ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը շնորհավորել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի կապակցությամբ։

Ուղերձում նշված է.

«Շնորհավորում եմ Ավրորա մարդասիրական նախաձեռնության հիմնադրման 5-րդ տարեդարձի կապակցությամբ: Նախաձեռնության հիմնադիր անդամներին և ողջ անձնակազմին հղում եմ իմ ջերմ ողջույններն ու լավագույն բարեմաղթանքները:


Ավրորան, անշուշտ, երիտասարդ նախաձեռնություն է, և համոզված եմ դեռ երկար ու արգասաբեր ճանապարհ ունի անցնելու: Սակայն այսօր արդեն իսկ կարող ենք փաստել, որ այն իր անուրանալի լուման է ներդնում աշխարհում մարդասիրական արժեքների սփռման և այդ ճանապարհով խաղաղության ամրապնդման գործում: Այն իր գործունեությամբ նպաստում է մարդկության առաջընթացին և արդարության, խաղաղության ու համերաշխության սկզբունքների հաստատմանը:

Տարեցտարի ընդլայնվում են նախաձեռնության աշխարհագրությունը և գործունեության ոլորտները: Այն այլևս ճանաչելի է աշխարհում և հաստատուն տեղ է զբաղեցնում միջազգային այլ հեղինակավոր կառույցների շարքում:

Ավրորան իր գործունեության միջոցով նպաստում է նաև Հայաստանի և հայ ժողովրդի հեղինակության բարձրացմանն ու ճանաչելիության ընդլայնմանն աշխարհում: Այն անկասկած դարձել է մեր ժողովրդի յուրատեսակ այցեքարտերից մեկը:

Նախաձեռնության հիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանը հիրավի մեծ և ազնիվ գործ են կատարել: Մարդասիրությունը փառաբանելու և խաղաղության ու մարդկության առաջընթացին ծառայելու անմնացորդ նվիրումը քաջալերելու միջոցով նրանք հասել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակն անմահացնելու իրենց գաղափարի իրականացմանը:

Ցավոք, ժամանակակից աշխարհում հակամարտություններն ու պատերազմների ողբերգություններն ամենուրեք են։ Ավրորայի մրցանակաբաշխությունը հենց այն գործիքներից է, որը հիրավի կարևոր ներդրում է կատարում մարդկային ողբերգությունների կանխարգելման և խաղաղության հաստատման գործում: Ավրորան սատարում ու մեծարում է այն անհատներին, ովքեր, անտեսելով բոլոր դժվարություններն ու վտանգները, գործում են հանուն մարդկային կյանքի, առողջության, արժանապատվության ու իրավունքների պաշտպանության, հանուն խաղաղության։

Կրկին շնորհավորելով Ավրորայի 5-րդ տարեդարձը՝ իմ հիացմունքն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աշխատում են այս նախաձեռնության ծրագրերը կյանքի կոչելու համար:

Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: