ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը բացառել է ԼՂ խնդրի ռազմական լուծումը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում շատ խնդիրներ մնում են չկարգավորված, սակայն ռազմական լուծում լինել չի կարող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ասել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչության գործերի հավատարմատար Քորթնի Օսթրիանը:

Նա ողջունել է նիստին ներկա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Իգոր Խովաևին (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները մեծապես կարևորում է նրանց կատարած շարունակական աշխատանքը:

«Մենք հանձնառու ենք աջակցել կողմերին՝ գտնելու լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապած կամ դրա հետևանքով առաջացած խնդիրներին: Շնորհակալ ենք բոլորիդ, այդ թվում և Բարձր մակարդակի կազմակերպման խմբի ղեկավարին, ձեր ճշգրիտ զեկույցների ու թարմացումների համար»,- նշել է Օսթրիանը:

Նա ընդգծել է, որ նրանց՝ 2020 թվականի նոյեմբերին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին վերջին ներկայությունից  հետո իրադրությունը կայունացել է, սակայն շարունակում է փխրուն մնալ: «Այս շաբաթն ընդգծեց այդ փխրունությունը: Ցավում ենք, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին հայկական ու ադրբեջանական զորքերը բախվեցին, ինչը հանգեցրեց մարդկային կորուստների: Այս վերջին իրադարձությունները նոր հրատապ անհրաժեշտություն են ստեղծել՝ ունենալու համապարփակ կարգավորում: Կոչ ենք անում թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին հավատարիմ մնալ հրադադարի իրենց հանձնառությանը և անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու նպատակով, ինչպես նաև զերծ մնալու հրահրող հռետորաբանությունից ու սադրիչ գործողություններից կամ հայտարարություններից»,- նշել է նա:

ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչության գործերի հավատարմատարը հորդորել է կողմերին օգտվել այն առաջընթացից, որը գրանցվել էր Նյու Յորքում և Փարիզում համանախագահների հովանու ներքո Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հանդիպումների ընթացքում՝ ներգրավվելով ուղիղ երկխոսության մեջ՝ հանուն տարածաշրջանում անվտանգության, կայունության ու բարօրության հաստատման: «Հորդորում ենք կողմերին հետաքննել մարդու իրավունքների ոտնահարումների ու միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բոլոր մեղադրանքները»,- ասել է նա:

Օսթրիանը ողջունել է Կասպշիկի և նրա թիմի աշխատանքը՝ ուղղված կողմերի շրջանում թափանցիկության խթանմանն ու վստահության հաստատմանը՝ ընդգծելով, որ այդ աշխատանքն անփոխարինելի է և ունի ամերիկյան կողմի լիակատար աջակցությունը:

«Հակամարտության համատեքստում շատ խնդիրներ մնում են չկարգավորված, սակայն ռազմական լուծում լինել չի կարող: Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել կողմերի հետ՝ գտնելու տևական ու խաղաղ կարգավորում՝ հիմնված մասնակից պետությունների կողմից ճանաչված սկզբունքների վրա, որոնք են՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների հավասար իրավունքներն ու ինքնորոշումը, ինչպես նշվում է Հելսինկյան եզրափակիչ ակտում»,- եզրափակել է խոսքը ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչության գործերի հավատարմատար Քորթնի Օսթրիանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: