Եվրոպական երկրները, Վիեննայի միջուկային գործարքում լուրջ երկխոսության փոխարեն, երբեմն ապատեղեկատվական արշավներ են իրականացնում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։ «Եվրոպական երեք երկրները, իրենց ուժն ու էներգիան լուրջ բանակցությունների վրա վատնելու փոխարեն, երբեմն լրատվամիջոցներում ապատեղեկատվական արշավներ են իրականացնում»,- մեջբերում է նրա խոսքերը նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Դիվանագետը նշել է, որ «մինչ օրս համաձայնեցվել է [համաձայնագրի] երկու տեքստ, որոնք շատ ինտենսիվ բանակցությունների արդյունք են»։ «Այս տեքստերը հաշվի են առնում Իրանի կարծիքը <...>, և դրանց հիման վրա մենք կարող ենք շարունակել բանակցությունները»,- հավելել է նա։
«Եթե առաջին օրվանից հակառակ կողմը դրսևորեր նույն մոտեցումը, որը եղավ վերջին երկու-երեք օրերին բանակցություններում, ապա մենք ավելի վաղ կհասնեինք այդ տեքստերին՝ որպես հետագա երկխոսության հիմք», - ասել է Խատիբզադեն։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հոդված էր հրապարակել՝ հղում անելով «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) դիվանագետներին, որոնք բանակցությունների դադարեցումն անվանել են «հիասթափեցնող դադար»։