ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պայքարը կտևի այնքան, քանի Թուրքիան իր մեջ ուժ չի գտել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ

«Ամեն տարի` ապրիլի 24-ին, ողջ հայությունը ոգեկոչում է 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: Իր ծավալներով նախադեպը չունեցող այս ծրագրված ոճրագործության հետևանքով թիրախավորվեց, բռնի տեղահանության և զանգվածային կոտորածների զոհ դարձավ Օսմանյան կայսրությունում ապրող հայ ժողովուրդը։ Տարիների ընթացքում պանթուրքիզմի գաղափարախոսությամբ առաջնորդվող երիտթուրքական և դրան հաջորդող կառավարությունները Հայոց ցեղասպանության քաղաքականությունը տարածեցին նաև Արևելյան Հայաստանում։ 

Այս գործողությունների հետևանքով 1915-1923թթ․ ընթացքում սպանվեց 1,5 մլն մարդ, խեղվեցին հարյուր հազարավոր ճակատագրեր, մի ամբողջ ժողովուրդ զրկվեց իր հոգևոր, կրթական, մշակութային և տնտեսական սեփականությունից, նրանից խլվեց իր պատմական հայրենիքի գերակշիռ հատվածում ապրելու իրավունքը։

1878թ․ Բեռլինի կոնգրեսում Մեծ տերությունները և Օսմանյան կայսրությունը հանձնառություն էին ստանձնել երաշխավորելու վերջինիս հայկական նահանգների բնակչության անվտանգությունը։ Ծրագրելով և իրականացնելով Հայոց ցեղասպանությունը՝ երիտթուրքական կառավարությունը ի չիք դարձրեց հայ ժողովրդին տրված անվտանգության միջազգային երաշխիքները և ստեղծեց մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը մի ամբողջ ժողովրդի մահապատժով «լուծելու» նախադեպ։

Այս գործողությունները հետագայում հիմք դարձան ցեղասպանության հանցանքի սահմանման համար և արտացոլվեցին «Ցեղասպանության կանխարգելման և դրա պատժի մասին» միջազգային կոնվենցիայում։ Այնուհանդերձ Հայոց ցեղասպանության կազմակերպիչները չկանգնեցին միջազգային արդարադատության առջև:

Հայոց ցեղասպանության անպատժելիությունն այսօր ևս ոգեշնչում է միջազգային նոր հանցանքներ ծրագրողներին: Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին պատերազմը և դրա ընթացքում թուրք-արբեջանական դաշինքի ցեղասպան գործողություններն ի ցույց դրեցին, որ ուժով միջազգային խնդիրները «լուծելու» մոտեցումները չեն փոխվել։

Արցախահայության դեմ իրականացված ոճրագործությունները փաստեցին նաև, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն պատմական արդարության և ճշմարտության, այլև հայ ժողովրդի անվտանգության համար։

Հայոց ցեղասպանության նպատակը հայ ժողովրդի լիակատար բնաջնջումն էր։ Հայ ժողովրդի հավաքական ջանքերի, ցեղասպանության վերապրողներին աշխարհի տարբեր երկրների և ժողովուրդների կողմից ցուցաբերված աջակցության շնորհիվ հայ ժողովուրդն արժանապատվորեն վերապրեց իր պատմության ամենամեծ արհավիրքը։

Այսօր հայ ժողովուրդը Հայաստանում և սփյուռքում ցույց է տալիս արդարության և ճմշարտության համար պայքարելու իր տոկունությունը։ Այդ պայքարը մեկ անգամ ևս հավաստում է, որ ոչ երիտթուրքական կառավարության բիրտ ուժը, ոչ Թուրքիայի հաջորդական կառավարությունների ժխտողական շահարկումները և տարածաշրջանում հայ ժողովրդի հանդեպ թշնամական գործողություններն ի զորու չեն մոռացության մատնել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և նրա նահատակներին։

Այդ պայքարը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի կառավարությունն իր մեջ ուժ չի գտել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և քայլեր ձեռնարկելու դրա հետևանքների վերացման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: