղ գործընթացին: Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջանքերն ուղղված են վստահության ամրապնդմանը, որովհետև հենց փոխադարձ վստահությունը Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տևական խաղաղության ու կայունության հաստատման բանալին է: Մինչդեռ հարևան պետության գործողությունները մինչև Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների վերջին բանակցությունները հրապարակավ խարխլում էին փոխադարձ վստահության ստղծման համար ցանկացած հիմք:

Պետք է հուսալ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Վիեննայում կայացած վերջին հանդիպումը խաղաղության գործընթացի վերագործարկման խոստումնալից ազդանշան է[5]: Այդուհանդերձ հարկ է նշել, որ բանակցությունների այս փուլի հաջողությունը կախված կլինի այն բանից, թե կկարողանա Ադրբեջանի ղեկավարությունը հաշտվել իրականության հետ ու հրաժարվել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ թելադրանքի քաղաքականությունից:

Հակամարտության կարգավորման գործում ներգրավված հարգարժան միջազգային միջնորդները պետք է լուրջ կերպով հաշվի առնեն, որ Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվում, քանի որ Ադրբեջանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության իրավունքը: Ղարաբաղյան հակամարտության զինված փուլն սկսվեց հենց այն պատճառով, որ Ադրբեջանը փորձեց ոչնչացնել օրինական կերպով ինքնորոշված ​​Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` Ցեղասպանությունը կրկնելու սպառնալիքով: Ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ բանակցություններում դեպի կառուցողական երկխոսություն շրջադարձ կատարելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերադարձումը բանակցային գործընթաց`որպես Հայաստանի և Ադրբեջանի հետ մեկտեղ հակամարտության կողմի: ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների`Հայաստան – Լեռնա­յին Ղարաբաղի Հանրապետություն – Ադրբեջան եռակողմ ձևաչափում Ղարաբաղյան հակա­մար­տության խաղաղ լուծման հիմք պետք է պաղեստինա-իսրայելական հակամար­տության նմանությամբ դառնա դիմակայության գլխավոր կողմերի` Ադրբեջանի Հանրա­պե­տության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխադարձ ճանաչումը:

Հույս ունենալով, թե բանակցային գործընթացում տեղի կունենա արդյունարար շրջադարձ, պետք է համոզված լինենք, որ միայն փոխադարձ ճանաչումը կապահովի կայունություն և հարատև խաղաղություն Հարավային Կովկասում, որը` որպես Ընդլայնված սևծովյան տարածաշրջանի մաս, ներդրում կունենա տարածաշրջանում համընդհանուր կայու­նության և անվտանգության հաստատման գործում: Ղարաբաղյան հակամար­տու­թյան լուծ­ման մեկ այլ հիմնասյուն պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության համար անվտանգության` միջազգային աջակցության արժանացած երաշխիք­նե­րը, որոնք պետք է մշակվեն բանակցությունների ընթացքում:

Վերջում կցանկանայի ներկայացնել Հայաստանի Ազգային ռազմավարական հետազո­տությունների ինստիտուտի` երկխոսությունը և ինտեգրումը Ռազմավարական քաղաքական ֆորումների կազմակերպմամբ առաջ մղելու փորձը[6]: Այդ Ֆորումներին մասնակցում են ՀԱՊԿ-ի անդամ պետությունների առաջատար կազմակերպությունները, ինչպես նաև ժամանակով ստուգված մեր արևմտյան գործընկերները, ինչպիսիք են` Հարվարդի և Օքսֆորդի համալսարանները, ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսա­րանը, «Չաթեմ հաուզ»-ը, Ստամբուլի Քադիր Հաս համալսարանը, Երուսաղեմի համալսարանը և այլն: Դրանք հնարավորություն են տալիս գիտական ​​ձևաչափում դիտարկելու տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս եղած կնճռոտ անվտանգային պրոբլեմների լուծման նկատմամբ տարբեր մոտեցումներ: Նախատեսվում է հաջորդ Ռազմավարական քաղաքական ֆորումը կազմակերպել 2014 թ. մայիսին, այն կարող է քաղաքականության ոլորտի փորձագետների ու մշակողների համար ձևավորել գիտական հարթակ` Ընդլայնված սևծովյան տարածաշրջանի մարտահրավերներն ու հնարավորությունները քննարկելու համար:

________________________________________

[1] Hayk Kotanjian: On the strategic guidelines of the integrational complementarity – on the eve of the president Vladimir Putin’s visit to Armenia and in the run-up to the summits in Vienna and Vilnius (the text of the presentation delivered by MG, Dr. Hayk Kotanjian, Head, INSS, MOD, Armenia to the Integration Club chaired by the Speaker of the Speaker of the Federation Council of the Federal Assembly of the Russian Federation Valentina Matvienko) http://en.aravot.am/2013/11/20/162613/.

[2] Hayk Kotanjian, Armenia’s decision on accession to the Customs Union and Entry into the formation of the Eurasian Union is due to the defense-security realities. Harvard BSSP. http://www.harvard-bssp.org/static/files/438/ENSURING%20STABILITY%20IN%20CENTRAL%20ASIA%20FOLLOWING%20COALITION%20WITHDRAWAL%20BY%20MG%20DR%20KOTANJIAN,%202003%20ARMENIA%20CTF%20%282%29.pdf

[3] Hayk Kotanjian: Minister of Foreign Affairs of the Nagorno-Karabakh Government In-Exile Speaks of the Twenty-Fifth Anniversary of the Karabakh National-Liberation Movement, International Center for Electoral Systems, Israel, http://www.elections-ices.org/files/publications/298.pdf.

[4] Thomas de Waal, Black Garden: Armenia and Azerbaijan through Peace and War, New York University Press, 2003, p. 285.

[5] President Serzh Sargsyan held a meeting with the leadership of the Ministry of Culture, the official site of the President of the Republic of Armenia, http://www.president.am/en/press-release/item/2013/11/22/President-Serzh-Sargsyan-visit-Ministry-of-Culture/.

[6] Materials of the International Strategic Policy Forum “Regional Security Dynamics in the South Caucasus” (29-30 November, 2012), Yerevan, Institute for National Strategic Studies, MOD, Yerevan, 2013.

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: