ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրապարակված որոշումների վերաբերյալ

Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ հրապարակեց որոշումները:

Այդ որոշումները, միանշանակ, արտացոլում են դատարանի կողմից հայկական կողմի ներկայացրած մի շարք առանցքային փաստարկների ընդունումը, և դատարանի առջև մեր դիրքորոշումների հաստատումը:

Հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ իր դիմումում Հայաստանն ապացույցներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց նկատմամբ ռասայական դրդապատճառներով սպանությունների և խոշտանգումների, ինչպես նաև հայերի նկատմամբ ռասայական ատելության և հայկական մշակութային ժառանգության ոչնչացման շարունակական քաղաքականության վերաբերյալ:

Դատարանը գտել է, որ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում առկա է ազգությամբ հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ, և Ադրբեջանին պարտավորեցրել է հետևյալը.

1․ «Պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից բոլոր այն անձանց, ովքեր գերեվարվել են՝ 2020թ․ զինված հակամարտությամբ պայմանավորված, և դեռևս շարունակում են մնալ գերեվարված, և ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առջև հավասարությունը»,

2․ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»,

3․ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:

Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի կողմից ներկայացված՝ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ հայցադիմումի բանավոր լսումների ժամանակ Դատարանը հիշատակել է Ադրբեջանի ներկայցուցչի պաշտոնական հայտարարությունը, որ այսպես կոչված «Ռազմավարի պուրակից» հեռացվել են հայ զինվորներին պատկերող մանեկենները և Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ընթացքում հայ զինվորների կրած սաղավարտների ցուցադրությունը և ապագայում դրանք այլևս չեն ցուցադրվի:

Հատկանշական է նաև, որ Դատարանը իր վճռով միայն Ադրբեջանին է պարտավորեցրել՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու խտրականությունն ու դրա հրահրումը, «այդ թվում՝ իր պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»:

Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հետևողականորեն հնչեցվող հայատյացության հռետորաբանությունը, Ադրբեջանի վերահսկողության կամ իրավասության տակ գտնվող հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումն ու պղծումը անհաղթահարելի խոչընդոտներ են հանդիսանում տարածարջանում լարվածության նվազեցման և խաղաղ զարգացման համար:

Հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ Դատարանի վճիռները ճանաչում են այս իրողությունները և դրանց հասցեագրման համար ստեղծում են միջազգային իրավունքի համաձայն՝ պարտադիր իրավական ուժ ունեցող պարտավորություններ:

Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշումների կատարմանը և Դատարանին տեղեկացնելու է ցանկացած խախտման մասին։

Դատարանի որոշումը ևս մեկ անգամ վերահաստատում է հայկական կողմի՝ այս ընթացքում հնչեցրած ահազանգերի լեգիտիմությունը գերիների և այլ պահվող անձանց, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում վտանգված հայկական պատմամշակութային ժառանգության, Ադրբեջանի կողմից հնչող հայատյաց հռետորաբանության վերաբերյալ:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրավիրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության և մյուս միջազգային գործընկերների ուշադրությունը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռին և կոչ անում շարունակել ջանքեր գործադրել արձանագրված խնդիրների համապարփակ հասցեագրման ուղղությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: