ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօր մենք կարիք ունենք շրջադարձային որոշումների. ՀՀ նախագահի կոչը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել կոչով, որում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մեր երկիրը՝ որպես պետություն, և մեր հասարակությունը, բոլորս միասին գտնվում ենք հետպատերազմյան խորը ճգնաժամի մեջ: Սա պետք է արձանագրել առանց ձևականության, առանց ինքներս մեզ խաբելու և, միաժամանակ, առանց հուսահատության: Պետք է ամբողջությամբ գիտակցենք և ընդունենք այդ ճգնաժամի գոյությունն ու ամեն ինչ անենք այն հաղթահարելու համար: Միասին, ձեռք ձեռքի տված:

Անկախ զբաղեցրած պաշտոնից, քաղաքական համոզմունքներից ու հայացքներից, անձնական համակրանքներից ու հակակրանքներից, մենք պետք է մտածենք մեր պետության, երկրի ու ժողովրդի ապագայի մասին:

Մեզնից յուրաքանչյուրն իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, դժգոհությունը եւ իշխանություններից բացատրություն պահանջելու պատերազմի հետևանքով մեզ պատճառված ահռելի մարդկային և տարածքային կորուստների համար:

Կառավարությունը չի կարող գործել 2018թ. հանրային տրամադրությունների ոգով: Այսօրվա իրականությունը բոլորովին այլ է:

Այս լարված ու բարդ օրերին դիմում եմ բոլորիդ՝ ձեր յուրաքանչյուր գործողություն պետք է լինի օրենքին համապատասխան, պետք է լինի իրավաչափ:

Դիմում եմ նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ կարգ ու կանոնի պահպանումը կարևոր է: Միաժամանակ հիշեք, որ ձեր առջև, Երևանի փողոցներում մեր հայրենակիցն է, մեզնից մեկը՝ կին, թե տղամարդ, երիտասարդ, թե տարեց: Նրանց մեջ են նաև մարդիկ, ովքեր մի քանի օր առաջ պաշտպանում էին հայրենիքը, մեզանից յուրաքանչյուրին, ձեզ:

Անթույլատրելի ու անընդունելի են ցանկացած բռնություն և ոչ համաչափ ուժի ու միջոցների կիրառումը: Ձեր գործողություններում պետք է դրսևորեք պատասխանատվություն, մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշներ:

Այսօր մենք կարիք ունենք շրջադարձային որոշումների: Լուծումները պետք է լինեն ազգային համաձայնության շրջանակում: Մենք պետք է կարողանանք վերականգնել հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մթնոլորտը, ի մի բերել մեր ժողովրդի բոլոր դրական ու կենսական որակները և դրանք վերածել հավաքական ուժի, որը կլինի մեր հետագա հաջողությունների գրավականը: Հանրապետության նախագահի և նախագահական ինստիտուտի գործունեությունն ուղղված է հենց այդ նպատակին:

Աստված պահապան բոլորիս»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: