Կասկած չկա, որ ղազախական ճգնաժամն իր ազդեցությունն է ունենալու տնտեսական կյանքի վրա: Ղազախստանում տարբեր ընկերակցությունների կողմից արդեն իսկ գնահատականներ են հնչում ղազախական տնտեսության կրած վնասների վերաբերյալ: Բնականաբար, այդ հաշվարկներն առաջնային են՝ կապված զանգվածային բախումների արդյունքում նյութական վնասների հետ, լոգիսիտիկ խափանումների և այն: Նախնական գնահատականներով այդ վնասները գերազանցում են 200 մլն դոլարը:
Հասկանալի է, որ ցուցանիշը խիստ սկզբնական է: Բնականաբար ղազախական տնտեսության համար տնտեսական շոկը երկար կտևի: Ե՛վ ներքին տնտեսական, և՛ արտաքին հարաբերությունների տեսանկյունից միջինաժամկետ և երկարաժամկետ խնդիրները կլինեն գերակշռող՝ այդ թվում եղած գործընկերային կապերի վերանայման, ներդրումների հավանական կրճատման, տնտեսության տեմպի անկման, ճգնաժամային կառավարման հետ կապված, և այլն:
Միևնույն ժամանակ, հասկանալի է, որ ԵԱՏՄ՝ մեծությամբ երկրորդ տնտեսությունը, կրելու է այսօրվա անկայունության հետևանքները: Դա կարտացոլվի Ղազախստանի հետ մատակարարումների խափանումների տեսքով, ինչը միանշանակ չէ, որ իրավիճակի հանդարտացումից անմիջապես հետո կվերականգնվի, կամ կվերականգնվի ամբողջությամբ: Անշուշտ խնդիրների տիրույթում կլինեն ԵԱՏՄ ներսում գործընկերային հարաբերությունները՝ կապված ղազախական բիզնեսի հետ: Բայց այս ամենն առավելապես կարճաժամկետ և միջնաժամկետ բնույթի խնդիրներ են, որոնք իհարկե համախառն վիճակագրության վրա կթողնեն բացասական հետևանքներ, բայց համակարգային խնդիրների չեն հանգեցնի:
Առավել անհանգստացնող ուղղությունը մակրոտնտեսությունն է: Այստեղ առաջին տարրերն արդեն իսկ նկատվում են: Մասնավորապես՝ ԵԱՏՄ լոկոմոտիվ տնտեսության արժույթի դիրքերի թուլացումն իր բոլոր հետևանքներով: Ռուսական ռուբլին արդեն իսկ որոշակիորեն արժեզրկվել է դոլարի և եվրոյի նկատմամբ: Եվ սա այն դեպքում, երբ էներգակիրների համաշխարհային գները դեռ շարունակում են բարձր լինել, ինչը դրականորեն է անդրադառնում ռուսական ռուբլու վրա: Ամենայն հավանականությամբ, ռուսական ռուբլու անկայունությունը կլինի ԵԱՏՄ առաջիկա խնդիրներից մեկը: Ի դեպ, ռուբլու հավանական անկայունությունն առաձին ուսումնասիրության առարկա է Հայաստանի համար, բոլոր գնահատելի հետևանքներով:
Միևնույն ժամանակ, ղազախական բիզնեսը պարբերաբար դժգոհել է սեփական արտադրության մրցունակությանը հասցվող հարվածից ամեն անգամ, երբ ռուբլին անկում է ապրել: Այսինքն այս պարագայում, այդ խնդիրը ևս կարող է պահպանվել:
Միևնույն ժամանակ, միությունում ընդհանուր հավասարակշռության պահպանման նպատակով հնարավոր է՝ արագացվեն ինտեգրացիոն պրոցեսները: Այդ թվում, օրինակ, միասնական շուկաների հետ կապված զարգացումները, կապիտալի ու աշխատաշուկայի ազատականացման ամբողջական պրոցեսը և այլն:
ԵԱՏՄ տնտեսության հետ կապված, պետք է հաշվի առնել նաև արտաքին հատվածի հետ հարաբերությունների ներկայիս իրավիճակն ու դրանց դինամիկայում հավանական փոփոխությունները: Մասնավորապես, Իրանի հետ ազատ համաձայնագրի բանակցությունները, Չինաստանի հետ տնտեսական համագործակցության հավանական ձևաչափերին առնչվող գործընթացները, Տաջիկստանի, Ուզբեկստանի հետ ինտեգրացիոն գործընթացները, ինչպես նաև Թուրքմենստանի, որը ԵԱՏՄ ասոցացված անդամ է: Պատահական չէ, որ Ղրղզստանի նախագահ Ժապարովը հանդես եկավ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև արդյունաբերական փոխգործակցության խորացման առաջարկով:
Ընդհանուր առմամբ, սրանք հավանական պրոցեսներ են, որոնք կարող են արագանալ կամ մեկնարկել ղազախական ճգնաժամի արդյունքում: Հետևանքների առավել օբյեկտիվ գնահատականի համար, անշուշտ, իրավիճակի ամբողջական հանգուցալուծմանն ու ելքերին պետք է սպասել, քանի որ անկախ ամեն ինչից, Ղազախստանում տեղի ունեցող գործընթացները հասկանալի չեն ամբողջ խորությամբ: Բայց այնուամենայնիվ, արդեն իսկ նկատելի է առնվազն մի քանի ուղղություն, որոնք Հայաստանի համար հնարավորությունների և աշխատանքի դաշտ են ստեղծում:
Որպես օրինակ, Հայաստանը կարող է ակտիվացնել ԵԱՏՄ-երրորդ երկիր բանակցությունների իր ուրույն դերակատարությունը, որը սկսած 2015-16թթ.-ից հաջողությամբ իրացրել է: Սա՝ քաղաքական կամքի առկայության, հետևողական ու կոկիկ աշխատանքի ունակության պարտադիր պայմանով:
Մյուս կողմից, ինտեգրացիոն գործընթացների հավանական արագացումը Հայաստանի տնտեսության համար հավանական արտաքին հարաբերությունների նոր հարթակ է:
Մի քանի ուղղություններով ևս, օրինակելի պարագայում, Հայաստանը պետք է անհապաղ աշխատանք սկսի:
Խոսքն, առաջին հերթին, Իրանի հետ ակտիվ երկխոսության մեկնարկն է: Դա վերաբերում է հայ-իրանական երկկողմ ծրագրերի ամբողջական իրականացմանը. Մեղրու ազատ տնտեսական գոտու գործարկում, Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման գծի կառուցում, առևտրատնտեսական, ներդրումային համագործակցություն:
Շատ կարևոր է ի վերջո գործուն քայլեր ձեռնարկել Իրանի նախաձեռնության ուղղությամբ՝ կապված Հայաստանով Պարսից ծոցը Սև ծովին միացնող տարանցիկ միջանցքի հետ: Հիշեցնենք, որ այս նախաձեռնության վերաբերյալ բարեկամ Իրանը ոչ մեկ անգամ է «հիշեցրել» Հայաստանի իշխանություններին: Այս ուղղությամբ հայկական կողմից իրականացվող գործընթացների վերաբերյալ, եթե այդպիսիք կան, չունենք ամբողջական ինֆորմացիա: Փոխարենը տարածաշրջանային գործընթացներն իրավունք են տալիս մտահոգվելու, որ Հայաստանն այս տեմպերով կարող է դուրս մնալ մեզ համար կենսական նշանակության ծրագրերից: Ինչևիցէ այդ ուղղութամբ օր առաջ աշխատանք սկսելու անհրաժեշտությունն առայժմ չի նվազում:
Եվ իհարկե շատ կարևոր է հատկապես այս զարգացումների ֆոնին Հայաստանի ակտիվ երկխոսությունը Չինաստանի հետ:
Այս գործընթացները պետք է ակտիվանան ԵԱՏՄ-ում հավանական զարգացումներին զուգահեռ, և լինեն ԵԱՏՄ և մյուս գործընկերների համար ընկալելի: