ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախցիների հումորի խորհրդանիշը՝ Պըլը Պուղու հուշաքար

Արցախի ժողովրդի համար հումորն անկախ ամեն ինչից բնավորության անբաժան մասն է: Իսկ հումորի և ուրախության հանդեպ ունեցած նրանց սիրո խորհրդանիշն է դարձել Վարանդայի Մելիք Շահնազարի պալատական ծաղրածուի՝ Պըլը Պուղու հուշաքարը: 

Պըլը Պուղու հուշաքարը գտնվում է Շոշ և Մխիթարաշեն գյուղերի արանքում տեղակայված քարանձավում: Այն կառուցվել է 1976 թվականին:

Իսկ ո՞վ է եղել ուրախության խորհրդանիշ դարձած հայտնի արցախցին:

Պըլը Պուղին իրական անձնավորութուն է, ծնվել է 1731թ. Վարանդայի Շոշ գյուղում։ Նրա իսկական անունը Պողոս էր, բայց ժողովրդի շրջանում հայտնի է որպես Պըլը Պուղի՝ իր սրամտության, զվարճախոսության համար («պել» նշանակում է գիժ)։ 

Պըլը Պուղին մեծ հեղինակություն  է ունեցել ղարաբաղցիների մոտ, և նրա անունը հասել էր նաև Վարանդայի դավաճան տիրակալ Մելիք Շահնազարին։ Վերջինը սրամիտ Պըլը Պուղուն հրավիրել է ապրելու իր մոտ։  Զվարճախոսը համարձակորեն քննադատել ու ծաղրել է նաև Մելիքի սխալ որոշումները: Ահա թե ինչու ժողովրդական բանահյուսության մեջ Պըլը Պուղու կատակները կապված են, հիմնականում, Մելիք Շահնազարի հետ։ 

Պըլը Պուղին հորինել է զվարճալի զրույցներ ու առակներ, որոնք, ժողովրդի մեջ տարածվելով, վերափոխվել, լրացվել են և նրա անունով բանավոր հասել մինչև մեր օրերը։ Առաջինը Մակար Բարխուդարյանցն է Ղարաբաղի ծերունիներից գրի առել Պըլը Պուղու 189 զվարճախոսություն ու առակ, որից հետո 1883 թվականին դրանք տպագրել է Թիֆլիսում՝ «Պըլը- Պուղի» խորագրով։ Հետագայում նոր գրառումներ են հրատարակել այլ բանահավաքներ՝ Ս․ Իսրայելյանը, Մ․ Գրիգորյան-Սպանդարյանը, Հրաչյա Բեգլարյանը։ Տպագրվել են նաև Պըլը Պուղու նյութերի վերապատումներ, թարգմանություններ ու գրական մշակումներ։ Նրա զվարճախոսություններն ու առակները ժամանցի, ծիծաղի ու զավեշտի հետ միասին ունեն խրատական, բարոյախոսական միտում, մերկացնում են ժամանակի կյանքի ու կենցաղի, սոցիալական հարաբերությունների արատավոր կողմերը։

Պըլը Պուղու անունով բազմաթիվ նյութեր են պահպանվում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, Երևանի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում և այլուր։

Պըլը Պուղին մահացել է 1810 թվականին, բայց նա դեռ ապրում է ժողովրդական բանահյուսության մեջ և ճանաչված է արցախյան բոլոր ընտանիքներում: Հունոտի կիրճ բնապատմական արգելոցում գտնվող նրա հուշաքարն էլ ավելի վառ է պահում և սերնդեսերունդ փոխանցում վերջինիս հիշատակը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: