ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՆԱՏՕ-ի գագաթաժողով. Ի՞նչ է քննարկվել (տեղեկանք)

nato.int

Օրերս տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որին մասնակցում էին 30 անդամ պետությունների ղեկավարները: Գագաթաժողովի ժամանակ դաշնակից պետությունների առաջնորդները համաձայնեցրել են ՆԱՏՕ 2030 հավակնոտ օրակարգը, որում նշված է տասնամյա ժամկետում Դաշինքի առանցքային ռազմավարական նպատակները: Մասնավորապես որոշում է կայացվել ամրապնդել քաղաքական խորհրդատվությունները, ուժեղացնել հավաքական պաշտպանությունը,  զարգացնել կայունությունը, պահպանել միջազգային  կարգը, նպաստել գործընկերների վերապատրաստման և կարողությունների զարգացմանը, լուծել անվտանգային հարցերի վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը, մշակել նոր կիբերպաշտպանական քաղաքականություն, ցույց տալու համար, որ  Դաշինքը վճռական է պաշտպանվելու այդ ոլորտում նույնքան արդյունավետ, որքան մյուս ռազմական տիրույթներում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև մշակել ՆԱՏՕ-ի հաջորդ ռազմավարական հայեցակարգը 2022թ.-ի գագաթաժողովին ընդառաջ:

«Մենք այսօր կարևոր որոշումներ ենք կայացրել՝ ավելի մրցունակ աշխարհում ՆԱՏՕ-ն ուժեղացնելու համար», - ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Գագաթաժողովի արդյունքներով դաշինքի անդամ պետությունների կողմից ընդունվել է նաև 79 կետից բաղկացած կոմյունիկե, որում բավականին լայն անդրադարձ կա Ռուսաստանին, Չինաստանին, այդ երկրներից «եկող սպառնալիքներին դիմակայելուն», Ուկրաինայում տիրող իրավիճակին, Վրաստանին, Իրանին: Նշենք, որ կոմյունիկեում տեղ գտած կետերը լավագույնս արտացոլում են այն, թե ինչ է իրականում քննարկվել Դաշինքի գագաթաժողովի ժամանակ: Ստորև կներկայացնենք դրանցից առավել կարևորները` հատվածաբար:  

 

Ռուսաստան

 1. Ավելի քան քսանհինգ տարի ՆԱՏՕ-ն աշխատել է Ռուսաստանի հետ գործընկերություն կառուցելու ուղղությամբ, այդ թվում՝ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի (NRC) միջոցով: Մինչ ՆԱՏՕ-ն հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին, Ռուսաստանը շարունակում է խախտել ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների հիմքում ընկած համաձայնեցված փաստաթղթերում նշված արժեքները, սկզբունքները, վստահությունը և պարտավորությունները: Մենք վերահաստատում ենք մեր որոշումները Ռուսաստանի վերաբերյալ, որոնք համաձայնեցվել են 2014-ի Ուելսի գագաթաժողովում և ՆԱՏՕ-ի մեր հետագա բոլոր հանդիպումներում: Մենք դադարեցրել ենք քաղաքացիական և ռազմական գործնական համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ միևնույն ժամանակ բաց մնալով քաղաքական երկխոսության համար: Քանի դեռ Ռուսաստանը չի ցուցադրել իր համապատասխանությունը միջազգային օրենսդրությանը և իր միջազգային պարտավորություններին և պարտականություններին, հարաբերությունների կարգավորմանը վերադարձ չի կարող լինել: Մենք կշարունակենք արձագանքել անվտանգության մթնոլորտի օրեցօր վատթարացմանը՝ բարելավելով մեր զսպման և պաշտպանական կեցվածքը, այդ թվում` Դաշինքի արևելյան մասում ավելացած ներկայությամբ: ՆԱՏՕ-ն չի ձգտում առճակատման և չի սպառնում Ռուսաստանին: Մեր ընդունած որոշումները լիովին համապատասխանում են մեր միջազգային ստանձնած պարտավորություններին, ուստի ոչ ոք չի կարող դրանք համարել որպես հակասություն ՆԱՏՕ-Ռուսաստան հիմնարար ակտին:

2. Մենք Ռուսաստանին կոչ ենք անում չեղյալ հայտարարել Չեխիային և ԱՄՆ-ին «ոչ բարեկամական երկրներ» անվանելը և զերծ մնալ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային չհամապատասխանող այլ քայլերից:

3. Ռուսաստանի աճող ռազմական կուտակումը տարբեր տարածաշրջաններում, ավելի հաստատակամ կեցվածքը, նոր ռազմական կարողությունները և սադրիչ գործողությունները, ներառյալ ՆԱՏՕ-ի սահմանների մոտ, ինչպես նաև նրա կողմից իրականացվող լայնամասշտաբ, չծանուցված և արտահերթ զորավարժությունները, Ղրիմում շարունակվող ռազմական կուտակումները, Կալինինգրադում ժամանակակից հրթիռների տեղակայումը, Բելառուսի հետ ռազմական ինտեգրումը և ՆԱՏՕ-ի դաշնակիցների` օդային տարածքի պարբերաբար խախտումները, ավելի ու ավելի են սպառնում եվրաատլանտյան գոտու անվտանգությանը և նպաստում անկայունությանը ՆԱՏՕ-ի սահմանների երկայնքով և դրանից դուրս:

4.Բացի իր ռազմական գործունեությունից, Ռուսաստանը նաև ակտիվացրել է իր հիբրիդային գործողությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների դեմ, այդ թվում `միջնորդների միջոցով: Դրանց թվում են՝ դաշնակիցների ընտրություններին և ժողովրդավարական գործընթացներին միջամտելու փորձերը, քաղաքական և տնտեսական ճնշումն ու ահաբեկումը, ապատեղեկատվական արշավները, չարամիտ կիբեր գործունեությունը և իր տարածքից գործող կիբեր հանցագործների գործունեությունը կոծկելը, ներառյալ նրանց, ովքեր թիրախավորում և խափանում են ՆԱՏՕ-ի երկրներում կարևոր ենթակառուցվածքները: Այդ գործունեությունը ներառում է նաև  Ռուսաստանի հետախուզական ծառայությունների ապօրինի և կործանարար գործողությունները ՆԱՏՕ-ի դաշնակից պետությունների տարածքում, որոնց մի մասը խլել է քաղաքացիների կյանքեր և պատճառել համատարած նյութական վնաս: Մենք լիովին աջակցում ենք Չեխիային և այլ դաշնակիցներին, որոնք տուժել են նմաատիպ գործողություններից:

5.Ռուսաստանը շարունակում է դիվերսիֆիկացնել իր միջուկային զինանոցը, այդ թվում՝ տեղակայելով կարճ և միջին հեռահարության հրթիռային համակարգեր, որոնք նպատակ ունեն զսպել ՆԱՏՕ-ի գործունեությունը: Ռուսաստանը վերակապիտալացրել է իր ռազմավարական միջուկային ուժերի մոտ 80 տոկոսը և ընդլայնում է իր միջուկային կարողությունները՝ հետապնդելով նոր և ապակայունացնող զենքեր և երկկողմանի համակարգեր: Ռուսաստանը շարունակում է օգտագործել ագրեսիվ և անպատասխանատու միջուկային հռետորաբանություն: Այդ երկրի միջուկային ռազմավարությունը և միջուկային զենքի համակարգերի համապարփակ արդիականացումը, դիվերսիֆիկացումը և ընդլայնումը, ներառյալ ռուսական ոչ ռազմավարական միջուկային զենքի որակական և քանակական աճը, ավելի ու ավելի են նպաստում Ռուսաստանի ագրեսիվ կեցվածքին: Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել՝ դիմակայելու Ռուսաստանի կողմից եկող բոլոր սպառնալիքներին և մարտահրավերներին:

6.Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունն Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն՝ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Իր միջազգային ստանձնած պարտավորություններին համապատասխան ՝ մենք Ռուսաստանին կոչ ենք անում հետ կանչել այն ուժերը, որոնք տեղակայել է բոլոր երեք երկրներում: Մենք խստորեն դատապարտում ենք և չենք ճանաչելու Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական և ոչ լեգիտիմ բռնակցումը և դատապարտում ենք նրա ժամանակավոր օկուպացիան: Ղրիմի թաթարների և տեղական այլ համայնքների անդամների նկատմամբ մարդու իրավունքների ոտնահարումներին և խախտումներին պետք է վերջ տրվի: Ռուսաստանի վերջին զանգվածային ռազմական կուտակումը և ապակայունացնող գործողությունները Ուկրաինայում և նրա շրջակայքում ավելի են սրել լարվածությունը և խաթարել անվտանգությունը: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում հետ կանչել իր ռազմական ուժի կուտակումը և դադարեցնել նավարկության սահմանափակումը Սև ծովի հատվածում: Նաև կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել մուտքը Ազովի ծով և ուկրաինական նավահանգիստներ:

Ողջունում ենք Ուկրաինայի զսպվածությունը և դիվանագիտական մոտեցումն այս համատեքստում: Մենք ձգտում ենք նպաստել դեէսկալացիային: Նաև ուժեղացնում ենք մեր աջակցությունը Ուկրաինային: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին լիարժեք իրականացնել Մինսկի համաձայնագրերը և աջակցել Նորմանդիայի ձևաչափի և Եռակողմ շփման խմբի ջանքերին: Ռուսաստանը, որպես Մինսկի համաձայնագրերը ստորագրող, այս հարցում զգալի պատասխանատվություն է կրում: Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնել հակամարտության թեժացումը՝ ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերելով Ուկրաինայի արևելքում իր աջակցած զինված կազմավորմանը: Մենք նաև կոչ ենք անում Ռուսաստանին չեղարկել Վրաստանի մաս հանդիսացող Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանները որպես անկախ պետություններ ճանաչելու որոշումը, իրականացնել ԵՄ-ի միջնորդությամբ 2008 թ. հրադադարի մասին համաձայնագիրը, դադարեցնել այդ տարածքների ռազմականացումը և այդ շրջանների բռնի կերպով տարանջատումը Վրաստանից, կոչ ենք անում վերջ դնել մարդու իրավունքների խախտումներին, կամայական ձերբակալություններին և Վրաստանի քաղաքացիների նկատմամբ ոտնձգություններին: Մենք նաև կոչ ենք անում Ռուսաստանին կառուցողական կերպով ներգրավվել Մերձդնեստրի կարգավորման գործընթացում:

Մենք կշարունակենք Ռուսաստանի հետ երկխոսությունը կենտրոնացնել մեր առջև ծառացած կարևորագույն հարցերի վրա: Ուկրաինայում և դրա շուրջ հակամարտությունը, ներկայիս պայմաններում, մեր օրակարգի առաջին թեման է:

 

Չինաստան

1.Չինաստանի հայտարարած հավակնություններն ու ինքնավստահ կեցվածքը համակարգային մարտահրավերներ են կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ և Դաշինքի անվտանգության համար: Մեզ անհանգստացնում են այն քաղաքականությունները, որոնք հակադրվում են Վաշինգտոնի պայմանագրով ամրագրված հիմնարար արժեքներին:  Չինաստանը արագորեն ընդլայնում է իր միջուկային զինանոցն՝ ավելի շատ մարտագլխիկներով և ավելի մեծ քանակությամբ բարդ առաքման համակարգերով ՝ միջուկային տրիադա ստեղծելու համար: Այն նաև ռազմական համագործակցություն է իրականացնում Ռուսաստանի հետ, այդ թվում՝ եվրաատլանտյան տարածքում ռուսական զորավարժություններին մասնակցելու միջոցով: Մենք շարունակում ենք մտահոգվել Չինաստանի կողմից ապատեղեկատվության տարածմամբ: Մենք Չինաստանին կոչ ենք անում պահպանել իր ստանձնած միջազգային պարտավորությունները և պատասխանատու կերպով գործել միջազգային համակարգում, այդ թվում՝ տիեզերական, կիբեր և ծովային տիրույթներում` պահելով իր՝ որպես գերտերության դերը:

2. ՆԱՏՕ-ն կառուցողական երկխոսություն է վարում Չինաստանի հետ, որ ոլորտում, որ հնարավոր է: Ելնելով մեր շահերից՝ մենք ողջունում ենք Չինաստանի հետ համագործակցելու հնարավորությունն այնպիսի հարցերում, ինչպիսին է կլիմայի փոփոխությունը: Դաշնակիցները հորդորում են Չինաստանին ներգրավվել իր միջուկային հնարավորությունների և դոկտրինի վերաբերյալ երկխոսության, վստահության ամրապնդման և թափանցիկության միջոցառումներում: Փոխադարձ թափանցիկությունն ու փոխըմբռնումը կօգնի ինչպես ՆԱՏՕ-ին, այնպես էլ Չինաստանին:

 

Իրան

 Մենք պարտավորվել ենք ապահովել, որ Իրանը երբեք միջուկային զենք չմշակի: Մենք ողջունում ենք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPoA) մասնակիցների և Միացյալ Նահանգների հետ առանձին առարկայական քննարկումները՝ ԱՄՆ-ի  և Իրանի կողմից JCPoA-ին վերադառնալու համար: Մենք սատարում ենք Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթն ապահովելու նպատակը: Շատ կարևոր է, որ Իրանը ժամանակ հատկացնի այս քննարկումների համար՝ խուսափելով հետագա սրացումներից:  Մենք վճռականորեն աջակցում ենք ՄԱԳԱՏԷ-ին իր կարևոր մոնիտորինգային աշխատանքներում՝ օգնելու ապահովել Իրանի համապատասխանությունը ԱԷԿ-ի հետ կապված անվտանգության երաշխիքների պարտավորություններին: Վերականգնված և ամբողջությամբ իրականացված JCPoA-ն կարող է նաև ճանապարհ հարթել տարածաշրջանային և անվտանգության հետ կապված խնդիրների լուծման համար: Միևնույն ժամանակ դատապարտում ենք Իրանի աջակցությունը միջնորդավորված ուժերին և ոչ պետական զինված դերակատարներին, այդ թվում՝ ֆինանսավորման, ուսուցման և հրթիռային տեխնոլոգիաների և զենքի տարածման միջոցով: Իրանին կոչ ենք անում դադարեցնել բալիստիկ հրթիռների բոլոր գործողությունները, որոնք չեն համապատասխանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 որոշմանը, զերծ մնալ ապակայունացնող գործողություններից և կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը խթանելու գործում: Սիրիան պահպանում է կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ,որոնց հեռահարությունը ընդգրկում է ՆԱՏՕ-ի տարածքի որոշ մասեր և մեր գործընկերների որոշ տարածքներ: Սիրիան այդ հրթիռները լայնորեն օգտագործել է սեփական բնակչության դեմ: Մենք շարունակում ենք զգոն լինել Սիրիայից հրթիռների արձակման հետ կապված, որոնք կարող են կրկին հարվածել կամ թիրախավորել Թուրքիային: Մենք շարունակում ենք դիտարկել և գնահատել Սիրիայից բալիստիկ հրթիռների սպառնալիքը:

 

Վրաստան

 Մենք վերահաստատում ենք 2008 թ. Բուխարեստի գագաթաժողովում ընդունված որոշումը, որ Վրաստանը կդառնա Դաշինքի անդամ՝ Անդամակցության գործողության ծրագրի (MAP) համաձայն: Մենք վերահաստատում ենք այդ որոշման բոլոր տարրերը, ինչպես նաև հետագա որոշումները, ներառյալ այն, որ յուրաքանչյուր գործընկեր դատվելու է իր արժանիքների հիման վրա:  Մենք վճռականորեն աջակցում ենք Վրաստանի՝ իր ապագայի և արտաքին քաղաքականության ուղղվածությունն առանց արտաքին միջամտության որոշելու իրավունքին: Որպես ընդլայնված հնարավորությունների գործընկեր, Վրաստանը սերտորեն համագործակցում է Դաշինքի հետ հարցերի լայն շրջանակում: Մենք բարձր ենք գնահատում Վրաստանի էական ներդրումը ՆԱՏՕ-ի գործողություններին, որոնք ցույց են տալիս նրա նվիրվածությունն ու կարողությունը՝ նպաստելու եվրաատլանտյան անվտանգությանը: Մենք ողջունում ենք վերջերս ստորագրված «A Way Ahead for Georgia»  խորագրով համաձայնագիրը և խրախուսում ենք դրա լիակատար իրականացումը բոլորի կողմից: Այս համաձայնագիրը ճանապարհ է հարթում այն կարևոր բարեփոխումների համար, որոնք կօգնեն Վրաստանին՝ ձգտող երկրին, առաջընթաց գրանցել դեպի անդամակցություն… Մենք պատրաստ ենք ընդլայնել մեր աջակցությունը Վրաստանին՝ ներառյալ հիբրիդային սպառնալիքների դեմ դիմացկունություն ստեղծելու, ինչպես նաև վերապատրաստման և վարժանքների միջոցով: Մենք անհամբեր սպասում ենք ՆԱՏՕ-Վրաստան հաջորդ զորավարժություններին 2022 թվականին:

 

Ուկրաինա

 Մենք վերահաստատում ենք 2008 թ. Բուխարեստի գագաթաժողովում ընդունված որոշումը, որ Ուկրաինան կդառնա Դաշինքի անդամ՝ Անդամակցության գործողության ծրագրի (MAP) համաձայն: Մենք վերահաստատում ենք այդ որոշման բոլոր տարրերը, ինչպես նաև հետագա որոշումները, ներառյալ այն, որ յուրաքանչյուր գործընկեր դատվելու է իր արժանիքների հիման վրա:  Մենք վճռականորեն աջակցում ենք Ուկրաինայի՝ իր ապագայի և արտաքին քաղաքականության ուղղվածությունն առանց արտաքին միջամտության որոշելու իրավունքին: ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի ներքո գործող «Ամենամյա ազգային ծրագրերը» շարունակում է մնալ այն մեխանիզմը, որով Ուկրաինան առաջ է տանում ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ձգտմանը վերաբերող բարեփոխումները: Ուկրաինան պետք է լիովին օգտագործի այդ ծրագրի շրջանակներում առկա բոլոր գործիքները՝ ՆԱՏՕ-ի սկզբունքներն ու չափորոշիչները կյանքի կոչելու համար: Ընդգրկուն, կայուն և անշրջելի բարեփոխումները՝ ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարը, ներառական քաղաքական գործընթացների խթանումը և ապակենտրոնացման հարցերում բարեփոխումները, որոնք հիմնված են ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների, փոքրամասնությունների և օրենքի գերակայության հարգանքի վրա, բեկումնային կլինեն բարգավաճ և խաղաղ Ուկրաինայի համար հիմքեր ստեղծելու գործում: Մենք ողջունում ենք Ուկրաինայի կողմից արդեն իսկ կատարված նշանակալի բարեփոխումները և խրախուսում ենք հետագա առաջընթացը՝ համահունչ Ուկրաինայի միջազգային պարտավորություններին և ստանձնած պարտավորություններին: Մենք կշարունակենք գործնական աջակցություն ցուցաբերել անվտանգության և պաշտպանության ոլորտի բարեփոխումներին, այդ թվում՝ Համապարփակ աջակցության փաթեթի միջոցով…

 

Նշենք, որ անդրադառնալով ՆԱՏՕ-ի կողմից ընդունված որոշումներին՝ ՌԴ արտգործանխարարությունից հայտնել են,  որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը ցույց տվեց, որ դաշինքը չի կարող գոյություն ունենալ առանց «մեծ հակառակորդի»: «Բրյուսելի գագաթաժողովը մեկ անգամ ևս բացահայտեց ՆԱՏՕ-ի գենետիկ ծածկագիրը. Դաշինքը չի կարող գոյություն ունենալ առանց «մեծ թշնամու»: Ռուսական սպառնալիքին ավելացվել է չինական մարտահրավեր»,- ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

Իրանի արտգործնախարարությունն, իր հերթին, նշել է, որ G-7-ն ու ՆԱՏՕ-ն իրավունք չունեն դասախոսություններ կարդալ Թեհրանին: «Հաշվի առնելով տարածաշրջանում [իրենց անդամ երկրների գործողությունների] աղետալի հետևանքները, ՆԱՏՕ-ն և Մեծ յոթնյակը իրավունք չունեն քարոզ կարդալ Իրանին, որը խաղաղության և կայունության տարածաշրջանային հենարան է: Ուրիշներին ուղղություն տալու փոխարեն [այդ կազմակերպությունները] պետք է անձամբ հավատարիմ մնան միջազգային իրավունքին»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն:

Իսկ Չինաստանը ՆԱՏՕ-ին կոչ է արել դադարեցնել «Չինաստանի սպառնալիքի վարկածի» ուռճացումը…


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: