ԵՄ-ն ողջունում է Հայաստանի ու Թուրքիայի պատրաստակամությունը՝ աշխատելու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և այդ նպատակով հատուկ բանագնացների նշանակման ուղղությամբ։ Այս մասին ասված է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսնակ Պետեր Ստանոնի հայտարարությունում։
«Այս ուրբաթ հատուկ բանագնացների առաջին հանդիպումը կարևոր քայլ էր, և Եվրամիությունը խրախուսում է և՛ Թուրքիային, և՛ Հայաստանին հետագա ջանքեր գործադրել այս ուղղությամբ։
Հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած հետագա կոնկրետ քայլ լավ նորություն կլինի տարածաշրջանային կայունության, հաշտեցման ու տնտեսական զարգացման հեռանկարների համար:
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը առանցքային նշանակություն ունի ԵՄ-ի համար` երկու երկրների հետ հարաբերություններում։ 2014 թվականից ի վեր ԵՄ-ն ավելի քան 4,5 միլիոն եվրո է տրամադրել այն նախագծերին, որոնք նպատակ ունեն հիմք նախապատրաստել հարաբերությունների կարգավորման համար մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը և հաղորդակցության փոխանակումը: ԵՄ-ն պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել հարաբերությունների կարգավորմանն ուղղված հնարավոր լրացուցիչ քայլերին»,- ասված է հայտարարությունում: