ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դիվանագետին և մաղթել արդյունավետ աշխատանք ի շահ հայ-չինական կապերի զարգացման: Վարչապետը գոհունակությամբ է հիշել 2019թ. Չինաստան կատարած իր այցը և ՉԺՀ նախագահի ու վարչապետի հետ տպավորիչ հանդիպումները, որոնց արդյունքով ձեռք բերված պայմանավորվածությունները հաջող իրականացվում են: «Հայաստանն ու Չինաստանը ինտենսիվ հարաբերություններ ունեն, չինական բիզնեսը, մշակույթը, կրթությունը շոշափելիորեն ներկայացված են մեր երկրում: Մենք պատրաստակամ ենք հետևողականորեն խորացնելու համագործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար և մյուս ուղղություններով», - ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2020թ., չնայած համավարակով պայմանավորված դժվարություններին, Հայաստանից Չինաստան արտահանման ծավալն ավելացել է, ինչը երկկողմ առևտրաշրջանառության դրական դինամիկայի մասին է վկայում: Վարչապետը երախտագիտություն է հայտնել ՉԺՀ կառավարությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՀՀ առողջապահության ոլորտին տրամադրած օժանդակության համար:

ՉԺՀ դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, պատիվ է համարել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքերը հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում: Նրա խոսքով՝ երկու երկրներին կապում է փոխադարձ վստահությունն ու ըմբռնումը, և Չինաստանի կառավարությունը կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախում պատերազմից հետո ստեղծված իրավիճակի շուրջ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԼՂ հակամարտության հարցում Չինաստանի անկողմնակալ դիրքորոշման համար՝ նշելով, որ դեռևս չլուծված է մնում ԼՂ կարգավիճակի հարցը, և Հայաստանը կարևորում է բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Անդրադառնալով հումանիտար ասպեկտին՝ Ն. Փաշինյանն ընդգծել է, որ առաջնահերթություն է մնում գերիների վերադարձը, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը:

Ֆան Յոնգը նշել է, որ Չինաստանը սատարում է տարածաշրջանում անվտանգության, կայունության, խաղաղ համագործակցության կայացմանը և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր: Տնտեսական կապերի զարգացման համատեքստում անդրադարձ է եղել Հայաստանում չինական ներդրումների ավելացման, ապրանքաշրջանառության աճի, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման, զբոսաշրջային հոսքերի ակտիվացման, նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հնարավորություններին: Երկուստեք հեռանկարային է համարվել բարձր տեխնոլոգիաների, կրթության, հումանիտար ոլորտներում գործակցությունը: Վարչապետն առաջարկել է չինական ընկերություններին ներկայացնել նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող ներդրումային հնարավորությունները, ՉԺՀ դեսպանը վստահեցրել է, որ տեղեկատվությունը կփոխանցվի չինական բիզնես շրջանակներին:

Չինաստանի դեսպանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել «Շանհայ Էքսպո - 2021» ցուցահանդեսին մասնակցելու հրավերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: