ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի ԱԳՆ և Եվրախորհրդարանի երեք պատգամավորների համաժամանակյա հայտարարությունների մասին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանել է Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող ճանապարհի կառուցման վերաբերյալ  Ադրբեջանի ԱԳՆ և Եվրախորհրդարանի երեք պատգամավորների համաժամանակյա հայտարարությունները։

«Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող ճանապարհի կառուցման վերաբերյալ  Ադրբեջանի ԱԳՆ և Եվրախորհրդարանի երեք պատգամավորների համաժամանակյա հայտարարությունների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը`

Նախ և առաջ` կարևոր է ընդգծել, որ նոր ճանապարհների կառուցումը և Արցախի Հանրապետությունում այլ հաղորդակցության նախագծերի իրականացումը, որոնք անհրաժեշտ են նրա անվտանգ զարգացումն ապահովելու և քաղաքացիների ազատ տեղաշարժի հնարավորություններն ավելացնելու համար, Արցախի իշխանությունների ինքնիշխան իրավունքն ու պարտականությունն է: Արցախի Հանրապետության որևէ նախագիծ հարևան Ադրբեջանի հետ համաձայնեցնելու կոչերը զուրկ են ցանկացած իրավական հիմքից և տրամաբանությունից:

Արցախը Հայաստանի Հանրապետությանը և արտաքին աշխարհին կապող հաղորդակցության նախագծերի իրականացումը հատկապես արդիական է Արցախը մեկուսացնելու Բաքվի շարունակական փորձերի ֆոնին՝ շահարկելով միջազգային իրավունքի առանձին սկզբունքներ: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում, որ շրջափակումը, ներառյալ՝ օդային շրջափակումը, դիտարկում են որպես Արցախի և նրա բնակիչների ֆիզիկական ոչնչացմանն ուղղված իրենց ընդհանուր ռազմավարության բաղկացուցիչ մաս: Ադրբեջանի անմարդկային քաղաքականության ցուցիչներից են քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու Ադրբեջանի իշխանությունների սպառնալիքները:

Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները բացահայտորեն ի ցույց են դնում միջազգային իրավունքի նկատմամբ իրենց քամահրական վերաբերմունքը: Միջազգային իրավունքի նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի բուն էությունը Ադրբեջանի նախագահի հետևյալ արտահայտությունն է՝ «այսօր միջազգային իրավունքն աշխարհում չի գործում, միջազգային պայմանագրերը պարզապես թղթի կտոր են, ոչ մի արժեք չունեն»:

Երկրորդ՝ Եվրախորհրդարանի առանձին պատգամավորների հայտարարությունն իրենց անձնական կարծիքն է, որը չի համապատասխանում Եվրոպական խորհրդարանի կողմից նախկինում ընդունված փաստաթղթերին, այդ թվում նաև՝ Արցախի շրջափակման անթույլատրելիության մասին բանաձևերին: Այն փաստը, որ հայտարարության հեղինակներից ոմանք արժանացել են Ադրբեջանի պետական պարգևների, մեծապես բացատրում է, թե ինչու է նրանց դիրքորոշումը լիովին համընկնում պաշտոնական Բաքվի դիրքորոշման հետ:

Եվրախորհրդարանականների հայտարարության կողմնակալ և ոչ օբյեկտիվ բնույթն այնքան ակնհայտ է, որ չի կարող որևէ օգտակար ուղերձ պարունակել և դրական դեր խաղալ «փոխվստահությանը, խաղաղությանը և հաշտեցմանը նպաստող պայմանների ստեղծման» գործում, ինչի մասին նշված խորհրդարանականներն իբրև թե անհանգստանում են։

Առավել ցինիկ է հայտարարության հեղինակների փորձը՝ իրենց կողմնակալությունը քողարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի հանդեպ հոգատարությամբ։ Օգտագործելով քաղաքական շարժառիթներով պայմանավորված ձևակերպումներ, որոնք հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տերմինաբանությանը և մոլորության մեջ գցում միջազգային հանրությանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էության վերաբերյալ, եվրախորհրդարանականների այս եռյակն իրականում վնասում է խաղաղ գործընթացին։

Համոզված ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորումը հնարավոր է միայն մարդակենտրոն մոտեցման հիման վրա: Մի ողջ ժողովրդի մեկուսացնելու փորձերը, նրա ֆիզիկական ոչնչացման սպառնալիքները, մարդկանց անհատական և կոլեկտիվ իրավունքների իրացմանը խոչընդոտելը անցյալի մնացուկներ են և չեն կարող տեղ ունենալ ժամանակակից աշխարհում»,-նշված է Արցախի ԱԳՆ մեկնաբանությունում:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: