ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարո Փայլանն արցախյան հիմնահարցի վերաբերյալ գրավոր առաջարկ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը արցախյան հիմնահարցի վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու մասին գրավոր առաջարկ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարանին։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթի կայքը։

Աղբյուրի համաձայն՝ Փայլանի առաջարկում մասնավորապես նշված է․

«Լեռնային Ղարաբաղում շարունակում են Ադրբեջանի և Հայաստանի ուժերի միջև բախումները՝ տարաշածրջանում սպառնալիքի տակ դնելով խաղաղությունը։ ԹԱՄԺ-ը պետք է պատասխանատվություն ստանձնի՝ ադրբեջանցի և հայ ժողովուրդների համար մի նոր պատուհաս դարձած այս պատերազմը կանգնեցնելու և մնայուն խաղաղություն հաստատելու համար։

Թեև Ղարաբաղի հարցը արդեն 30 տարուց ավել է, որ չի լուծվել, սակայն ԹԱՄԺ-ի կողմից այն որևէ համապարփակ քաղաքական ուսումնասիրության չի ենթարկվել։ «Քաջագործությունները» գովերգող քաղաքականությունը և ատելություն սերմանող արտահայտությունները վտանգի տակ են դնում հասարակական և տարածաշրջանային խաղաղությունը։ Հարկ է ժամ առաջ դադարեցնել այս պատերազմը, որը ոչ մի շահող չի ունենալու։ Պետք է ապահովել, որ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բանակցային սեղանի շուրջ հանդիպեն՝ մնայուն խաղաղություն հաստատելու նպատակով։

Այդ պատճառով, Սահմանադրության 98-րդ ու ներքին կանոնադրության 104-րդ և 105-րդ հոդվածների հիման վրա, առաջարկում ենք, որ ղարաբաղյան հարցի համապարփակ ուսումնասիրության և զինադադարի ու մնային խաղաղության հաստատման համար սահմանվեն մեր երկրի անելիքները, որոշակիացվեն այն քայլերը, որ պետք է մեր պետությունը ձեռնարկի՝ որպես այս խնդրի լուծման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ուսումնասիրվի այն ազդեցությունը, որ տարաշածրջանային և մեր ներքին խաղաղության վրա թողնում է մեր իշխանության վարած այն քաղաքականությունը, որն աջակցում է պատերազմին»։

Փայլանն իր գրավոր առաջարկը հիմնավորել է հետևյալ դրույթներով․

 

«Ինչպես դարեր շարունակ, այնպես էլ Խորհրդային Ադրբեջանում և Խորհրդային Հայաստանում համատեղ ապրած հայ և ադրբեջանցի ժողովուրդները ԽՍՀՄ-ի փլուզման գործընթացի ժամանակ մեծ տառապանքներ են կրել այն պատերազմի և պոգրոմների ընթացքում, որոնց տեղիք է տվել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այդ ընթացքում, 1988 թ․ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում, իսկ 1990 թ․՝ Բաքվում հայերի դեմ պոգրոմներ են իրականացվել։ Պատերազմից առաջ և հետո այս երկու երկրներից ադրբեջանցիներ և հայեր են աքսորվել։ Ղարաբաղում ընթացող պատերազմի ժամանակ՝ 1992 թ․ Խոջալուում կատարված կոտորածի պատասխանատուները մինչ այժմ չեն պատժվել։

 

1994 թ․ մայիսի 5-ին Բիշքեքում Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների միջև զինադադարի մասին պայմանագիր է կնքվել։ Սակայն մինչ օրս մնայուն խաղաղություն հաստատելուն միտված նախաձեռնություններն անարդյունք են մնացել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամները, որում ընդգրկված է նաև մեր երկիրը, բավարար չափով պատասխանատվություն չեն ստանձնել խաղաղություն հաստատելու համար։ Միջազգային ուժերը, գլխավորապես՝ Ռուսաստանն ու Թուրքիան սույն հարցը օգտագործել են՝ որպես տարածաշրջանում տիրապետող ուժ դառնալու ուղղությամբ իրենց հաշվարկների գործիք։ Մեր երկիրը, այն տարեթվից սկսած, երբ ղարաբաղյան հիմնահարցն ի հայտ եկավ, կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերել՝ գիտակցաբար ցեղապաշտական մղումներ ունենալով։ Շուրջ 30 տարի է, որ Հայաստանի հետ մեր սահմանը փակ է, և դիվանագիտական հարաբերություններ չունենք։ Այս հարցում մեր ցուցաբերած կողմնակալ վերաբերմունքը բարդացրել է դրա լուծումը և մեծացրել Ռուսաստանի տարածաշրջանային դերը։ Բացառություն եղան միայն 2009 թ․ ընթացած «ֆուտբոլային դիվանագիտությունը» և Թուրքիայի ու Հայաստանի միջև ստորագրված արձանագրությունները։

 

Այն դեպքում, երբ 2020 թ․ սեպտեմբերի 27-ից սկսած բախումները դադարեցնելու նպատակով բոլոր երկրներն ու միջազգային կազմակերպությունները զինադադարի կոչեր արեցին, պատերազմը շարունակելու կողմնակից միակ երկիրը Թուրքիան դուրս եկավ։ Իշխանությունն իր այդ դիրքորոշմամբ բենզին լցրեց այն հրդեհի վրա, որից չի շահելու։ Թուրքիայի քաղաքացիները տարբեր ինքնություններ ունեն։ Ունենք ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ քաղաքացիներ։ Այս պատերազմում մեր իշխանության ցուցաբերած կողմնակալ դիրքորոշումը և ատելության քարոզչությունը տեղիք են տվել, որ հայ ժողովուրդն ապրի «աղավնու այն անհանգստությունը», որն զգում էր Հրանտ Դինքն սպանվելուց առաջ։ Հայոց պատրիարքարանի առաջ և հայաշատ թաղամասերում կազմակերպված ազգայնամոլական ցույցերը մեծացնում են այդ անհանգստությունը։

 

Եթե Թուրքիան ղարաբաղյան հարցում խաղաղ լուծման կողմնակից լինի, ապա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը, Սումգայիթում, Բաքվում և Խոջալուում տեղի ունեցած մարդկային ողբերգությունների համար արդարության վերականգնումը, ժողովուրդների միջև համագոյակցելու մշակույթի վերահաստատումը, փախստականների՝ սեփական բնակավայրեր վերադարձը և մնայուն խաղաղության հաստատումը հնարավոր կդառնան։

 

Այդ պատճառով պահանջում ենք, որ մեջլիսում ուսումնասիրություն իրականացվի, որպեսզի ԹԱՄԺ-ը պատասխանատվություն ստանձնի ուսումնասիրելու հետևյալ հարցերը․ Ղարաբաղի հարցը ենթարկվի համապարփակ հետազոտության, հստակեցվեն այն քայլերը, որ պետք է ձեռնարկի մեր երկիրը՝ զինադադարի կնքման և մնայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ, որոշակիացվեն այն անելիքները, որ կարող է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եղող մեր երկիրը, ուսումնասիրվի այն ազդեցությունը, որ մեր տարածաշրջանային և ներքաղաքական խաղաղության վրա թողնում է մեր իշխանության վարած՝ պատերազմին աջակից քաղաքականությունը»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: