ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վստահության բարձր մակարդակը պետք է լինի ցանկացած վիճելի իրավիճակների կարգավորման հիմքը. նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Սպուտնիկ» գործակալությանը

Photo / official site of the President of RA

«Ռուսաստանը համարվում է Հայաստանի ոչ միայն ռազմավարական գործընկերը և դաշնակիցը: Մեզ կապում են համատեղ հաղթահարված դժվարությունների փորձություն անցած և համատեղ հաջողություններով ամրապնդված բազմադարյա բարեկամական և ջերմ հարաբերությունները, ինչպես նաև բարդ իրավիճակներում միմյանց աջակցելու բնական ցանկությունը: Այդ իսկ պատճառով այդ հարաբերություններն այսօր դարձել են անխախտելի»,- «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության տնօրեն Դիմիտրի Պիսարենկոյին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով Ռուսաստանի հետ համագործակցության և երկկողմ հարաբերություների առաջնահերթ ուղղությունների մասին հարցին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում հայկական պետականությունն ունի նվազագույն և առավելագույն հիմնարար խնդիրներ: «Նվազագույն խնդիրն է պահպանել ռազմավարական երկխոսության նախկին մակարդակը, որը հիմնված է խորը պատմական և արժեքային կապերի վրա: Մենք պետք է գնահատենք մեր համատեղ ժառանգությունը և այս կամ այն քաղաքականությունն իրականացնելիս ուղղորդվենք հենց դրանով: Այդ դեպքում մենք զերծ կմնանք լուրջ սխալներից,-նշել է նախագահը:-Առավելագույն խնդիրն է մեր փոխհարաբերությունները հասցնել նոր մակարդակի, բացահայտել «անձեռնմխելի մնացած» ոլորտները և ստեղծել նոր հնարավորություններ: Մեր փիլիսոփայությունը պետք է բխի երկկողմ և բազմակողմ հարաբերություններում «միմյանց ուժեղացնելու» բանաձևից՝ տարածաշրջանային և համաշխարհային ձևաչափերով: Շատ բան կախված է նրանից, թե ինչպես ենք գործնականում ցուցադրելու մեր ռազմավարական դաշինքը՝ անկախ առանձին խնդիրներից»:

Նոր ուղղությունների շարքում նախագահն առանձնացրել է տարածաշրջանների մակարդակով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, մշակութային, հումանիտար և կրթական ծրագրերի ամրապնդումը. «Առավել հստակ լինելու համար ասեմ, որ մենք ունենք հսկայական ներուժ: Ռուսաստանի հետ համագործակցությունը բազմաշերտ է և ընդգրկում է մեր հարաբերությունների ողջ սպեկտրը: Այսօր մենք պետք է կարողանանք խորացնել այդ հարաբերությունները տարածաշրջանային տնտեսական նախագծերում, հատկապես՝ բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության և նորարարության, պարենի անվտանգության ոլորտներում: Անհրաժեշտ է ավելի սերտ փոխգործակցություն ծավալել էներգետիկայի ոլորտում, ներառյալ՝ միջուկայինը: Մեր հանրապետության ներուժը կարող է առանցքայիններից մեկը լինել Ռուսաստանի սննդի և պարենային անվտանգությանն աջակցելու գործում»:

Նախագահը նկատել է, որ նոր սերունդն այնքան էլ լավ ծանոթ չէ ռուսական դասական մեծ մշակույթին, հնարավորություն չունի Երևանում դիտելու թատերական ներկայացումներ և լսելու երաժշտություն, որոնք ժամանակին խոր հետք են թողել իրենց սերնդի վրա. «Մենք չպետք է մոռանանք մեր ընդհանուր ժառանգությունը բազմապատկելու կարևորության մասին: Կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունները նաև կարող են կարևոր գործոն դառնալ մեր երկրների բազմակողմ կապերում: Հայաստանը կարող է ծառայել կամուրջ տարբեր ինտեգրացիոն նախագծերի և տարածաշրջանների միջև, ինչպիսիք են` ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն»:

Պատասխանելով ներկայիս երկկողմ օրակարգի, Հայաստանում գործունեություն ծավալող ռուսաստանյան որոշ ընկերությունների ունեցած դժվարությունների մասին հարցին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ խնդիրները, թյուրըմբռնումներն ու դժվարությունները միանգամայն նորմալ երևույթ են, երբ խոսքը միջպետական և առևտրային հարաբերությունների մասին է: «Այնուամենայնիվ, դրանք չպետք է ազդեն մեր ռազմավարական կապերի որակի վրա: Կա մի կարևոր բառ՝ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ: Մեր երկրների միջև վստահության բարձր մակարդակը պետք է լինի ցանկացած վիճելի իրավիճակների կարգավորման հիմքը,-ընդգծել է նախագահը: -Որպես անձ, ով շատ հեռու չէ կանգնած հայ-ռուսական հարաբերությունների հիմնական ռազմավարական ուղղությունների ձևավորման գործընթացից, այդ թվում՝ լոգիստիկայի, էներգետիկայի և այլ ոլորտներում, ես իմ գիտելիքները, հնարավորությունները և փորձը կներդնեմ՝ օգտակար լինելու Նախագահի ինստիտուտի իրավասությունների և հնարավորությունների շրջանակում»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: