ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և նոր կառավարության ձևավորման առթիվ:

Վարչապետին ուղղված շնորհավորական ուղերձում Ջո Բայդենն ընդգծել է, որ արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն ընդգծում է հայ ժողովրդի ցանկությունը՝ ունենալու ավելի ժողովրդավար, արդար և բարգավաճ հասարակություն, որը զերծ է կոռուպցիայից: «Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանն առաջընթաց է գրանցել այս ոլորտներում: Միացյալ Նահանգներն ուրախ է օգնել այս ջանքերում, որոնց թվում են աջակցությունը նոր պարեկային ոստիկանության գործարկման և կոռուպցիոն ցանցերի դեմ պայքարի անկախ ինստիտուտների ձևավորման հարցերում: Մենք շարունակելու ենք լինել վստահելի գործընկեր այս նպատակներին հասնելու ձեր աշխատանքում:

Հասկանում եմ այն դժվարին անվտանգային մարտահրավերները, որոնք ի հայտ են եկել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին բանակցելու համապարփակ, խաղաղ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Մենք հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ ներգրավվել առարկայական բանակցություններում:

ԱՄՆ-ն ուրախ էր աջակցելու Ադրբեջանից հայ ռազմագերիներին ազատ արձակելու ջանքերում, և մենք շարունակելու ենք կոչ անել անվտանգ վերադարձնել բոլոր գերիներին: Հուսով ենք, որ այս հարցում Վրաստանի աջակցությամբ մեր ունեցած առաջընթացը կարևոր հիմք կհանդիսանա հետագա տարածաշրջանային համագործակցության համար` ի հավելումն Մինսկի խմբի համանախագահների կողմից նախաձեռնված քննարկումների:

ԱՄՆ-ն պատրաստակամ է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների հիմքի վրա: Ակնկալում եմ աշխատել Ձեզ և Ձեր նոր կառավարության հետ՝ խորացնելու և ընդլայնելու մեր երկկողմ հարաբերությունները»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: