ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29,501.84 դրամ ԱՐԾԱԹ - 429.55 դրամ ՊԼԱՏԻՆ - 19,962.26 դրամ

Գերագույն հոգևոր խորհուրդը եզրափակել է քառօրյա ժողովը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ փետրվարի 23-ից 26-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը՝ ընդլայնված կազմով: Ժողովի նիստերն ատենապետել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։ 

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ քառօրյա ժողովի ընթացքում քննարկվել են պատերազմի հետևանքով արձանագրված կորուստների, ներքաղաքական իրավիճակի, հետպատերազմյան վտանգների, զոհվածների ընտանիքների, գերության մեջ հայտնվածների, անհայտ կորածների, պատերազմից տուժած մյուս անձանց, ինչպես նաև Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հետ առնչված խնդիրներ և անդրադարձ է կատարվել հիշյալ հարցերի ուղղությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից ձեռնարկվող քայլերին։

 ԳՀԽ անդամները կարևորել են եկեղեցու հետևողական ջանքերը՝ ի նպաստ հանրային կյանքում առկա զանազան մարտահրավերների հաղթահարման։ Մասնակիցներն անհրաժեշտ են համարել շարունակելու դեռևս պատերազմի օրերին եկեղեցու նախաձեռնած հումանիտար աջակցության ծրագրերը՝ թեթևացնելու պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները, նպաստելու Հայաստանում ապաստան գտած արցախցի ընտանիքներին հնարավորության դեպքում վերադառնալ իրենց բնակության վայրերը։

Գերագույն հոգևոր խորհուրդն ի մասնավորի թելադրել է շարունակել գերության մեջ հայտնվածների վերադարձի և անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Մասնավոր մտահոգություն է արտահայտվել ՀՀ Զինված ուժերի հրամանատարության փետրվարի 25-ի հայտարարության և վարչապետի արձագանքին հետևած նոր լարվածության կապակցությամբ, որի առնչությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել առանձին հայտարարությամբ։

ԳՀԽ անդամներին ներկայացվել է նաև Մայր Աթոռի Կրթական հարցերով ենթախմբի զեկույցը ԿԳՄՍ նախարարության կողմից նախաձեռնված կրթական բարեփոխումների և ի մասնավորի՝ հանրակրթական դպրոցում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հետագա դասավանդման շուրջ նախարարության ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումների արդյունքների վերաբերյալ։

Տեղեկացվել է, որ ենթախումբը կրթական բարեփոխումների կարևորությունը դիտարկում է ապագա սերնդի բացառաբար հոգևոր-ազգային կրթության և դաստիարակության համատեքստում և այս ուղղությամբ պնդում է Հայոց Եկեղեցու պատմության ամբողջական ծավալով, իբրև առանձին առարկա ուսուցման անհրաժեշտությունը։ Միաժամանակ մտահոգություն է արտահայտվել պետական լիազոր համապատասխան մարմնի կողմից առարկայի առչությամբ որդեգրված ոչ ընդունելի մոտեցումների կապակցությամբ։

Գերագույն հոգևոր խորհուրդը, ընդգծելով «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման կարևորությունը, թելադրել է ենթախմբին մեկ անգամ ևս գրությամբ ԿԳՄՍ նախարարության ուշադրությանը հանձնել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հետ կապված Եկեղեցու դիրքորոշումները։

Քննության են առնվել նաև բարեգործական որակվող ծրագրերի շրջանակներում Մայր Աթոռի կողմից իրականացվող մի շարք ծառայությունների և աշխատանքների հետ կապված հարցեր։ Ընդգծվել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարոգործական մի շարք ծրագրեր պետական համապատասխան լիազոր կառույցի կողմից որակվել են որպես այդպիսին և աշխատանքներն այդ ուղղությամբ ընթանում են։ Միաժամանակ մտահոգությամբ արձանագրվել է, որ որոշ խնդիրներ են առաջացել Մայր Աթոռի կողմից ներկրվող ապրանքների, մասնավորապես՝ մոմի հումքի մաքսազերծման հարցում։ Առաջացած հիշյալ խնդիրների պատճառով էապես նվազել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոմերի պաշարները, ինչն առաջիկայում դժվարացնելու է եկեղեցիներում մոմավառության պատշաճ կազմակերպման գործընթացը։

Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն իրենց տարակուսանքն են արտահայտել դրսևորված նման մոտեցումների առիթով՝ նկատի ունենալով, որ եկեղեցին երբևէ, անգամ խորհրդային շրջանում, նման դժվարությունների առջև չի գտնվել։ Գերագույն հոգևոր խորհուրդը թելադրել է Մայր Աթոռի համապատասխան կառույցներին պետական պատկան մարմինների հետ քննարկել հիշյալ խնդիրները և հետամուտ լինել դրանց կարգավորմանը։

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում ներկայացվել են զեկույցներ և քննարկումներ ծավալվել Ազգային-Եկեղեցական ժողովի գումարման կազմակերպչական աշխատանքների, Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքի մասին։

Ներկայացվել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2020 թվականի գործունեության տեղեկագիրը։

Ժողովը փակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գնահատանքի խոսքով և աղոթքով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 54%
Քամի՝ 8 կմ/ժ
12 C°
 
11°  24° 
19.04.2021
15°  27° 
20.04.2021
Հարցում

Կո՞ղմ եք Covid-19 պատվաստումներին, եթե Հայաստանում նման գործընթաց սկսվի: