ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արդյոք ե՞րբ է վերականգնվելու Չարդախլուում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանները. ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Ալիևին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահի՝ «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հարցազրույցում Հայաստանի վերաբերյալ մեկնաբանություններին․

«Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակը լավ առիթ է՝ վերհիշելու և հարգանքի տուրք մատուցելու համաշխարհային չարիքի դեմ պայքարի ելած և հաղթանակած բոլոր ժողովուրդների զոհողությանը և միասնությանը:

Համոզված ենք, որ պատմական հիշողությունը մարդկային արժանապատվության կարևորագույն արժեքն է, իսկ այդ պատմական հիշողության կեղծումը և այն նեղ քաղաքական շահերին ծառայեցնելու փորձերը վկայում են, որ դրանց հեղինակները չունեն ոչ պատմության, ոչ արժանապատվության և ոչ էլ հիշողության զգացում:

Ցավով պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փորձ արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարված հաղթանակի 75-ամյակը ծառայեցնելու հայ ժողովրդի հանդեպ տասնամյակներ վարվող իր թշնամական քարոզչությանը:

Հայ ժողովրդի ներդրումը երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների հաղթանակի գործում ոսկե տառերով է գրված համաշխարհային պատմության էջերին:

Մենք հպարտությամբ ենք հիշում բոլոր հերոս հայորդիների անունները թե Կարմիր բանակի և նրա ազգային դիվիզիաների, թե հակահիտլերյան կոալիցիայի անդամ երկրների բանակներում, թե դիմադրության շարժման և թե հետախուզության շարքերում: Իրենց նվիրմամբ և խիզախությամբ նրանք արժանի եղան իրենց նախնինների և ազգային հերոսների, այդ թվում առաջին համաշխարհային պատերազմի տարիներին փառքով պսակված մարտիկների հիշատակին:

Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում պետության պահպանության և խնամքի ներքո գտնվում են Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների շուրջ վեց հարյուր հուշարձաններ: Հենց վերջիններս են հանդիսանում մեր միասնական հաղթանակի պատմության անխոս վկաները: Մենք դատապարտում ենք հուշարձանների հանդեպ բոլոր ոտնձգությունները ոչ միայն խոսքով, այլև այն իրողությամբ, որ Հայաստանի պատմության ընթացքում երկրորդ համաշխարհային պատերազմի մարտիկներին նվիրված որևէ հուշարձան չի ենթարկվել ոտնձգության:

Այս տեսակետից Ադրբեջանի ղեկավարությանը պարզապես հարց եմ ցանկանում ուղղել, որի պատասխանը բոլորիս կողմից ակնկալվում է գործով. արդյոք երբ է վերականգնվելու Չարդախլու բնակավայրում Հայրենական մեծ պատերազմի հերոսների, այդ թվում խորհրդային մարշալներ Հովհաննես Բաղրամյանին և Համազասպ Բաբաջանյանին նվիրված հուշարձանները, որոնք ավերվել են Ադրբեջանի Հանրապետության շրջանում»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: