Դեկտեմբերի 23-24-ին Մոսկվայում տեղի է ունեցել Արցախյան պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի էլիտաների առաջին հանդիպումը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է News.am-ը:
«Կարծում ենք, որ երկու երկրների հանրության ներկայացուցիչների միջև հանդիպումը հասել է իր նպատակին, այն է՝ բարիդրացիական շփումներ հաստատել երկու հարևան երկրների գիտական, ստեղծագործական էլիտայի ներկայացուցիչների միջև՝ ստեղծելով բարենպաստ ֆոն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների հետևողական կարգավորման համար»,-ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ մասնակիցները միակարծիք են, որ իրենք տեսնում են մտավորականության դերը Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև անվստահության աստիճանի նվազեցման գործում։ Կառուցողական երկխոսության տրամադրվածություն է դրսևորվել, ի թիվս այլնի, զգայուն հումանիտար թեմաների քննարկման ժամանակ, որոնք են՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձ, ականապատ դաշտերի մնացած քարտեզների փոխանցում Հայաստանի կողմից։
«Մենք աջակցում ենք, աջակցել ենք և կշարունակենք աջակցել նման նախաձեռնություններին։ Կարծում ենք, որ նման միավորող օրակարգը չափազանց արդիական է, քանի որ այն նպաստում է առարկայական պայմանավորվածությունների ձեռքբերմանը, որոնք մթնոլորտ են ստեղծում այլ ուղղություններով առաջ շարժվելու համար»,-ասել է Զախարովան։ Նա հավելել է, որ հեռանկարում ծրագրվում է նման շփումներ իրականացնել կանոնավոր կերպով, այդ թվում՝ Ադրբեջանում և Հայաստանում։