Ռուսական կողմը չի բացառում, որ Արևմուտքը ցանկանում է «փոքր պատերազմ» կազմակերպել Ուկրաինայում և դրանում մեղադրել Մոսկվային՝ համապատասխան պատրվակով պատժամիջոցներ կիրառելու և ՌԴ մրցակցային հնարավորությունները ճնշելու համար։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Սոլովյով լայվ» հաղորդմանը տված բացառիկ հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Չեմ բացառում, որ միլիտարիստական տրամադրություններ բորբոքելու նման ցանկություն կա՝ [Ուկրաինայում] «փոքրիկ պատերազմ» կազմակերպել, այնուհետև մեզ մեղադրել, նոր պատժամիջոցներ կիրառել՝ մեր մրցակցային հնարավորությունները ճնշելու համար», - ասել է Լավրովը:
Այս առնչությամբ նախարարը նաև ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի դեմ կանխարգելիչ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ Արևմուտքում տարածված դիրքորոշման վրա, ըստ որի՝ այժմ պահանջվում է սահմանափակումներ մտցնել, բայց` վերացնել, եթե Ուկրաինայի հետ իրական առճակատում տեղի չունենա։ «Պարզ է, որ դրանք երբեք չեն վերացվի»,- ամփոփել է Լավրովը։