ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի ներքաղաքական զարգացումները միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են

Հայաստանի Հանրապետության դատախազությունը մտադիր է բողոքարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ մերժելու Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության կողմից ներկայացված միջնորդությունը: Այս մասին ասվում է ԱԱԾ կողմից հրապարակված տեսանյութում:

Խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի կալանավորման միջնորդությունը հնարավոր դարձավ խորհրդարանում վերջինիս պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո: Նա մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։

Ծառուկյանը պնդում է, որ քրեական գործը շինծու է և կապված է հունիսի սկզբին իր կողմից արված այն հայտարարության հետ, որ կառավարությունը ձախողվել է բոլոր ոլորտներում ու 100 տոկոսով պետք է փոխվի:

Հայաստանում համաճարակի պայմաններում ներքաղաքական ակտիվ զարգացումները հայտնվել են նաև միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ մտահոգություն է հայտնել «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը, որի գործընկեր է հանդիասանում «Բարգավաճ Հայաստանը»:

«Ելնում ենք նրանից, որ ժողովրդավարական պետություններին բնորոշ քաղաքական մրցակցությունը չի իրականացվելու անօրինական մեթոդներով, և ցանկանում ենք մեր հայ գործընկերներին շուտափույթ ելք այս կոնֆլիկտից, որը հնչեղություն է ստացել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս», - ասվում է կուսակցության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Եվրոպական ամենամեծ և ամենազդեցիկ քաղաքական ուժի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավար Դոնալդ Տուսկն էլ հանդես էր եկել հետևյալ թվիթերյան գրառմամբ. «ԵԺԿ-ն անհանգստացած է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի բազմաթիվ դեպքերով: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության վրա ճնշում գործադրելուց»:

«Մենք կոչ ենք անում Վեհաժողովի նախագահին և Եվրոպայի խորհրդի անդամ երկրների կողմից  իրենց պարտավորությունների կատարմանը հետևող հանձնաժողովի զեկուցողներին հնարավորինս շուտ ձեռնարկել համապատասխան քայլեր և շատ ուշադիր հետևել, որ ժողովրդավարական չափորոշիչները պահպանվեն Հայաստանի իշխանության կողմից», - ասվում է Եվրոպական պահպանողական և ժողովրդավարական դաշինքի կողմից տարածված հայտարարության մեջ:

Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին անդրադարձել է նաև միջազգային մամուլը՝ այդ թվում նաև հիշատակելով, որ ընդդիմադիր գործչի նկատմամբ քրեական գործին նախորդել էր վերջինիս կողմից Նիկոլ Փաշինյանի կառավարության հասցեին հնչած կոշտ քննադատությունը:

«Վերջերս Ծառուկյանը մեղադրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը՝ տնտեսությունը խեղաթյուրելու և կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարը տապալելու մեջ», - գրում է բրիտանական Reuters-ը:

BBC-ի ռուսական ծառայությունն էլ, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին, գրել է. «Փխրուն հաշտեցումը տևեց մոտ մեկուկես տարի և ավարտվեց հանկարծակի. հունիսի 5-ին գործարարը հանդես եկավ հայտարարությամբ, որում կառավարության աշխատանքի արդյունքները գնահատեց որպես տապալված և պահանջեց նրա հրաժարականը»:

«Իրավական գործողությունները տեղի են ունեցել Ծառուկյանի և իշխող «Իմ քայլը» դաշինքի, մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև սուր կոնֆլիկտից ավելի քան մեկ շաբաթ անց», - գրում է eurasianet-ը՝ հավելելով. «Նույնիսկ այն բանից հետո, երբ Փաշինյանը 2018-ի գարնանն իշխանության եկավ երկրի երկարամյա օլիգարխներին արմատախիլ անելու խոստումով, նա յուրատեսակ պայմանավորվածություն ձեռք բերեց երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Ծառուկյանի հետ»:

Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների համատեքստում France24-ն անդրադարձել է նաև Հայաստանում  համաճարակաբանական պատկերին՝ մեջբերելով Փաշինյանի կողմից երկրում առողջապահական ճգնաժամը որպես դժոխք որակելը:

«Փաշինյանի կառավարությունը սուր քննադատության է ենթարկվում համավարակին դեմ քայլերի համար, ինչի արդյունքում հիվանդանոցներում տեղ չկա », - գրում է ֆրանսիական պարբերականը:

Երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներում ժողովրդավարության նորմերի, օրենքի գերակայության պահպանումը շատ կարևոր է՝ այդ թվում նաև երկրի միջազգային հեղինակության և դերի տեսանկյունից: Այսօր Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներում այդ նորմերի խախտումը, նման հնչեղ քրեական գործում քաղաքական պատվերի մասին խոսող յուրաքանչյուր, նույնիսկ՝ ամենաչնչին, փաստ կարող է էական վնաս հասցնել երկրի հեղինակությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: