Պաշտոնական Բաքուն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով երկրների միջև շփումների մեկնարկը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:
«Այսօր տարածաշրջանը պետք է զարգանա խաղաղության և կայունության ուղղությամբ։ Այդ նպատակներին ծառայող միակ ճանապարհը տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորումն է, թշնամանքից հրաժարվելը, երկրների միջև վստահության ամրապնդումը: Ուստի մենք ողջունում և աջակցում ենք հայ-թուրքական շփումների մեկնարկին, որոնց նախաձեռնողը Թուրքիան է։ Հավատում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նաև պայմանավորում է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորումը»,-Խալաֆովի խոսքերը մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: