ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարության հերթական որոշմամբ Արցախին կհատկացվեն լրացուցիչ ֆինանսական միջոցներ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Կառավարության գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագրին և կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակին:

Գործադիրը որոշում է ընդունել «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և փոփոխություններ, ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Արցախի Հանրապետության կառավարությանը միջպետական վարկ տրամադրելու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին»:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ որոշման նախագծի նպատակը Արցախի Հանրապետության 2021թ. սեպտեմբեր ամսվա բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով բավարար միջոցների հատկացումն է: Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ Արցախում տնտեսական կյանքն աստիճանաբար վերականգնվում է, և ավելանում են նաև Արցախի պետական բյուջեի հարկային եկամուտները, դրանք, սակայն, դեռևս բավարար չեն կենսական նշանակության սոցիալական և տնտեսական ծրագրերի ամբողջական ֆինանսավորման համար, և այդ նպատակով անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական հատկացումներ: Նախարարը հիշեցրել է՝ սա արդեն 3-րդ նման որոշումն է, որով հատկացվող ֆինանսական միջոցների ընդհանուր գումարը կազմում է 13.4 մլրդ դրամ: Գումարը նախատեսված է Արցախի պետբյուջեով սեպտեմբեր ամսվա համար սահմանված աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի (3 մլրդ դրամ), ինչպես նաև բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների գծով ֆինանսավորման (1.2 մլրդ դրամ), կապիտալ ներդրումների (հատկապես բնակարանաշինություն և բնակարանների նորոգում - 2.6 մլրդ դրամ), սոցիալական և կրթական ծրագրերի (787 մլն դրամ) տնտեսական զարգացման, այդ թվում՝ գյուղատնտեսական և պետական այլ ծրագրերի իրականացման համար: Ֆինանսավորումն իրականացվելու է 2 եղանակով՝ մոտ 1.2 մլրդ դրամը կոմունալ ծառայություների փոխհատուցման նպատակով պետք է իրականացվի ՀՀ պետբյուջեից դրամաշնորհ հատկացնելու եղանակով, իսկ մնացած 12.2 մլրդ դրամը՝ միջպետական վարկի տրամադրման եղանակով:

Վարչապետը, անդրադառնալով Արցախին լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման մասին որոշման կարևորությանը, նշել է. «2020թ. նոյեմբերից հետո փաստացի մեր հատկացումներն Արցախին մոտենում են 100 մլրդ դրամին՝ այս հատկացումից առաջ մենք 77 մլրդ դրամ փաստացի ծախսել էինք, իսկ 85 մլրդ դրամի չափով հատկացրել էինք: Հիմա ևս 13 մլրդ դրամ հատկացնում ենք, այսինքն՝ հատկացումը կազմում է 98 մլրդ դրամ և ոչ թե փաստացի ծախսը: Սա կարևոր արձանագրում է: Իհարկե, մենք չպետք է մոռանանք, որ զուտ աջակցության տրամաբանությունը հնարավորինս արագ, րոպե առաջ պետք է փոխարինենք զարգացման տրամաբանությամբ, բայց այն, ինչ արվում է, անհրաժեշտ է և կենսական: Մենք Արցախի կառավարության հետ շատ սերտ գործակցում ենք այս ուղղությամբ, որպեսզի ծրագրերի բովանդակությունը զուտ աջակցության տրամաբանությունից փոխարինվի զարգացման տրամաբանությամբ»:


Սեպտեմբերի 19-ին Սևանում կանցկացվի սիրողական հեծանվավազքի մրցաշար. կառավարությունը կպարգևատրի մրցանակակիրներին

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին» որոշման նախագծին:

Նախագծի առնչությամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը զեկուցել է, որ 2021թ. սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի 40 կմ երկարությամբ ճանապարհահատվածում, նախատեսվում է կազմակերպել և անցկացնել «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար, որի նպատակն է հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը, ինչպես նաև «Հեծանիվը որպես շրջակա միջավայրը աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի քարոզումը։ Մրցաշարը նախատեսվում է կազմակերպել 2 տարիքային խմբով` ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Միջոցառման ընդհանուր ծախսը կկազմի մոտ 25.7 մլն դրամ: Մրցաշարի անցկացման հետ կապված կազմակերպչական ծախսերը կազմում են մոտ 10.8 մլն դրամ, որը ներառում է մասնակիցներին սննդով ապահովումը, ճանապարհածախսը, ռադիոհանգույցի վարձակալումը, մարզահագուստը, գավաթների, մեդալների, հավաստագրերի, շնորհակալագրերի ձեռքբերումը և այլ ծախսեր և հատկացվելու է ԿԳՄՍ ընդհանուր հատկացումների հաշվին վերաբաշխում կատարելու արդյունքում: Իսկ 2 տարիքային խմբի 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցներին տրամադրվող դրամական մրցանակները՝ ընդհանուր 14.9 մլն դրամ, նախատեսվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Ընդհանուր առմամբ կլինի մոտ 80 մրցանակակիր. 1-ին տեղը գրաված մասնակիցը կստանա 1 մլն դրամ, 2-րդը՝ 600 000 դրամ, 3-րդը՝ 400 000 դրամ, 4-րդը՝ 150 000 դրամ, 5-րդը՝ 100 000 դրամ, 6-10-ը՝ 75 000-ական դրամ, իսկ 11-20-րդ տեղերը՝ 50 000-ական դրամ:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ մրցութային կարգով կարող են մասնակցել նաև 18 տարեկանից ցածր բոլոր ցանկացողները: Ոչ մրցութային կարգով միջոցառմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել գործընկերներին, դեսպանատներին, միջազգային կառույցներին: Վ. Դումանյանը նաև նշել է, որ կառավարության նիստի այսօրվա չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունված որոշումներից մեկն էլ վերաբերում է վարչապետի հանձնարարականի կատարմանը, որը տրվել էր օլիմպիադայից հետո Հայաստանի հավաքականի մարզիկների հետ հանդիպման ժամանակ. 4 ֆեդերացիայի՝ ըմբշամարտի, ծանրամարտի, բռնցքամարտի և մարմնամարզության հատկացվել է 207 մլն դրամ, որպեսզի նրանք շարունակեն մասնակցությունը տարվա երկրորդ կեսին նախատեսված սպորտային միջոցառումներին:

Նիկոլ Փաշինյանը, կարևորելով հեծանվավազքի մրցաշարի անցկացումը, հիշեցրել է հարցի նախապատմությունը. «Հարգելի գործընկերներ, նախընտրական քարոզարշավի ընթացքում, կարծեմ Արագածավան գնալու ճանապարհին մենք հանդիպեցինք հեծանվորդների խմբի, և այդտեղից գաղափար առաջացավ ամենամյա, ոչ պրոֆեսիոնալ, սա շատ կարևոր է ընդգծել, մրցաշար անցկացնելու, որին կարող են մասնակցել արդեն նշված տարիքային խմբերի բոլոր ցանկացողները, որոնք պրոֆեսիոնալ մարզիկ չեն: Ըստ այդ տրամաբանության՝ մենք ի՞նչ ենք ուզում անել: Ուզում ենք, ինչպես նշված է մեր կառավարության ծրագրում և նաև Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության մեջ, առողջ ապրելակերպը դարձնել համընդհանուր: Դա իրականացնելու համար պետք է կոնկրետ գործողություններ կատարել: Տվյալ դեպքում ընտրվել է երթուղի՝ Շորժայի հատվածից մինչև Սևան: Այստեղ նաև փոքր նրբություն կա. գիտեք, որ այդ ճանապարհը շատ վաղուց չի վերանորոգվել, և հիմա այնտեղ ունենք բարձրակարգ ճանապարհ: Մենք ուզում ենք մի փոքր էլ մեր կառուցած ճանապարհները գովազդել:

Հաջորդը՝ մրցաշարը լինելու է ամենամյա: Իմիջիայլոց, արդեն պարզ է, որ յուրաքանչյուր մասնակից պետք է լինի իր հեծանիվով, սաղավարտով, այնտեղ պայմաններ կան, բժշկական տեղեկանք պետք է ներկայացնեն, որ իրենց թույլատրելի է այդպիսի մրցաշարերի մասնակցել: Սրանք նրբություններ են, որոնք կհրապարակվեն, կպարզաբանվեն: Մենք մտադիր ենք ոչ պրոֆեսիոնալ սպորտի 4 այսպիսի մրցաշար իրականացնել ամեն տարի՝ հեծանվավազք, վազք, սեղանի թենիս և լող: Ընդ որում, այստեղ հիմնական գաղափարն, այսպես ասած, զանգվածային մեկնարկով մրցաշարեր կազմակերպելն է: Լողի հետ կապված նրբություն կա՝ ուզում ենք այն կազմակերպել Սևանա լճում: Այնտեղ անվտանգության հետ կապված որոշակի խնդիրներ կան՝ հույս ունեմ, որ այդ խնդիրները կլուծվեն, և մենք ամեն տարի սեզոնային մրցաշար կունենանք. ձմռանը՝ սեղանի թենիսը, գարնանը՝ ենթադրաբար, վազքը, ամռանը՝ լողը և աշնանը՝ հեծանվավազքը: Սա, կարծում եմ, պիտի որ մեր քաղաքացիների շրջանում հետաքրքրություն առաջացնի:

Ուզում եմ հիշեցնել, որ կառավարության ծրագրում, պարոն Դումանյան, մենք կարևորել ենք նաև միջմարզային տարբեր մրցաշարերի կազմակերպումը: Այս առումով մենք ֆեդերացիաների հետ համագործակցելու շատ լավ դաշտ, հնարավորություն ունենք: Մեր ծրագրային կարևոր դրույթներից է սպորտի մասսայականացումը, և այս ուղղությամբ իհարկե, պետք է առաջ շարժվենք: Այո, օլիմպիական հավաքականի հետ հանդիպման մեր հիմնական պայմանավորվածությունը հետևյալն էր՝ որ մենք այստեղ էլ փորձենք ռազմավարական պլանավորում իրականացնել: Հաջորդ օլիմպիադային պետք է նախապատրաստվել նախորդ օլիմպիադայի ավարտի հենց հաջորդ օրվանից: Պայմանավորվեցինք, որ մեր՝ ընդհանրապես ցանկացած մարզական շրջափուլի կուլմինացիան Օլիմպիական խաղերն են, առավելևս խնդրում եմ հաշվի առնել, որ հաջորդ Օլիմպիական խաղերը տեղի են ունենալու ոչ թե 4, այլ 3 տարի անց: Մենք ֆեդերացիաների հետ պայմանավորվեցինք, որ մեր համագործակցությունը կդնենք այս տրամաբանության մեջ: Իհարկե, այստեղ շատ կոնկրետ անելիքներ ունեն ֆեդերացիաները, Ազգային օլիմպիական կոմիտեն և կառավարությունը, և մենք փոխգործակցված այս ուղղություններով պետք է առաջ գնանք:

Վերադառնալով հեծանվավազքի մրցաշարին՝ ես կարծում եմ, որ մենք պետք է շատ լուրջ աշխատանք տանենք, որ տեղեկությունը բոլոր պոտենցիալ հետաքրքրվող շահառուներին հասնի, որպեսզի մարդկանց համար հասկանալի լինի նաև, թե սա ինչ մրցաշար է, ինչի համար է արվում, ովքեր կարող են մասնակցել, ինչ պայմաններով, և ինչ է ենթադրվում: Մրցաշարը սեպտեմբերի 19-ին է»:

Հայաստանում ոչ պրոֆեսիոնալ սեզոնային մրցաշարերի անցկացման հետ կապված ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են մյուս սպորտաձևերով մրցումների անցկացմանը, մասնակիցների շրջանակի ընդլայնմանը վերաբերող և այլ հարցեր:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարությամբ ընթանում է նաև մյուս մրցաշարերի կազմակերպման աշխատանքը. սեզոնային մրցաշարերը նվիրված են լինելու ՀՀ անկախությանը և դրա հետ առնչվող տոներին՝ մայիսի 28-ին, օգոստոսի 23-ին և սեպտեմբերի 21-ին, իսկ ձմեռային մրցաշարը նվիրված կլինի, ամենայն հավանականությամբ, ամանորյա տոներին: Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ Պաշտպանության նախարարության հետ համատեղ մեծ աշխատանք է կատարվում մարզական վաշտի ուղղությամբ:

Անդրադառնալով այս թեմային՝ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ հարցը պարբերաբար բարձրացվել է ՀՀ օլիմպիական հավաքականի և ընդհանրապես մեր հավաքականների հետ շփման ընթացքում: «Հիշում եք, որ Հայաստանում մարզական վաշտը ժամանակին փակվեց: Դա մի քանի տարի առաջ էր, և ճիշտն ասած, ճիշտ արվեց, որ փակվեց: Ինչո՞ւ՝ որովհետև եկել-հասել էր մի կետի, որ ակնհայտորեն չէր ծառայում իր նպատակին: Այսինքն՝ ծառայությունից խուսափելու միջոց էր դարձել: Բայց մենք հիմա ինչո՞ւ ենք վերաբացում. նախ, որովհետև համոզված ենք, որ կկարողանանք ներդնել այնպիսի մեխանիզմ, որ չարաշահումները բացառի, և երկրորդ, այսօր մենք ունենք մեր հավաքականների հետ կապված խնդիրներ, որոնք նաև պատճառահետևանքային կապի մեջ են: Կարծում եմ՝ բանակի, Զինված ուժերի համար շատ կարևոր է ունենալ մարզական սեփական նշանի ներքո, բանակի տանիքի ներքո հանդես եկող թիմեր, մարզիկներ, որոնք նաև բանակի ոգու ձևավորմանը կարող են դրական ազդեցություն ունենալ: Պայմանը հետևյալն է, և մենք դրա շուրջ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ չարաշահման թեկուզ մեկ դեպք պետք է չունենանք, ընդհանրապես պետք է բացառվի: Այդտեղ պետք է լինեն այն մարզիկները, որոնք պրոֆեսիոնալ մարզիկ են, զբաղվում են կոնկրետ գործով և Հայաստանի Հանրապետության մարզական հաջողությունների և սպորտի զարգացման մեջ ունեն և ունենալու են կոնկրետ ներդրում: Սա շատ կարևոր պայման է, որ գործընթացը չվարկաբեկվի և այլ տրամաբանությունների չենթարկվի: Վերին աստիճանի սկզբունքայնությամբ մենք այս պայմանավորվածությունը պետք է պահենք», - ընդգծել է կառավարության ղեկավարը:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ Շորժա-Սևանա լճի թերակղզի 40 կմ երկարությամբ ճանապարհահատվածն ամբողջությամբ 2019, 2020, 2021 թվականներին ասֆալտապատվել է, և սեպտեմբերի 19-ին միջոցառման անցկացումը կարևոր է նաև նրանով, որ կնպաստի զբոսաշրջային սեզոնի երկարաձգմանը: Ակնկալվում է, որ հաջորդ տարի ամբողջովին կլուծվի Սևանա լճի շուրջ բարձրորակ ճանապարհ ունենալու խնդիրը, և ըստ այդմ՝ կարելի է դիտարկել մրցաշարի համար նախատեսվող հատվածները հաջորդ տարիների համար փոխելու/երկարացնելու հարցը:

Վարչապետն էլ նկատել է՝ այդ պարագայում կարելի է մտածել պրոֆեսիոնալ հեծանվավազքի մրցաշար կազմակերպելու մասին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հեծանվասպորտի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացումը և խորհուրդ տվել ՀՀ ճանապարհաշինության ոլորտի մասնագետներին՝ հետևել աշխարհում առկա տենդենցներին, մշակել հետաքրքիր լուծումներ, որոնք մեր երկրում ևս կարող են կիրառվել: «Այո, եկեք զարգացնենք գաղափարը և փորձենք պրոֆեսիոնալ, միջազգային մրցաշար կազմակերպել: Գիտեք՝ աշխարհում պրոֆեսիոնալ հեծանվավազքի մրցաշարերը մեծ հեղինակություն ունեն և մեծ ուշադրություն են կենտրոնացնում: Իհարկե, մենք չպետք է դնենք այնպիսի նշաձողեր, որ չկարողանանք հաղթահարել, բայց որ կարող ենք փորձել գաղափարը քայլ քայլ իրագործել՝ ակնհայտ է: Դրա համար պայմանավորվում ենք, որ առաջին քայլը Սևանի շուրջ բարձրորակ ճանապարհ ունենալն է, մնացածն այնտեղ արդեն կա՝ յուրահատուկ գեղեցիկ բնաշխարհը և լավ մարդիկ», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է ԿԳՄՍ նախարարին՝ առաջարկներ ներկայացնել նաև դպրոցական առաջնությունների կազմակերպման համար, ինչը խթան կլինի դպրոցական մարզական ենթակառուցվածքները վերականգնելու և կարիքները քարտեզագրելու համար: Նիկոլ Փաշինյանն առաջնահերթ ընդգծել է երեխաների շրջանում սպորտով զբաղվելու խրախուսման կարևորությունը՝ նշելով. «Խնդիրը շատ խորն է, ես ուզում եմ միայն այս ամենի գագաթը չտեսնենք: Երբ մենք առնչվում ենք մինչև 18 տարեկանների առողջական վիճակի հետազոտություններին, շատ մտահոգիչ պատկերի ենք ականատես լինում, և ակնհայտ է, որ այդ պատկերն ունի բազմաթիվ շերտեր՝ սկսած սոցիալականից շարունակած վարքականոնայինով: Բայց նաև ակնհայտ է, որ մանավանդ 21-րդ դարում, երբ կա ինտերնետ և շարժում չպահանջող զբաղմունքներ, մեր երեխաներն ընդհանրապես սպորտով, խաղով շատ քիչ են զբաղվում, ինչը կոնկրետ առողջական խնդիրների պատճառ է դառնում, ընդ որում, և՛ սոցիալապես ոչ ապահով, և՛ ապահով ընտանիքներում: 2 դեպքում էլ ֆիզիկական ակտիվության նվազ հատվածը բերում է շատ լուրջ առողջական խնդիրների: Հետևաբար, քանի որ այս ոլորտում երեխաների ինքնակազմակերպման մակարդակը հասկանալի պատճառներով նվազում է, պետությունը, կառավարությունն իր նախաձեռնողականության աստիճանը պետք է մեծացնի: Կոնկրետ խթաններ պետք է դրվեն, այդ թվում՝ նաև ֆինանսական, ամբիցիաներ պետք է ձևակերպվեն՝ թիմային տրամաբանությունը և ֆիզիկական ակտիվությունը խթանելու ուղղությամբ: Դա մեր ծրագրում արձանագրված է, և, ինչպես խոսեցինք, պետք է կոնկրետ արտահայտվի նաև միջոցառումների ծրագրում, ՄԺԾԾ-ում, պետական բյուջեում և այդպես շարունակ:

Սա շատ կարևոր գործընթաց է, և կարևոր է՝ գործընթացը տանել որակյալ, որ պատշաճ որակով իրականացվի, տնայնագործական մոտեցումներից զերծ մնանք: Սկսած գույնից, դիզայնից, տրամադրությունից՝ ամեն ինչ պետք է լինի ամենաբարձր մակարդակով: Դրա համար ենք անվանել Վարչապետի գավաթ, որպեսզի նաև դրա քաղաքական պատասխանատվությունը մեզ վրա լինի, և այդ ուղերձը լինի բոլոր կազմակերպիչներին, որ ամեն ինչ պետք է կազմակերպվի հնարավոր ամենաբարձր մակարդակով: Պարզ է՝ առաջին փորձի մեջ կլինեն որոշ բաներ, որոնք շտկման անհրաժեշտություն կունենան, բայց որոշակի նշաձող պետք է անպայման սահմանվի»:

Վարչապետն անդրադարձել է դեռևս 2018թ. վերջում Կապան կատարած իր այցի շրջանակում ֆուտբոլային դաշտի հետ կապված տրված խոստմանը: «Երկար տարիներ Կապանում ֆուտբոլային խաղեր տեղի չէին ունենում, և բանը հասավ այնտեղ, որ Կապանի մեր սիրելի քաղաքացիներն այդ հարցը բարձրացրեցին, և ես խոստացա այդ խնդիրը լուծել: Իհարկե, մի քիչ երկար տևեց, բայց ուրախ եմ արձանագրել, որ Կապանում օգոստոսին՝ երկար ընդմիջումից հետո, տեղի ունեցավ առաջին ֆուտբոլային հանդիպումը՝ Կապանի Գանձասար թիմի մասնակցությամբ: Սա նույնպես կարևոր է, որովհետև Կապանի քաղաքային կյանքի կազմակերպման համար դա շատ կարևոր նրբություն էր, և ուրախ եմ, որ մենք այդ դեպքում էլ այն, ինչ խոստացել էինք, կարողացանք իրականություն դարձնել: Իհարկե, մեր օրակարգում շատ ավելի կարևոր է մեր գլոբալ խնդիրների լուծումը, բայց նաև այս նրբությունները չպետք է մոռացության մատնվեն գլոբալ խնդիրների լուծման ընթացքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


2021 թվականին ևս կկառուցվի 500 կմ ճանապարհ

Նիստում հավանություն է տրվել «ՀՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ ու ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ դրա ընդունումը պայմանավորված է 2021թ. համար նախատեսված 6 ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ: Խոսքը վերաբերում է հետևյալ ճանապարհահատվածներին՝ Մ-2, Երևան–Երասխ–Գորիս–Մեղրի-Իրանի սահման կմ98+000-կմ101+400, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ196+000- կմ202+200 հատված, Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ130+400-կմ135+200 հատված, Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ154+000-կմ176+900 հատված, Հ-45, /Մ-2/-Շաքի-Սիսան-Դաստակերտ-Ցողունի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ14+590-կմ25+900 հատված, Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ68+300 - կմ70+800 հատված: Ընդհանուր առմամբ նախատեսված է հիմնանորոգել 51.1 կմ ճանապարհահատված, որից 37.3 կմ-ը՝ միջպետական նշանակության ավտոճանապարհ է, 13.8 կմ-ը՝ հանրապետական: Գումարը կազմում է 7.6 մլրդ դրամ:

Ի պատասխան վարչապետի այն հարցադրմանը, թե արդյոք կառավարությունը շարունակում է առաջ շարժվել տարեկան 500 կմ ճանապարհ կառուցելու տրամաբանությամբ՝ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը նշել է, որ 2021թ. ևս կապահովվի 500 կմ ճանապարհի կառուցում, որում ներառված չեն սուբվենցիաներով նախատեսված ճանապարհաշինությունը և Հյուսիս-հարավը: Իր հերթին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ այս տարի սուբվենցիաներով նախատեսված է 200 կմ ճանապարհի կառուցում:

Անդրադառնալով հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է հետևյալը. «Ուզում եմ հիշեցնել, որ երբ 2019թ. մենք տարեկան 500 կմ նշաձողը դրել ենք, այդտեղ չենք հաշվառել «Հյուսիս-հարավ»-ում և սուբվենցիաներով կատարվող աշխատանքները: Այնպես որ, իրական աշխատանքը 500 կմ-ից ավելի է, և դա շատ կարևոր է: Իսկ սուբվենցիաների հետ կապված՝ պետք է անպայման համայնքային բյուջեների հետ կապված մեխանիզմը լավարկենք, ինչի շուրջ արդեն պայմանավորվել ենք:

Հաջորդ խնդիրը, որ ցանկանում եմ հիշեցնել, աշխատակազմին հանձնարարականն է՝ անպայման լուծել կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում փոփոխություններ անելու մեխանիզմների և ժամկետների հետ կապված հարցը: Որովհետև նախկին մեխանիզմը, որ գոյություն ունի՝ մինչև փետրվար առաջարկ անել, հետո ընդունել և այլն՝ մենք պետք է ամեն ինչը բյուջետային տարվա սահմաններում իրականացնենք, որպեսզի մեր անելիքներն ավելի կանխատեսելի լինեն և տարուց տարի անցման շրջանում հնարավորինս քիչ ժամանակ, ռեսուրս և պլանավորում կորցնենք», - խոսքը եզրափակել է երկրի վարչապետը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: