ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բլինկեն-Լավրով հանդիպում. ի՞նչ է քննարկվել

Saul Loeb | Pool | Reuters

Ստոկհոլմում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` այս տարվա ընթացքում երկրորդ հանդիպումը՝ այս անգամ ԵԱՀԿ նախարարական նիստի շրջանակներում: 40 րոպե տևած բանակցությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Արևմուտքի և Ռուսաստանի միջև շարունակվող բավականին մեծ լարվածությունը: Ինչպես և սպասելի էր բանակցությունների գլխավոր թեման եղել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Նախ նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել Ուկրաինայի շուրջ ստեղծված լարվածության ֆոնին: Ուկրաինան ու Արևմուտքը պնդում են, թե Ռուսաստանը մեծ  թվով զորքեր է կուտակում Ուկրաինայի հետ սահմանին և պատրաստվում է հարձակման։ Մոսկվան, իր հերթին, հերքում է այս մեղադրանքները և պնդում, թե Կիևն է սրում իրավիճակը՝ արևմտյան դաշնակիցների աջակցությամբ։  Ավելին, ՌԴ-ն պնդում է, որ Կիևի ագրեսիվ հռետորաբանությունը կարող է ինչ-որ պահի հանգեցնել նոր բախումների Ուկրաինայի արևելքում: Իսկ Ուկրաինայի իշխանություններն էլ, իրենց հերթին,  հերքում են, որ պատրաստվում են ռազմական գործողություններ վերսկսել և Ռուսաստանին մեղադրում են քարոզչական անհեթեթություններ տարածելու մեջ, որոնց նպատակը «սեփական ագրեսիվ մտադրությունները կոծկելն է»…

Նշենք, որ այս մեղադրանքներն էին դրված ինչպես ԵԱՀԿ նախարարական նիստի շրջանակներում Լավրովի և Բլինկենի առանձին ելույթների հիմքում, այնպես էլ երկկողմ հանդիպման օրակարգում:

Անդրադառնանք դրանց առանձին-առանձին:

ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդում իր ելույթի ժամանակ Բլինկենը մասնավորապես մեղադրեց Ռուսաստանին մինսկյան համաձայնագրերը չկատարելու մեջ և կոչ արեց Ռուսաստանին հետ քաշել զորքերը Ուկրաիանյի հետ սահմանից:  «Մենք կոչ ենք անում Ռուսաստանին հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սահմանափակել վերջին շրջանում զորքերի կուտակումը և վերադարձնել նրանց իրենց ելման դիրքեր: Եվ նաև իրականացնել Մինսկի համաձայնագրերը հրադադարի դրույթների և ԵԱՀԿ դիտորդների անարգել մուտքի ապահովման վերաբերյալ»,- ասել է Բլինկենը:

Լավրովն, իր հերթին, ափսոսանք հայտնեց, որ ՆԱՏՕ-ն ոչ մի քայլ չի ձեռնարկում խուսափելու առճակատումից և նշեց, որ Ռուսաստանի համար կտրականապես անընդունելի են ՆԱՏՕ-ի ընդարձակման ծրագրերն ու հարևան երկրները Մոսկվայի դեմ հակասությունների ռազմադաշտ դարձնելու փորձերը: «ՆԱՏՕ-ն հրաժարվում է կառուցողականորեն դիտարկել լարվածությունը թուլացնելու և վտանգավոր միջադեպերը կանխելու մեր առաջարկները։ Ընդհակառակը, դաշինքի ռազմական ենթակառուցվածքներն անպատասխանատու կերպով մոտեցվում են Ռուսական սահմաններին, ինչը վերադարձնում է ռազմական առճակատման մղձավանջային սցենարը, որի միջով անցավ մեր մայրցամաքը ՆԱՏՕ-ի հայտնի որոշումից հետո»,- նշել է Լավրովը: Նա նաև ընդգծեց, որ Ուկրաինայի ներգրավումը Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական խաղերում լուրջ հետևանքներ կունենա՝ Մոսկվային ստիպելով պատասխան քայլեր ձեռնարկել։

ԱՄՆ պետքարտուղարության և ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունների տարածած հաղորդագրություններից պարզ է դառնում, որ այս մեղադրանքներով ու սպառնալիքներով էլ շարունակվել է Լավրով-Բլինկեն երկկողմ հանդիպումը:

Մասնավորապես, բանակցությունների ընթացքում ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կստիպեն Ռուսաստանին «զգալի գին» վճարել, եթե վերջինս որոշի «ռազմական էսկալացիայի» դիմել։ Թե ինչ «զգալի գին» վճարելու մասին է խոսքը գնում ամերիկացի պաշտոնյան, այնուամենայնիվ, չի մանրամասնել։ Սակայն հարկավոր է այստեղ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Ուկրաինայի արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ Կիևն ու Վաշինգտոնը միասին աշխատում են Ռուսաստանի «ագրեսիան զսպելուն» ուղղված համապարփակ փաթեթի շուրջ, որն ընդգրկում է նաև տնտեսական պատժամիջոցներ:

Իր հերթին, Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանի օրինական մտահոգությունների անտեսումը և Ուկրաինային ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելը՝ ՌԴ սահմանների անմիջական մերձակայքում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման ֆոնին,  լրջագույն հետևանքներ կունենան և կստիպեն Ռուսաստանին պատասխան միջոցներ ձեռնարկել՝ ուղղելու ռազմական հավասարակշռությունը:  Լավրովը  նաև նշել է, որ   Մոսկվան Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքից ակնկալում է անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ, որոնք կկանգնեցնեն ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք…

Նշենք, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հարավային Կովկասը: Պետքարտուղարության հաղորդագրության մեջ միայն նշվում է, որ կողմերը քննարկել են իրավիճակը Կովկասում, և պետքարտուղարը «ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերսկսումը»։ Սակայն, ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող իրադարձություններին և Ղարաբաղյան հակամարտությանը նաև ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում ունեցած իր ելույթի ժամանակ:  Վերջինս մասնավորապես կոչ է արել կողմերին առաջընթացի հասնել հումանիտար հարցերի, այդ թվում՝ ռազմագերիների, ականազերծման, անհետ կորածների հարցերի, մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների, միջազգային հումանիտար իրավունքի խախտումների հետաքննության հարցում:

Բացի այդ, «հույս է հայտնել, որ այնտեղ իրենք բոլորը կարող են միասին աշխատել, այդ թվում՝ Ռուսաստանի հետ՝ շարունակելու առաջընթաց գրանցել», ինչպես նաև «կոչ է արել բոլոր կողմերին լուծել այլ չլուծված հարցեր, ինչպիսիք են սահմանագծումն ու սահմանազատումը, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնումը և շարունակել համագործակցությունը Մինսկի խմբի համանախագահների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական խաղաղ վերջնական լուծման համար»…

 

 

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: