ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ իշխանությունները չեն պատրաստվում դիմել այնպիսի քայլերի, որի արդյունքում կզրկվեն Թուրքիայի նման դաշնակցից

REUTERS/Joshua Roberts/File Photo

Հռոմում G20-ի գագաթաժողովի շրջանակում օրերս տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Ինչպես և սպասելի էր հանդիպման ընթացքում հիմնական քննարկման թեման դարձավ ամերիկյան F-35 և F-15 կործանիչների խնդիրը և պաշտպանական ոլորտում Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունը՝ մասնավորապես Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերումը:

Նշենք, որ 2019թ.-ին, երբ Թուրքիան Ռուսաստանից գնեց Ս-400 համակարգերը, ԱՄՆ-ն որոշում կայացրեց դուրս թողնել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այդ ժամանակ հայտարարեց, որ իր երկիրն ստիպված է դադարեցնել ավելի քան 100 ինքնաթիռների վաճառքը Թուրքիային: Միացյալ Նահանգները մինչ օրս դեռ փոխհատուցում չի տրամադրել գնված 100 կործանիչների համար: Այդ նպատակով Անկարան վերջերս դիմել էր Վաշինգտոնին վճարված 1 միլիարդ 400 միլիոն դոլարի վերադարձի կամ դրա փոխարեն 10 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար: Այս հարցի հետ կապված այս շաբաթ Թուրքիա էր ժամանել ԱՄՆ Պենտագոնի պատվիրակությունը: Նրանց խոսքով առաջին փուլի քննարկումներն արդյունավետ են անցել, և երկու կողմի պատվիրակությունները ծրագրում են առաջիկա ամիսներին կրկին հանդիպել Վաշինգտոնում։ Հետաքրքրականն այն է, որ վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի կառավարության և մասնավորապես Էրդողանի հայտարարությունները հստակ ցույց են տալիս, որ Թուրքիան շահագրգռված է ավելի շատ F-16 կործանիչներ ձեռքբերելու հարցում, քան գումարի վերադարձի: Սակայն ամենից ուշագրավն այն է,  որ Էրդողան-Բայդեն այս վերջին հանդիպման ժամանակ ամերիկացի առաջնորդը վստահեցրել է, որ այդ հարցը ԱՄՆ օրակարգում է։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ Բայդենը խոստացել է օգնել համոզել ԱՄՆ Կոնգրեսի անդամներին հավանություն տալ Անկարայի հետ F-16 ինքնաթիռներ գնելու գործարքին։ Այսինքն՝ F-35 կործանիչների փոխարեն ԱՄՆ նախագահը խոստացել է տրամադրել F-16 կործանիչներ:

Ինչ վերաբերվում է Ս-400 համակարգերի ձեռքբերմանը,  ապա Բայդենն իր մտահոգությունն է հայտնել այս հարցի կապակցությամբ: «Նախագահ Բայդենը հաստատել է, որ երկրները գործընկերներ են պաշտպանական ոլորտում, ինչպես նաև հաստատել է Թուրքիայի կարևորությունը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, սակայն նշել է ԱՄՆ-ի մտահոգությունը՝ կապված Թուրքիայում ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի առկայության հետ», - ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Սակայն հարկավոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Բայդենը միևնույն ժամանակ ընդգծել է երկու երկրների միջև կառուցողական հարաբերություններ պահպանելու, «իրենց համագործակցության ոլորտները ընդլայնելու և իրենց միջև ծագող տարաձայնություններն արդյունավետորեն հաղթահարելու» մասին, ինչը տեղավորվում է Միացյալ Նահանգների՝ Թուրքիայի նկատմամբ վարվող քաղաքականության շրջանակներում:  Մի կողմից Բայդենը փորձում է Թուրքիայի վրա ճնշում գործադրել, սակայն մյուս կողմից չի պատրաստվում դա հասցնել այն աստիճանի, որը կհանգեցնի երկու երկրների հարաբերությունների էլ ավելի վատթարացման: Բանն այն է, որ Ս-400 համակարգերի ձեռքբերումը Թուրքիային ինչ-որ չափով կարող է հեռացնել ԱՄՆ ազդեցության գոտի լինելուց, ինչը ձեռնտու չէ Վաշինգտոնի համար: Հետևաբար՝ վերջինս ներկայումս  կանգնած է այն հարցի առաջ, թե ինչպես ստիպել Անկարային գործել ԱՄՆ արտաքին քաղաքականությանը համահունչ: Սակայն միևնույն ժամանակ ԱՄՆ իշխանությունները չեն պատրաստվում դիմել այնպիսի քայլերի, որի արդյունքում կզրկվեն Թուրքիայի նման դաշնակցից, որը լրացուցիչ լծակ է հանդիսանում ԱՄՆ համար առաջին հերթին Ռուսաստանի դիրքերն այս տարածաշրջանում թուլացնելու տեսանկյունից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: