Մոսկվայում կայացավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով: Այդ հանդիպմանը թեև Ադրբեջանը ներկայացված չէ, սակայն գործընթացի բավականին ակտիվ շահառու է: Անկարան բազմիցս հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացիկ գործընթացում հաշվի է առնում Ադրբեջանի շահերը և գործընթացը համաձայնեցնում է Բաքվի հետ: Հունվարի 12-ի իր հարցազրույցում Ադրբեջանի նախագահն այդ թվում նաև այս գործընթացի հետ կապված ուղերձներ ուներ: Ընդ որում, այդ ուղերձների հասցեատեր էին ինչպես Հայաստանն, այդպես էլ Թուրքիան:
Հայաստանի հետ կապված Ալիևն իր հռետորաբանությամբ, որին, ի դեպ, նախորդել էր հայկական կողմի երեք զոհի հանգեցրած սահմանային հերթական լարվածությունը, փորձում է Հայաստանը պահել վախի մթնոլորտում՝ էլ ավելի վատացնելով Հայաստանի համար բանակցային միջավայրը:
Ընդ որում, Ալիևի այս ուղերձի հասցեատերն ավելի շատ Հայաստանի հասարակությունն է, ոչ թե իշխանությունը: Հայաստանի գործող իշխանությունը գնում է հարաբերությունների կարգավորման առանց դնելու անգամ Արցախի դեմ ագրեսիայում ակտիվ ներգրավման, տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծելու համար Թուրքիային պատասխանատվության ենթարկելու հարցը: Նման պայմաններում, իհարկե, ակնկալել, որ գործող իշխանությունը կարողանալու է առաջ տանել Հայաստանի շահերը՝ հատկապես հաշվի առնելով վերջինիս բանակցելու «հմտությունները», իրատեսական չէ: Սակայն Հայաստանի իշխանության կողմից Թուրքիայի ցանկությունների կատարումը կարող է հասարակության համար անընդունելի լինել, և հանրային արձագանքը Փաշինյանին հետ պահել որոշակի քայլերից կամ դանդաղեցնել գործընթացը, ուստի թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է այդ ուղղությամբ «աշխատել» նաև հասարակության հետ՝ մեծացնելով այդ թվում նաև բարոյա-հոգեբանական ճնշումը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարում են, որ իրենց տպավորությամբ, Թուրքիան կիսում է առանց նախապայմանների Հայաստանի հետ երկխոսություն սկսելու մոտեցումը: Այո՛, գուցե Թուրքիան երկխոսություն սկսելու համար նախապայմաններ չունեն, սակայն այդ երկխոսության արդյունքում հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ ուներ և ունի: Այդ մասին խոսվել է նաև վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր մարկարդակներում, այդ թվում նաև էրդողանի կողմից: Թուրքիայի նախապայմանները չեն փոխվել՝ Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում թուրքական նախապայմանը 44-օրյա պատերազմի արդյունքում վերափոխվել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման, և ավելացել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տրամադրելու պահանջը:
Թուրքիան առանց իր այդ նախապայմանները բավարարելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գնալու տրամադրվածություն անգամ ցույց չի տալիս: Վերջին երկու նախապայմանների կատարման հարցում Ադրբեջանը բավականին հետևողական է լինելու: Թերևս այդ մասին էր նաև Ալիևի հարցազրույցը:
Այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ հետաքրքրված են ուժային կենտրոնները, և հնարավոր է, որ Թուրքիան, չկարողանալով դիմագրավել վերջիններիս ճնշումներին, օրինակ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը թողնի Հայատանի և Ադրբեջանի երկկողմ գործընթացին: Ալիևն իր հարցազրույցում հստակ ընդգծեց, որ այդ թեման իր համար կարևոր է՝ առնվազն առաջիկա վեց ամիսների ընթացքում:
Ալիևը թերևս առաջին անգամ էր խոսում խաղաղության պայմանագիր կնքելու համար վերջնաժամկետների մասին: Պատճառը գուցե այն է, որ տարածաշրջանում աշխարահքաղաքական իրավիճակի փոփոխություն կարող է տեղի ունենալ, որի դեպքում Ադրբեջանի համար այդ առաջարկը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, կարող է այլևս շահեկան չլինել թե՛ առավելապաշտական, թե՛ հետագայում իր բանակցային մանևրելու հնարավորության տեսանկյունից: