ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը չի կարող համարվել ԼՂ հիմնախնդրի համապարփակ հանգուցալուծում․ Մնացականյան

Նոյեմբերի 12-ին նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ: 

Մտքեր փոխանակվեցին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությանը հաջորդած իրադրության շուրջ: Այս առնչությամբ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ վերոնշյալ հայտարարությունն ուղղված է հրադադարի հաստատմանը և Արցախում խաղաղապահների տեղակայմանը և չի կարող համարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ հանգուցալուծում: 

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչներն անդրադարձան նաև Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ծրագրման, հրահրման և իրականացման գործում Թուրքիայի առանցքային դերին, որն արտահայտվեց ինչպես ռազմական գործողություններում անմիջական ներգրավվածությամբ, այնպես էլ՝ հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավման ձևով: ՀՀ ԱԳ նախարարը հստակ ընդգծեց Արցախում իրականացվելիք խաղաղապահ գործողություններում Թուրքիայի որևէ դերակատարության բացառումը՝ չնայած այդ ուղղությամբ վերջինիս կողմից ձեռնարկվող քայլերին:

Նախարար Մնացականյանը կարևորեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից տեղում շուտափույթ քայլերի ձեռնարկումը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորը մտահոգություն հայտնեց Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ճակատագրի առնչությամբ: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ միջազգային հանրությունը քաջատեղյակ է հայկական ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից ցուցաբերված բարբարոսական վերաբերմունքի մասին, որի արդյունքում թե՛ Նախիջևանում, թե՛ բուն Ադրբեջանի տարածքում և թե՛ Արցախի՝ առաջին արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հիմնովին ոչնչացվել են հայկական ժառանգության կոթողները: 

Զրուցակիցներն ընդգծեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության շարունակականության ապահովման կարևորությունը՝ որպես միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափ: Այս առնչությամբ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող բոլոր հարցերը ենթակա են քննարկման բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, և հենց այս ձևաչափում է, որ լիարժեքորեն հասցեագրվելու են արցախահայության շահերը: Որպես առաջնահերթություն՝ ԱԳ նախարարը շեշտեց Արցախի կարգավիճակի և արցախահայության համապարփակ անվտանգության լիարժեք երաշխավորման անհրաժեշտությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: