Սահմանադրական դատարանն իր այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի նիստում որոշեց, որ հակասահմանադրական է Առողջապահության նախարարի հրամանի որոշ դրույթներ: Մասնավորապես, ՍԴ-ն «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչեց Սահմանադրության 6-րդ կետի առաջին, երկրորդ մասերի և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ Նկատի առնելով, որ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող աշխատողների շրջանակի սահմանումը դուրս է առողջապահության նախարարի օրենքով սահմանված լիազորությունների շրջանակից, հայտնում է News.am-ը:
Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նշենք՝ ըստ որոշման, գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։
Ըստ դիմումը ներկայացրած պատգամավորների՝ այդ հրամանը հարկադրում է բոլոր աշխատողներին, կամ իրենց միջոցներով թեստ հանձնել, կամ պատվաստվել: Պատգամավորներն արձանագրել էին, որ այն պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված, այլ ոչ պարտադրված որոշումը:
Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասի` սույն գործով որպես պատասխանող կողմեր դատավարությանը ներգրավված են նշված օրենքն ընդունած մարմինը` ՀՀ Ազգային ժողովը և նշված հրամանն ընդունած մարմինը՝ ՀՀ առողջապահության նախարարը։