Իրանի հարավ-արեւմտյան Բուշեհր նավահանգստային քաղաքում հայկական եկեղեցի (Gregorian Church) է բարեկարգվել, հայտնում է Tehran Times-ը։
Ավարտվել է հայկական տաճարի տարածքի բարեկարգման եւ մաքրման ծրագիրը, եւ այժմ տեղական իշխանությունները նախատեսում են մոտ ապագայում պատմական հուշարձանը բացել այցելուների համար, հայտնում է NEWS.am-ը։
Վերակառուցվել են վանքի հին կառույցը, բակը եւ այլ տարածքներ։ Բացի այդ, աշխատանքներ են տարվում տաճարի տարածքում գտնվող տապանաքարերի փաստագրման ուղղությամբ։
«Իրանը տուն է բազմաթիվ եկեղեցիների, մատուռների եւ տաճարների համար: Արեւելյան Ադրբեջանի եւ Արեւմտյան Ադրբեջանի նահանգների Սուրբ Թադեոս, Սուրբ Ստեփանոս եւ Ձորձոր (Զորզոր) եկեղեցիները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում էին ընդգրկվել 2008 թվականին»,- ասվում է հրապարակման մեջ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս հուշարձանները որպես հայկական ճարտարապետության ակնառու նմուշներ է որակել։
Բուշեհրի հայկական եկեղեցին կառուցվել է Քաջարների դինաստիայի օրոք (1795-1925) Ավադյանների ընտանիքի կողմից, որը նավահանգստային քաղաքի նշանավոր հայ ընտանիքներից էր։