Երևանին և Բաքվին համբերություն եմ մաղթում. Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ղարաբաղյան հակամարտությունն անվանել է ամենաբարդ, ամենաերկարատև և արյունալի հակամարտություններից մեկը։ Այսօր հրավիրված ճեպազրույցի ընթացքում նա Հայաստանին և Ադրբեջանին մաղթել է խաղաղություն և համբերություն հակամարտության կարգավորման գործում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
«Հայաստանին և Ադրբեջանին, ինչպես նաև բոլոր այն փորձագետներին, որոնք աշխատում են, այդ թվում`ռուսական կողմից, իրավիճակը նոր բարդացումներից պահպանողներին նախևառաջ մաղթում եմ խաղաղություն, համբերություն, հաջողություն` ամենաբարդ, ամենաերկարատև և արյունալի հակամարտություններից մեկի կարգավորման այս ծանր առաքելության մեջ», – ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ ամեն ինչ կկարգավորվի, եթե կողմերն առավելագույն ջանքեր գործադրեն։
Նա փաստել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններն անցնող տարվա ընթացքում ընդհանուր առմամբ կատարվել են։ Ըստ Զախարովայի` Բաքուն և Երևանը հավատարիմ են համաձայնագրի բոլոր դրույթների անշեղ կատարմանն ու հետագա իրագործմանը։