Մենք կողմ ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման շուտափույթ մեկնարկին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է NEWS.am-ը։
«Դա Ղարաբաղի տարածաշրջանին և կարգավորման խնդիրներին չի վերաբերում, դա զուտ երկկողմանի խնդիր է, որը մենք արդեն մոտ մեկ տարի է առաջարկում ենք սկսել մշակել՝ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելով դրա համար և առաջարկելով մեզ որպես խորհրդատու այդ հանձնաժողովում՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբը և այլ կառույցներ քարտեզներ ունեն, որոնք արտացոլում են Խորհրդային Միության ձևավորման տարբեր փուլերը և դրա վարչական սահմանների և միութենական հանրապետությունների միջև սահմանների փոփոխությունները: Հենց երեկ ես այս թեմայով շփվել եմ իմ հայ գործընկերոջ հետ։ Կողմերից կան համապատասխան առաջարկներ, քանի որ հանձնաժողով ստեղծելու համար առաջին հերթին պետք է պայմանավորվել, թե ինչ պայմաններով։ Այդ պայմանները այժմ քննարկվում են։ Այնտեղ տարաձայնություններ կան: Մեր դիրքորոշումը պարզ է. պետք է նստել և պաշտոնապես ստեղծված հանձնաժողովի շրջանակներում լուծել բոլոր այն հարցերը, որոնք դեռ համաձայնեցված չեն»,- ասել է Լավրովը։