ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանցի զինվորականների կողմից Սյունիքում մեքենայի ուղղությամբ քարեր նետելը հաստատում է անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը․ ՄԻՊ

Ադրբեջանական զինվորականների կողմից Սյունիքում քաղաքացիական մեքենայի ուղղությամբ քարեր նետելը հաստատում է անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Այսօր մամուլում լայնորեն տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ առավոտյան ժամը 4:00-ից 5:00-ի սահմաններում Կապան - Երեւան միջպետական ավտոճանապարհի Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի հատվածում տեղակայված ադրբեջանական զինվորականները քարեր են նետել հայկական պետհամարանիշով քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ:

Տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք աշխատանք՝ Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի ստորաբաժանման ներգրավմամբ: Այդ աշխատանքների շրջանակում Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի միջև ճանապարհի միջադեպի հատվածի ուսումնասիրությունը հաստատել է, որ անմիջապես այդ վայրում տեղակայված են ադրբեջանական զինվորականներ:

Միջադեպի մասին տեղեկությունը Մարդու իրավունքների պաշտպանին հաստատել է Կապան համայնքի ղեկավարը և նշել, որ ավտոմեքենան եղել է քաղաքացիական` ուղևորներով, հայաստանյան համարանիշով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ տեղի ունեցածն ակնհայտորեն վկայում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված և միջազգայնորեն ճանաչված իրավունքների համար իրական սպառնալիքի մասին: Խոսքը վերաբերում է մարդկանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության այլ իրավունքների:

Այս միջադեպի վերաբերյալ տեղեկությունները ակնհայտորեն հիմնավորում են Մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգն այն մասին, որ ՀՀ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով Սյունիքում պետք է լինի անվտանգության գոտի:

Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին Ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն:

Այս միջադեպի մասին տեղեկությունները ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն առանձին կուղարկի միջազգային կառույցներին, ինչպես նաև կներառի անվտանգության գոտու հայեցակարգում»,- նշել է Թաթոյանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: