ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելին պատմել է ԼՂ հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման մասին։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել է ԼՂ շուրջ իրավիճակը։ Շառլ Միշելի խնդրանքով ՌԴ նախագահը տեղեկացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների դրույթների իրականացման հարցով ձեռնարկվող քայլերի մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Կրեմլում հավելել են, որ կողմերը պայմանավորվել են շարունակել տարբեր մակարդակներով շփումները։
Իր հերթին, Շառլ Միշելը Թվիթթերի իր էջում նշել է, որ զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հեռանկարների շուրջ, որոնք անհրաժեշտ են վստահության ամրապնդման եւ երկխոսության համար։