ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արդեն շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել․ Արցախի ՄԻՊ

Նոյեմբերի 13-ից մեկնարկած՝ անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացի արդյունքում արդեն շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել: Այս մասին տեղեկացնում է  ԱՀ ՄԻՊ-ը:

Աշխատանքները մեկնարկել էին Շուշիի հատվածում՝ վերջին օրերին ընդլայնվելով նաև Մարտունու, Կարմիր շուկայի ու Մատաղիսի ուղղություններով: Բանակցություններ են ընթանում նաև մյուս հատվածներում փոխանակման ու որոնման աշխատանքների իրականացման շուրջ:

Շուշիի մերձակայքից օրեր առաջ գտնվել է ոստիկանության մեկ վիրավոր ծառայող, ով ավելի քան վեց օր շարունակ թաքնվել էր անտառում և փրկվել որոնողական աշխատանքների արդյունքում: Ցավոք, առ այսօր ոչ մի այլ կենդանի զինծառայողի հնարավոր չի եղել գտնել:

Մի խումբ մարմինների նախնական փորձաքննության արդյունքներով արձանագրվել են վիրավորների սպանության ու զոհվածների մարմինների խեղման դեպքեր: Շուշիից գտնվել է երեք քաղաքացիական անձի մարմին, որոնք դաժանաբար սպանվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից:

Ինքնությունը պարզված մարմինները փոխանցվում են հարազատներին, իսկ երբ օբյեկտիվորեն հնարավոր չի լինում տեղում պարզել ինքնությունը, դա արվում է ԴՆԹ անալիզների արդյունքների հիման վրա:

Անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից՝ պաշտպանության նախարարությունների աջակցությամբ: Իսկ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աջակցում է տվյալների հավաքագրման ու մշակման հարցում, ինչպես նաև փաստահավաք առաքելության շրջանակներում արձանագրում է մարդու իրավունքների խախտումները:

«Շատ կարևոր է, որ բոլոր պետական ու միջազգային կառույցներն աշխատեն առավելագույնս արդյունավետորեն ու օպերատիվորեն, որպեսզի հնարավոր լինի փրկել կենդանի անհայտ կորածների ու ռազմագերիների կյանքերը և հարազատներին հասցնել մեր զոհված հերոսների մարմինները: Ես էլ փորձում եմ իմ լիազորությունների սահմաններում ու դրանցից դուրս կատարել բոլոր հնարավոր քայլերը այդ նպատակին աջակցելու ուղղությամբ: Նշեմ, որ գերեվարված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մասով էլ մեր աշխատակազմում կատարվում են փաստահավաք աշխատանքներ՝ պարբերաբար տեղեկություններ փոխանցելով Կարմիր խաչին ու պետական լիազոր մարմիններին:

Կրկին իմ խորին ցավակցությունները, հպարտությունն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլոր զոհվածների հարազատներին. ձեր զավակները, եղբայրներն ու հայրերը զոհվել են բոլորիս համար, և բոլորս էլ ցմահ պարտք ենք նրանց, ձեզ ու Հայրենիքի բոլոր պաշտպաններին»,- գրել է Արտակ Բեգլարյանը:

Նա հավելել է․ «Նշված ուղղություններով փոխանակումներն ինքնին չեն նշանակում, որ ադրբեջանական կողմից փոխանցված մարմինները նույն հատվածից են գտնվել. դեպքեր կան, որ այլ հատվածում գտնված մարմինները փոխանցվել են մեզ մեկ այլ հատվածում: Տեղյակ եմ, որ ԱՀ ու ՀՀ պետական մարմինների հատուկ ուշադրության տակ է հարավային ուղղությունը, հուսամ՝ միջազգային գործընկերների աջակցությամբ այդ առումով ևս շուտով նորություններ կլինեն»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: