ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում

Հայաստանում առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում, որն իրականացվել է ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում։ Եվրոպացի հայտնի փորձագետների աջակցությամբ` «Cure2Children» բարեգործական հիմնադրամի և բժիշկ Լոուրենս Ֆոլկների հետ, Արյունաբանական կենտրոնի թիմն իրականացրել է մանգաղաձև բջջային անեմիայով երեխաների` դոնորից վերցված ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում, փոխանցում է Այսօր-ը։ 

Ալոգեն փոխպատվաստման ծրագրի ներդրումը Հայաստանում աննախադեպ է, բացում է մեծ հնարավորություններ բուժելու արյան չարորակ հիվանդություններով տառապող երեխաների և մեծահասակ հիվանդների համար։

Այս առնչությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը նշել է, որ ծրագիրը մեծ կարևորություն ունի:

«Ժամանակի ընթացքում, երբ մեր մասնագետները բավականաչափ փորձառություն ձեռք կբերեն և ոսկրածուծի փոխպատվաստումը լայնածավալ մասշտաբ կստանա Հայաստանում, այդ ժամանակ պացիենտներն արտերկիր մեկնելու կարիք չեն ունենա: Բացի այդ, բուժման այս մեթոդի ներդրումը նոր թափ կհաղորդի Հայաստանում արյունաբանության և ուռուցքաբանության ոլորտների զարգացմանը, ինչն ուղղակի ազդեցություն կունանա ինչպես կլինիկական բժշկության, այնպես էլ գիտության վրա», - հայտնել է Գևորգ Սիմոնյանը՝ հավելելով, որ արտերկրից հիվանդների ժամանումը Հայաստան, լուրջ հնարավորություն է ստեղծում մեր երկրում բժշկական տուրիզմի զարգացման համար։ Ոսկրածուծի ալոգեն փոխպավաստում չի կատարվում տարածաշրջանի շատ երկրներում, իսկ Եվրոպայում և ԱՄՆ-ում այդ բժշկական միջամտության արժեքը հասնում է հարյուր հազարավոր դոլարների, ինչն անհասանելի է դարձնում բուժման այս մեթոդը շատ հիվանդների համար։

Հայաստանում այս մեթոդի արժեքը կարող է զիջել` դարձնելով մեր երկիրը բավականին մրցունակ։ Հիվանդների ներհոսքը մուլտիպլիկատիվ էֆեկտ կարող է ունենալ և նպաստել նաև այդ տարածաշրջաններից այլ բժշկական խնդիրներով հիվանդների ժամանելուն։

ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը ներկայացրել է, որ իտալացի հայտնի մասնագետ Լոուրենս Ֆոլկների և ոսկրածուծի փոխպատվաստման հայկական խմբի /ArmBMT/` ի դեմս ոսկրածուծի փոխպատվաստման մանկական խմբի ղեկավար Լուսինե Քրմոյանի, մանկաբույժ Մանե Գիժլարյանի և ոսկրածուծի փոխպատվաստման ծրագրի ղեկավար Կարեն Մելիքսեթյանի ջանքերով, առաջին ալոգեն փոխպատվաստումը կատարվել է Նիգերիայից 5 տարեկան երեխայի, ում դոնորը հանդիսացել է իր զույգ քույրը և Կամերունից 1․8 տարեկան երեխայի, ում դոնորը հանդիսացել է 12 տարեկան եղբայրը։ Երկուսի մոտ էլ առկա է եղել մանգաղաձև բջջային սակավարյունություն:

Մանգաղաձև բջջային անեմիան կյանքի համար վտանգավոր, ծայրահեղ ծանր արյունաբանական հիվանդություն է, որը հաճախ հանդիպում է աֆրիկացիների շրջանում, և մինչ օրս դրա առողջացման միակ եղանակը ոսկրածուծի փոխպատվաստումն է։ Այդ եղանակով հնարավոր է առողջացնել մանգաղաձև բջջային անեմիայով պացիենտների շուրջ 85%-ին։

Նշենք, որ երեխաներն այս պահին արդեն բարեհաջող անցել են հետփոխպատվաստումային առաջին փուլը և դեռ որոշ ժամանակ կմնան բժիշկների հսկողության տակ։

«Ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը, որպես արդի արդյունավետ բուժական միջամտություն, կարող է ներդրվել մեր երկրում արյան չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների բուժման համար», - ընդգծել է Սամվել Դանիելյանը:

Հարկ է հիշեցնել, որ ընդամենը մի քանի տարի առաջ մեր հիվանդները նույնիսկ աուտոգեն փոխպատվաստման համար մեկնում էին արտերկիր, իսկ հիմա այն հաջողությամբ իրականացվում է Հայաստանում, ընդ որում՝ շատ դեպքեր մասնակիորեն փոխհատուցվել են պետության կողմից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    15 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: