ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սահմանադրական դատարանից ազատվելու օրինագիծը ԱԺ-ում է. նպատակը շարունակում է մնալ նույնը՝ ազատվել ՍԴ-ից ցանկացած գնով

Այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել, որի ընթացքում կքննարկվի ՍԴ նախագահին և դատավորներին փոխարինելու օրինագիծը: Օրինագիծը այլընտրանքն է ավելի վաղ հայտարարված հանրաքվեին, որը, երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում անհնար էր անցկացնել: Բայց իշխանությունները չեն պատրաստվում սպասել: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դեռ մեկ տարի էլ գուցե շարունակենք ապրել համավարակի պայմաններում, իսկ ՍԴ-ի հարցում «չենք կարող երկար սպասել»:

Հատկանշական է, որ ՍԴ-ից ազատվելու հարցում իշխանությունների ձեռնարկած բոլոր քայլերը հապճեպ ու իրավաբանական առումով խնդրահարույց են եղել: Արդեն ներկայացրել ենք հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ԱԺ ընդունած որոշման ընթացակարգային ու բովանդակային խախտումները, խոսել ենք  նաև հանրաքվեն չեղարկելու գործընթացի բացթողումների, և, ըստ էության, հակասահմանադրական բնույթի մասին:

Այս վերջին՝ ԱԺ-ում ՍԴ ճգնաժամը հանգուցալուծելու իշխանությունների նախագիծը ևս զերծ չէ խնդրահարույց դրվագներից: Նշենք, որ ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել էր Վենետիկի հանձնաժողովին՝ այս հարցով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով, սակայն, ինչպես տեսանք, իշխանությունները չսպասեցին անգամ այս կարծիքի հրապարակմանը: Ի դեպ, Վենետիկի հանձնաժողովն այսօր արդեն ափսոսանք է հայտնել առ այն, որ  Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը։ «Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հրապարակման օրը, և ՀՀ ԱԺ նախագիծը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին»,– ասված է Վենետիկի հանձնաժողովի հրապարակած տեքստում:

Ի դեպ, ստեղծված իրավիճակի հետ կապված մտահոգություններ է հայտնել նաև խորհրդարանի ընդդիմադիր “Լուսավոր Հայաստան” կուսակցությունը: «Առավոտ 9:30 իմանում ես, որ սահմանադրություն պետք է փոխվի, և այն փոխվում է: Սա լուրջ խնդիր է մեր միջազգային պարտավորությունների առնչությամբ»,- լրագրողների հետ զրույցում նշել էր կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ «Իմ քայլի» պատգամավորների ներկայացրած Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է, որ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունը դադարեցվում է, ինչպես նաև ՍԴ նախագահի պաշտոնավարումը դադարեցվում է, նոր ընթացակարգով պետք է ՍԴ նախագահ ընտրվի: Հատկանշական է, որ չի նախատեսվում նաև ՍԴ դիմելու ընթացակարգ՝ հաշվի առնելով, որ երեք ժամյա ռեժիմ է հայտարարված երկրորդ ընթերցման համար:

Այսպիսով՝ իշխանությունները շարունակում են հնարավորինս արագ և ցանկացած գնով ՍԴ-ից ազատվելու իրենց քաղաքականությունը՝ խորացնելով արդեն իսկ առկա խնդիրները:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    22 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: