Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Վայլդբերիզ» (Wildberries) ռուսաստանյան առցանց հարթակի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկին, հայտնում են կառավարությունից:
Ողջունելով «Վայլդբերիզ»-ի գործունեությունը մեր երկրում՝ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջնահերթություն է համարում տնտեսությունում ներդրումների ներգրավումը, ներդրումային միջավայրի հետևողական բարելավումը և պատրաստ է աջակցել ՀՀ-ում առաջատար ընկերությունների զարգացման ծրագրերին:
Զրուցակիցները քննարկել են համագործակցության խորացման և էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել լոգիստիկ նոր կենտրոնի կառուցման, ապրանքների և ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացման, տեղական արտադրանքի արտահանման շուկաների ընդլայնման հնարավորությունների շուրջ:
Վարչապետը ևս մեկ անգամ ողջունել է «Վայլդբերիզ» ընկերության զարգացման ծրագրերը և վերահաստատել Կառավարության պատրաստակամությունը՝ իր գործիքակազմով օժանդակելու ներդրումային նոր նախագծերի իրականացմանը: