ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ԱԺ խմբակցությունները դատապարտել են Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների այցը Շուշի

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել հուլիսի 10-ին Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների՝ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներ այցի կապակցությամբ:

Ստորև՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարությունը.

«Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմից հետո միջազգային իրավունքի և, մասնավորապես, միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարմամբ շարունակվում են թշնամական գործողությունները հայկական պատմական, մշակութային և հոգևոր արժեքների հանդեպ: Եվ այս ամենը ոչ միայն չի դատապարտվում միջազգային կառույցների և առանձին երկրների կողմից, այլև կատարվում է հակառակը. պաշտոնական Բաքուն ոչ մի ջանք չի խնայում այդ նույն կառույցների ու երկրների ներկայացուցիչներին մասնակից և հանցակից դարձնել իր զավթողական ու հակամարդկային գործողություններին:

Այս խորապատկերի վրա պետք է դիտարկել նաև 2021թ. հուլիսի 10-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների այցի կազմակերպումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ բեմականացված նկարահանումները Շուշիում: 

Խստորեն դատապարտում ենք նմանօրինակ գործելաոճը: Դրանով Ադրբեջանը փորձում է Արցախի Հանրապետության նկատմամբ ագրեսիվ զավթողական ծրագրի իրագործման աջակիցների շրջանակ ձևավորել: 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ զավթել է Արցախի Հանրապետության մեծ մասը, այդ թվում նաև հայ ժողովրդի մշակութային և հոգևոր կենտրոն Շուշի քաղաքը:

Միջազգային հանրության կողմից Թուրքիայի նախագահի՝ Շուշի այցելությունը չդատապարտելը Ադրբեջանի իշխանություններին մղեց նոր սադրիչ գործողությունների, որին հետևեց Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների այցը Շուշի: Պատմական իրողությունների այսկերպ աղավաղումը և նման մեթոդներով հակամարտության էության խեղաթյուրումը համարում ենք հակամարտության խաղաղ կարգավորման խաթարմանն ուղղված քայլ, որը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները:

Գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մերժողական կեցվածքն այդ բեմադրության նկատմամբ՝ կոչ ենք անում դատապարտել նմանօրինակ սադրիչ գործողությունները և քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի բնակչության ազատ ապրելու իրավունքի ամրագրման ուղղությամբ»:

Հայտարարությունը տարածել են Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: