Ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականները բարերարների հետ միասին ամանորյա տոներին ընդառաջ մեկ օրում ավելի քան 10 հումանիտար ակցիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում:
Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները շնորհավորել և նվերներ են հանձնել ԼՂ Ասկերանի շրջանի հեռավոր համայնքների մանկապարտեզների և դպրոցների ավելի քան 1700 երեխայի:
«Այսօր ռուսական խաղաղապահ զորակազմն ամանորյա ակցիա է իրականացրել Ասկերան քաղաքում: 1700 երեխա ամանորյա նվերներ, խաղալիքներ և կոնֆետներ են ստացել: Երեխաներին երախտագիտություն եմ հայտնում կազմակերպված ցերեկույթի համար: Վաղը կշարունակվեն ամանորյա ակցիաները Ասկերանի շրջանում»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը:
Նշվում է, որ տոնական օրերին խաղաղապահները բարերարների հետ շուրջ 70 հումանիտար ակցիա են իրականացնելու մոտ 8000 երեխայի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։