ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրով-Բլինկեն հանդիպումն ավելի շատ արարողակարգային բնույթ էր կրում

Saul Loeb/Pool via AP

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի իշխանության գալուց հետո կայացավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և պետքարտուղար Էնթոնի Բլինկենի առաջին հանդիպումը: Հանդիպումը կայացավ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում Արկտիկական խորհրդի նախարարական նիստի ավարտից հետո: Այս տարի միջազգային այս կառույցի նախագահի պաշտոնը ռոտացիոն կարգով տրվեց Ռուսաստանին:  

Կողմերի խոսքով՝ հանդիպումն ընդհանուր առմամբ անցել է կառուցողական մթնոլորտում: Չնայած առկա տարաձայնություններին երկուստեք կարևորվել է երկխոսության շարունակականությունը՝ լարվածությունն ինչ-որ չափով թուլացնելու համար: Հանդիպման ընթացքում  քննարկվել են ինչպես երկու երկրների հարաբերություններին, այնպես էլ Աֆղանստանին, Սիրիային, ինչպես նաև Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերին առնչվող հարցեր:  Հանդիպումը տևել է շուրջ երկու ժամ:

Ինչպես նշել է Սերգեյ Լավրովը՝ երկու երկրների պատվիրակությունները «պլանավորվածից ավելին են խոսել»: Նրա խոսքով՝ դրականն այն է, որ կողմերի մոտ կա  ըմբռնում Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում ստեղծված անառողջ իրավիճակը հաղթահարելու, և որ ամենակարևորն է՝ հաստատվել է երկխոսություն սկսելու ՌԴ առաջարկը՝ հաշվի առնելով բոլոր ասպեկտները, ռազմավարական կայունության վրա ազդող բոլոր գործոնները՝ միջուկային, ոչ միջուկային, հարձակողական, պաշտպանական: 

Ամերիկյան կողմի խոսքով՝ հանդիպումը «լավ սկիզբ» է «առաջիկա շաբաթների, ամիսների և տարիների ընթացքում» երկու երկրների միջև հարաբերություններում առկա բացերը լրացնելու համար:  Մասնավորապես հանդիպման ժամանակ Բլինկենը նշել է ԱՄՆ հանձնառությունը համագործակցել Մոսկվայի հետ այնպիսի ոլորտներում, որոնցում ունեն ընդհանուր հետաքրքրություններ, սակայն միևնույն ժամանակ վերջինս չի մոռացել ընդգծել  Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի թեզը, որ «եթե Ռուսաստանը ագրեսիվ կերպով գործի Միացյալ Նահանգների, նրա գործընկերների, դաշնակիցների դեմ, ԱՄՆ-ն պատասխան միջոցներ կկիրառի»: Նրա խոսքով հանդիպումն անցկացվել է նաև «Մոսկվայի հետ ավելի կայուն ու կանխատեսելի հարաբերությունների առաջարկը փորձարկելու համար»:   

Նշենք, նաև որ ինչպես և սպասելի էր, մի շարք հարցերի կողքին, ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարության համաձայն, քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր՝ այդ թվում «Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ քաղաքական լուծում գտնելու ուղիները»: Սակայն այս թեմայով այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ հանդիպումից բեկումնային զարգացումներ ակնկալելն իրատեսական չէ: Չնայած հանդիպումից ստացվող դրական ուղերձներին՝ Լավրով-Բլինկեն հանդիպումն ավելի շատ արարողակարգային բնույթ էր կրում: Այն կարելի է համարել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի մոտ ժամանակներս կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական փուլ: Այդ մասին է վկայում այն հանգամանքը, որ հանդիպման արդյունքներով Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների համար կպատրաստվեն առաջարկություններ, որոնք կքննարկվեն արդեն իսկ կայանալիք հանդիպման ժամանակ:

Իսկ թե ինչ արդյունք կունենան այդ առաջարկները և ինչ ուղիով կընթանան ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները, պարզ կդառնա միայն Պուտին-Բայդեն հանդիպումից հետո:   


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: