ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միայն Արցախի կարգավիճակի որոշումը կարող է հիմք հանդիսանալ տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության համար. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը  հայտարարություն է տարածել 2016 թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հինգերորդ տարելիցի կապակցությամբ:

«Հինգ տարի առաջ՝ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական իշխանությունները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման հանձնառությունը՝ լայնածավալ ռազմական  հարձակում սանձազերծեցին Արցախի դեմ՝ փորձելով ուժի կիրառման միջոցով լուծել ղարաբաղյան հակամարտությունը:

Հարձակողական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կանխամտածված թիրախավորում էին նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները: Արցախի դեմ քառօրյա պատերազմն ուղեկցվում էր Արցախի զինծառայողների և քաղաքացիական անձանց դաժան սպանություններով, խոշտանգումներով, ինչպես նաև զոհվածների մարմինների անարգմամբ: Ազգային ատելության հիմքով այդ հանցագործություններն իրագործողները հետագայում պարգևատրվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից` ամենաբարձր մակարդակով:

Ապրիլյան պատերազմին հաջորդած տարիներին, ոգևորված իրագործված պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարումների անպատժելիությամբ, ադրբեջանական իշխանություներն ավելի սաստկացրեցին ռազմատենչ հռետորաբանությունն ու հայերի նկատմամբ ատելության քարոզը:

Այս քաղաքականության իրականացման արդյունքը դարձավ 2020թ. Թուրքայի և վերջինիս կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նոր ռազմական ագրեսիայի սանձազերծումը, որը հանգեցրեց բազմաթիվ անդառնալի մարդկային և նյութական կորուստների: Ադրբեջանի ռազմական օկուպացիայի ներքո անցավ Արցախի տարածքի զգալի մասը, տասնյակ հազարավոր քաղաքացիներ դարձան փախստական:

2016թ. ապրիլին և  2020թ. սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմներն ու դրանց ընթացքում Ադրբեջանի կողմից իրագործված պատերազմական հանցագործությունները ցույց տվեցին, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի իրավասության ներքո:

Միայն Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հասցեագրումը, Արցախի կարգավիճակի որոշումը կարող են հիմք հանդիսանալ տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության համար: Հայաստանը և հայ ժողովուրդը գործադրելու են հնարավոր բոլոր ջանքերը՝ լիարժեքորեն վերականգնելու Արցախի մեր հայրենակիցների բոլոր իրավունքները՝ իրենց պատմական հայրենիքում ազատ և արժանապատիվ կենսագործունեության համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: