ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ և ՇՀԿ տարածաշրջաններում ահաբեկչության սպառնալիքի արդյունավետ զսպմամբ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին, որին տեղում կամ հեռավար ձևաչափով մասնակցել են երկու կազմակերպությունների անդամ-պետությունների ղեկավարները: Նիստի ընթացքում քննարկվել է Աֆղանստանում ստեղծված իրավիճակը:

Իր ելույթի սկզբում վարչապետ Փաշինյանը ողջունել է պետությունների և պատվիրակությունների ղեկավարներին և նշել. «Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել բոլոր ներկաներին Շանհայի համագործակցության կազմակերպության 20- ամյակի կապակցությամբ:

Անցած տարիների ընթացքում ՇՀԿ-ն կայացավ որպես տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ոլորտում փոխգործակցության կարևոր հարթակ:

Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Տաջիկստանի նախագահին՝ մեծարգո Էմոմալի Ռահմոնին, ջերմ ընդունելության և այսօրվա հանդիպման կազմակերպման համար:

Մեր հանդիպումը տեղի է ունենում ժամանակահատվածում, երբ Աֆղանստանում արմատական փոփոխությունները երկրում բոլորովին նոր իրավիճակ են ստեղծել: Նրանց բնույթը զգալի ազդեցություն ունի ոչ միայն երկրում և տարածաշրջանում զարգացումների, այլև ամբողջ աշխարհում իրավիճակի և իրադարձությունների հետագա զարգացման վրա:

Մենք ուշադիր հետևում ենք Աֆղանստանում և նրա շուրջ զարգացումներին:

Ռազմական գործողությունների ավարտի, պետական պաշտոնյաների համընդհանուր համաներման, ներառական կոալիցիոն կառավարություն ստեղծելու մտադրությունների, իսլամական իրավական համակարգում կանանց իրավունքների հարգման և երկրում թմրամիջոցների արտադրությունն արմատախիլ անելու ցանկության մասին նախնական փուլում արված հայտարարությունները լավատեսությամբ ընդունվեցին միջազգային հանրության կողմից: Նման միջոցառումների արագ և լիարժեք իրականացումը կնպաստեր երկրում խաղաղության, կարգուկանոնի և կայունության հաստատմանը:

Սակայն ստիպված ենք արձանագրել, որ այս փուլում այդ մտադրությունները դեռևս կոնկրետ արտացոլում չեն գտել թալիբների ձեռնարկած քայլերում:

Վստահ ենք, որ Աֆղանստանում իրավիճակի երկարաժամկետ կարգավորման երաշխիքն արդար քաղաքական գործընթացն է` բոլոր աֆղանցիների ներգրավմամբ և երկրում բոլոր էթնիկ և կրոնական համայնքների ներկայացվածությամբ:

Դրա համար խիստ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեն և վերահաստատեն իրենց` տարաձայնությունները բացառապես երկխոսության և բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը:

Որպես ՀԱՊԿ անդամ երկիր, մենք ցանկանում էինք, որպեսզի ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ողջ պարագծում՝ հավաքական անվտանգության բոլոր շրջաններում խաղաղությունն ու հանգստությունը տիրեր:

Հայաստանը խիստ շահագրգռված է ՀԱՊԿ և ՇՀԿ տարածաշրջաններում միջազգային ահաբեկչության սպառնալիքի արդյունավետ զսպմամբ: Պատեհ պահին համարժեք արձագանքի բացակայության դեպքում դա կարող է հանգեցնել իրավիճակի հետագա արմատականացմանը և ահաբեկչական ցանցերի՝ հարևան երկրներ և հատկապես հակամարտության գոտիներ ներթափանցմանը:

Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն իրենց բոլոր ձևերով և դրսևորումներով: Հատկապես անընդունելի է առանձին երկրների կողմից ահաբեկչական կազմավորումների օգտագործումը՝ որոշակի ռազմաքաղաքական նպատակների հասնելու համար:

Այս առումով ավելի սերտ երկխոսության և փոխգործակցության կոչ ենք անում, առաջին հերթին՝ իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների մակարդակով՝ տեղեկատվության և փորձի փոխանակման, ինչպես նաև մեր Կազմակերպության գործող մեխանիզմների շրջանակներում ահաբեկչության սպառնալիքը չեզոքացնելու ուղղությամբ արդյունավետ համատեղ գործողությունների իրականացման նպատակով:

Շնորհակալություն ուշադրության համար»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: