ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ գործողությունների արագությունը ՀՀ-ին չի գոհացնում. Փաշինյանը չի բացառում նաև ՄԱԿ ԱԽ-ին դիմելը

Հայաստանը չի բացառում, որ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիների հարցով կգնա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելու ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ-ի գործիքները կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները բավարար չեն այս իրավիճակն ու խնդիրը լուծելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում  կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կրկին շեշտեց, որ Սև լճի տարածքում Ադրբեջանի ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն էր, և ինչպես նախկինում հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ ուժի կիրառմամբ միջանցք ստեղծելը: Այս գնահատականն է պատճառը, որ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ-ին:

«Այս պահի դրությամբ ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ և մեր գործընկերների հետ իրավիճակի հետագա պարզաբանման վերաբերյալ աշխատանքներ իրականացնել, որովհետև, ես կարծում եմ, որ այն նախնական մտահաղացումը, որ ունի Ադրբեջանը, այս պահի դրությամբ ես չեզոքացված չեմ համարում: Պետք է այդ մտահաղացման վերաբերյալ մեր գործընկերները հստակ տեղեկացված լինեն և հստակ դիրքորոշում արտահայտեն»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ՀԱՊԿ երկրները և կազմակերպությունը հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը այդտեղից հետ քաշի: Ընդ որում, աշխատանքային մակարդակում այդ դիրքորոշումն արտահայտվում է, սակայն հրապարակային մակարդակում չի արտահայտվում: Ըստ Փաշինյանի՝ այդ հարցում պետք է հստակություն մտցվի: «Օրինակ, ասվում է, որ այդ հատվածում դեմարկացիա և դելիմիտացիա արված չէ: Նույն Ռուսաստանի և Ադրբեջանի սահմաններն ամբողջությամբ դեմարկացված և դելիմիտացված չեն: Ի՞նչ է սա նշանակում»,-ասաց Փաշինյանն ու հավելեց, որ պետք է այդ հարցում հստակություն մտցվի:

Իսկ ինչ վերաբերում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելուն՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Այդ հարցը հենց առաջին օրերից էլ քննարկման առարկա եղել է, շարունակում է քննարկման առարկա լինել: Ուղղակի կան նրբություններ, որ նման որոշում կայացնելիս պետք է որոշակի կանխատեսելիության տեսադաշտ ունենալ: Նախապես նախապատրաստական աշխատանքներ իրականացնել: Եվ մենք երբեք չենք բացառել և չենք էլ բացառում, որ կգնանք այդ ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ-ի գործիքները կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները բավարար չեն այս իրավիճակն ու խնդրը լուծելու համար»:

Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են  իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ն երկրորդ հոդվածով՝ համաձայն որի «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը, իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»:  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին հայտնել էր, որ նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին՝ 1997թ-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի համաձայն:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: