ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անհրաժեշտ է ի գին ամենի պահպանել ազգային ﬕասնականությունը. Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ՝ Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադարձ կատարելով Հայաստանում և Արցախում հետպատերազմյան իրավիճակին, հանդես եկավ հայտարարությամբ։

«1․ Վերջին շաբաթներին, Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական ցանցերի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների պայմաններում, մեր հավատավոր ժողովուրդը հայրենիքում և սփյուռքում ապրեց անհուն ցավով և աղոթքով առ Աստված՝ ուժերի ներածին չափով ջանալով աջակցել արցախահայությանը, Արցախի Պաշտպանության բանակին և ի լուր աշխարհի բարձրաձայնել Արցախի ազատ ու անկախ կյանքի իրավունքի մասին՝ շարունակելով ապավինել մեր զինվորի հաղթական ոգուն։

2. Անվիճարկելի ու կենսական է հրադադարի պահպանումը և տարածաշրջանում տևական ու հուսալի խաղաղության ապահովումը: Այնուամենայնիվ, հրադադարի վերաբերյալ նոյեմբեր 10-ի եռակողմ հայտարարությունը, դրանից բխող հետևանքները և առկա անորոշությունները, Արցախի մի հատվածի կորստի փաստը հանկարծակիի բերեցին հանրությանը՝ հանգեցնելով արդար ընդվզման, ինչն իր հերթին հղի է մեր երկրի ներքաղաքական ապակայունացմամբ և սպառնում է կանգնեցնել հայրենիքը նոր վտանգների առջև։

3. Այս օրերին կոչված ենք տուրք չտալ մեր զգացմունքներին և առաջնային կերպով երախտիքի բացառիկ դրսևորմամբ հարգել հիշատակը մեր հերոս զավակների, որոնք իրենց կյանքն ընծայեցին հանուն մեր հայրենիքի, և զորակցել նրանց ընտանիքներին ու մեր ողջ ժողովրդին, ինչպես նաև պատշաճ կերպով դիմավորել 44 օր շարունակ, ի գին ամեն զրկանքի, հերոսական մարտեր մղած քաջարի մարտիկներին:

4. Անցնող այս ժամանակահատվածում կայացված որոշումների, հակամարտության այսօրինակ հանգուցալուծման և ազգային համերաշխության վերականգնման համար, միմիայն օրինականության նկատմամբ անվերապահ հարգանքով, պետք է պատասխանատվություն կրեն բոլոր պատկան մարմինների իրավասու պաշտոնյաները՝ չբացառելով նաև հրաժարականների հավանականությունը։

5. Հարկ է պահպանել իրավունքի գերակայությունը և քաղաքական բոլոր գործընթացները լուծման առաջնորդել ՀՀ Սահմանադրության շրջանակներում։ Ընդսմին առկա պայմաններում անթույլատրելի է ավելացնել մեր ժողովրդի ցավը` ավելի վտանգելով պետության և մեր ժողովրդի ապագան։ Առաջին հերթին իշխանությունները, խորհրդարանական ընդդիմությունը և բոլոր հասարակական-քաղաքական միավորները պետք է անհապաղ ձեռնամուխ լինեն երկխոսության՝ համագործակցության մթնոլորտում լուծումներ գտնելու խնդիրների կարգավորման համար։ Որևէ շեղում այս ուղուց չի կարող ընդունելի նկատվել մեր ժողովրդի ու Եկեղեցու կողմից։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ի գին ամենի պահպանել ազգային մեր միասնականությունը և հեռու մնալ այն խաթարող քայլերից։

6. Հետևելով այս օրերին հրապարակավ հնչող պաշտոնյաների ելույթներին, Երևանում տեղի ունեցող ընդդիմադիր ուժերի հանրահավաքներին և ցույցերին՝ այսու հորդորում ենք ՀՀ վարչապետին, իշխանության ներկայացուցիչներին և ընդդիմությանը՝ զերծ մնալ ատելություն և թշնամանք հրահրող արտահայտություններից, սպառնալիքներից ու նմանօրինակ գործողություններից։ Բռնության ցանկացած դրսևորում, կորստի ցավը կրող մեր ժողովրդին առավել վհատեցնող և բորբոքող արարք պետք է արժանանա պարսավանքի։ Դատապարտում ենք Ազգային ժողովի նախագահի և որևէ այլ անձի նկատմամբ կիրառված բռնությունները, միևնույն ժամանակ քաղաքական ենթատեքստով որևէ բռնաճնշում:

7. մեր հորդորն է Ազգային ժողովին և հատկապես մեծամասնական խմբակցությանը, երկրի շահերի բարձր գիտակցությամբ քաղաքական պատասխանատվություն դրսևորելու և վերականգնելու ԱԺ բնականոն աշխատանքը՝ իրավիճակի թելադրությամբ դրանից բխող բոլոր պարտավորություններով հանդերձ։ Հարկ է ականջալուր լինել ժողովրդի ձայնին և հաղորդ հանրության հիասթափություններին և պահանջներին՝ գործել անձնական և կուսակցական շահերից վեր, պետական մտածողության բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ։ Հայրենիքն այսօր կարիքն ունի անհապաղ քայլերի ձեռնարկման:

8. Ամենքիս սրբազան պարտքն է Հայաստանում և սփյուռքում մեր գործուն ներդրումը բերելու այս վիճակի հաղթահարմանն ի նպաստ։ Հանձնառություն պիտի դրսևորենք նաև ըստ ամենայնի զորակցելու արցախահայությանը և Արցախի իշխանություններին վերակազմակերպելու մեր ժողովրդի զավակների կյանքը։ Այդ ուղիով պետք է պաշտպանենք հայրենի հողի վրա ապրելու մեր իրավունքը։ Արցախը չպետք է հայաթափվի։

9. Առանձնակի ցավով ենք անդրադառնում հանձնվելիք տարածքներում մեր ինքնության բազմադարյա վկաների՝ մատուռների, եկեղեցիների ու վանքերի, ամրոցների, պատմամշակութային կոթողների ու թանգարանների որբացման իրողությանը։ Կոչ ենք անում պատկան պետական մարմիններին և սփյուռքյան կարող ուժերին, համախորհուրդ Հայոց Եկեղեցու հետ, ամեն ջանք ի գործ դնելու՝ փրկելու դրանք Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքով հետագա ավերից:

10․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի զորակցությամբ պիտի շարունակի իր ջանքերը ներդնել երկրում միասնականության ու համերաշխության մթնոլորտի հաստատման և անհրաժեշտ գործընթացները օրինական ուղիներով առաջնորդելու համար։

մեր խոնարհումն ենք բերում հայրենիքի պաշտպանության սրբազան գործում անօրինակ սխրանքներ դրսևորած մեր բոլոր քաջարի զինվորներին, զորականներին և աշխարհազորայիններին։ Նաև աղոթում ենք ռազմական հանցավոր գործողությունների հետևանքով զոհված հայորդիների հոգիների հանգստության համար, հայցելով Ամենազոր Սուրբ Հոգու մխիթարության ու սփոփանքի շնորհները նահատակված մեր զավակների ընտանիքներին, հարազատներին և մեր ողջ ժողովրդին: Ապաքինում ու հոգու նորոգություն ենք մաղթում վիրավորված մեր զինվորներին՝ հայցելով Տիրոջ զորակցությունն ու օգնականությունը նրանց:

Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի զավակներին այս դժվարին պայմաններում պահպանել զգոնությունը, ողջախոհությունը և հավատն ու վստահությունը, որ միաբան ընթացքով մենք ի զորու ենք դուրս գալու ստեղծված բարդ իրավիճակից, հաղթահարելու խնդիրներն ու հառնած մարտահրավերները և միասնականությամբ կերտելու հզորությունը մեր հայրենիքի, նորոգ հաղթական առաջընթացը և լուսավոր գալիքը մեր ժողովրդի։ 

Աղոթում ենք, որ Ամենողորմ Տերն Իր սիրով ու օրհնությամբ անսասան, ապահով ու խաղաղ պահի հայրենի մեր երկիրը՝ տոկունություն և կորով պարգևելով մեր ողջ ժողովրդին»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: