ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ մաքսային արտոնության երկարաձգմամբ նախատեսվում է որոշ ապրանքների գնի նվազում. փոխնախարար

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում կստանա երրորդ երկրներից ապրանքների ներմուծման արտոնալ մաքսատուրքերի ժամկետի երկարաձգման հնարավորություն: Հայաստանի նախնական հաշվարկներով՝ այս արտոնությունը 1 տարով երկարաձգելու պարագայում որոշ պարենային ապրանքաների և արդյունաբերական նշանակության ապրանքների գինը միջինում կնվազի մոտ 3 տոկոսով, փոխանցում է «Արմենպրես»-ը:

-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Փոխնախարարը նախ հիշեցրեց, որ Հայաստանը 2014 թվականի հոկտեմբերի 10-ից անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, ստանձնեց որոշակի պարտավորություններ, միևնույն ժամանակ 2015-ի հունվարի 1-ից 5 տարով ձեռք բերեց նաև ներմուծման արտոնյալ մաքսատուրքեր՝ մի շարք սպառողական և արտադրական նշանակության ապրանքների գծով: Հակառակ պարագայում, մեկ միասնական եվրասիական տարածքի մաքսատուրքերին միանալու հետևանքով,  կարող էին առաջանալ որոշակի դժվարություններ և թանկացումներ: Սակայն արտոնյալ ժամկետն ավարտվեց 2020 թվականի հունվարի 1-ին:

«Իրականացված աշխատանքների արդյունքում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ժամանակ երկրների ղեկավարների առաջին դեմքերի կողմից որոշում կայացվեց, որ ՀՀ-ի արտոնությունները, որոնք ավարտվում էին հունվարի 1-ին, 2020 թվականին ևս 1 տարով երկարեցվեն: Համանման որոշում կայացվեց նաև Ղրղզստանի համար»,-ասաց Սիմոնյանը:

Հայաստանը մինչև սա արտոնություն էր ստացել 930 ապրանքատեսակների մասով: Դրանցից 293-ը 87 ապրանքային խմբին դասվող տրանսպորտային միջոցներն են, որոնք սակայն չեն ընդգրկվել այս արձանագրության փոփոխության մեջ: Այսպիսով արտոնությունների երկարաձգումը մեկ տարով չի ենթադրում, որ տրանսպորտային միջոցները կունենան նույն արտոնությունները: Ընդհանուր առմամբ, 647 ապրանքատեսակի համար ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի ևս մեկ տարով: 

«Այդ ապրանքային խմբերն են ընտանի թռչնի միսը, կարագը, սառեցված խոշոր եղջերավոր անասունի միսը, արևածաղկի ձեթը, մարգարինը: Դրանք սպառողական զամբյուղի ապրանքներն են, սոցիալական և արտադրական նշանակություն ունեցող: Մեր նախնական հաշվարկներով՝ այս արտոնությունը մեկ տարով երկարաձգելու պարագայում որոշ պարենային ապրանքների և արդյունաբերական նշանակության ապրանքների գինը միջինում կնվազի մոտ 3 տոկոսով: Եվ Հայաստանի տնտեսավարողներն առնվազն կտնտեսեն մոտ նախնական հաշվարկով 30 մլն ԱՄՆ դոլար»,-ասաց փոխնախարարը:

Նա նկատեց՝ երկարաձգումը թույլ կտա տնտեսավարողներն այն ռեսուրսը, որը պետք է վճարեին որպես մաքսատուրք՝ արդեն իսկ ավելացված ձևով, ուղղեն իրենց բիզնեսի զարգացմանը՝ այն էլ այս կորոնավիրուսային ծանր պայմաններում: Նախնական հաշվարկով 30 մլն-ից ընդամենը 1.22 տոկոսն է գնալու պետբյուջե:

Արձանագրությունը տարածվելու է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: Այս պահին քննարկումներ են ընթանում, թե ինչ վարչարարություն և ինչ մեխանիզմներ կիրառվեն:  

Սիմոնյանը նաև նկատեց, որ երբ դեռ արտոնությունը երկարաձգելու հարցը չկար, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2019-ի հոկտեմբերին հրապարակել էր փաստաթուղթ՝ 2020 թվականին հունվարի 1-ից մաքսատուրքերի բարձրացման հետևանքով հնարավոր թանկացումների վերաբերյալ: Վերլուծական աշխատանքները ցույց էին տվել, որ այդ թանկացումները կարող էին տատանվել 0.5-0.6 տոկոսային կետով:  Փոխնախարարը նկատեց, որ մաքսատուրքերի ավելացումը ոչ մեծ ազդեցություն էր ունենում գների թանկացման վրա, քանի որ այդ արտոնյալ 5 տարին տնտեսավարողներին թույլ էր տվել ձևավորվել այնպիսի արտադրություն և արդյունաբերություն, որ ապահովեն ներքին սպառումը, բացի այդ Հայաստանը ազատ առևտրի համաձայնագրեր ունի մի շարք երկրների հետ, որտեղից ներմուծում է անում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: