Թուրքիայի տարածաշրջանային դերի վտանգի աստիճանն աճում է թուրքական ղեկավարության ծավալապաշտական նկրտումների աճի ֆոնին՝ հիմնված կայսրության ֆանտոմային հիշողությունների վրա, որը, նախքան իր գոյությունը դադարելը, 1915թ. իրականացրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը: Հավակնությունների հետ մեկտեղ, Թուրքիայի ներկայիս իշխանությունները մոռացության մատնված կայսրությունից ժառանգություն են ստացել ոչ միայն նրա քաղաքականությունը, այլև դրա իրականացման հանցավոր րրեղանակներն ու միջոցները: Հատկանշական է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ծագել է 1918թ.-ին` հենց Հարավային Կովկասում թուրքական զորքերի ռազմական միջամտության արդյունքում: Շարունակելով 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը, 1918թ.-ին թուրքական զորքերը ներխուժել են Արցախ և իրականացրել Շուշիի հայ բնակչության կոտորածը: Սակայն Արցախը անկախության կարճատև պատմություն ունեցած Ադրբեջանին հպատակեցնելու թուրքական զորքերի բոլոր փորձերն ավարտվել են լիակատար ձախողմամբ: Ավելի քան հարյուր տարի անց, Թուրքիան փորձում է հետ շրջել պատմության անիվը:
Թուրքիայի էական դերը Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ կատարված հանցագործություններում ունի բավարար փաստագրական ապացույցներ և կասկածից վեր է: Անկարայի պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն Ադրբեջանի իշխանությունների ձեռքերով հանցագործությունների ուղղակի կատարմամբ, այլև ներառում է հանցավոր գործողությունների վերահսկում և ղեկավարում ինչպես նախապատրաստական փուլում, այնպես էլ դրանց կատարման ընթացքում: Թուրքիայի գործողությունները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում ավելին են, քան պարզապես օգնությունն ու Ադրբեջանին նոր հանցագործությունների դրդումը: Թուրքիայի ղեկավարների այս դիրքորոշումը հանցավոր վարքի բաղկացուցիչ մասն է և վկայում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև պայմանավորվածության առկայության մասին` համակարգված քայլերի և նրանց զավթողական ծրագրերի իրականացման վրա համատեղ վերահսկողության միջոցով ընդհանուր նպատակի հասնելու համար: Միջազգային հանրությունը պետք է լիովին գիտակցի, որ Թուրքիան, Ադրբեջանի հետ միասին, կրում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խախտման համար ողջ պատասխանատվությունը և պետք է հավասարապես էլ պատասխանատվության ենթարկվի միջազգային իրավունքի նորմերի և ՄԱԿ-ի կանոնադրության հետևողական խախտման համար:
Այս բոլոր գործողություններից հետո Թուրքիան այլևս չի կարող համարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ինչպես նաև որևէ ձևով մասնակցել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ շրջանակներում միջնորդական առաքելության իրականացման հետ կապված գործողություններին: Թուրքիան պետք է բացառվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից, քանի որ նրա ներկայությունը այս միջազգային միջնորդական կառույցում կնշանակի Արցախի Հանրապետության դեմ պատերազմ սանձազերծելուն ուղղված ապակառուցողական և հանցավոր գործողությունների խրախուսում:
Մենք կրկին շեշտում ենք, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանը, Թուրքիայի ուղղորդմամբ, անտեսում է միջազգային հանրության կոչերը` անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, և հետևողականորեն հրաժարվում է լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կդառնա համաշխարհային հանրության հավաքական ներդրումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման, ինչպես նաև բանակցությունների միջոցով մնացած բոլոր հարցերի լուծման համար պայմաններ ստեղծելու գործում:
Բացի այդ, կայուն իրավական հիմքերի և Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման օրինական արդյունքների ճանաչումը կդառնա արդյունավետ գործոն Արցախի Հանրապետության նկատմամբ թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը զսպելու համար, որից ոչ Բաքուն, ոչ էլ Անկարան չեն պատրաստվում հրաժարվել:
Կարծում ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը լիովին տեղավորվում է քաղաքակիրթ աշխարհի և, առաջին հերթին՝ այն երկրների քաղաքական և մարդասիրական պարտավորությունների շրջանակներում, որոնք ճանաչել և դատապարտել են 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը», - նշված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։