Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ահազանգեր է ստացել Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ, Վերին և Ներքին Շորժա գյուղերի բնակիչներից՝ կապված սահմանին Ադրբեջանի երեկվա սադրանքի հետ։ Այս մասին հունվարի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց օմբուդսմեն Արման Թաթոյանը, հայտնում է NEWS.am-ը։
«Բոլորի հետ կապի մեջ ենք։ Բնակիչները լսել են հրետանու ձայնը»,-ասաց օմբուդսմենը։ Թաթոյանն ընդգծեց, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում անցած տարվա մայիսին ներխուժած տարածքներում։ Միաժամանակ, օմբուդսմենը նշեց, որ ներխուժումը կատարվել է ավելի վաղ՝ 2020 թվականի հոկտեմբերին՝ պատերազմի ընթացքում, Կապանի մոտ գտնվող Ծավի ուղղությամբ։ Ուստի պետք է խոսել ադրբեջանցիների՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման և գլոբալ առումով ադրբեջանական ուժերի դուրսբերման անհրաժեշտության մասին, այլ ոչ միայն «մայիսյան ներխուժման» մասին»,-ասաց Թաթոյանը։