«Իհարկե նոր պատերազմ կարող է սկսվել, ոչ ոք չի կարող երաշխավորել ցանկացած պատերազմի սկսման բացառումը, բայց այդ համատեքստում հավանականությունը շատ փոքր է»,- այսօր ասուլիսում հայտարարեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, փոխանցում է Panorama.am-ը։
Նրա խոսքով՝ Հայաստանի վրա լայնածավալ հարձակումը կնշանակի հարձակում ՀԱՊԿ-ի վրա, ինչը չի կարող աննկատ մնալ։
Դավիթ Բաբայանը որպես փաստարկ բերեց Ղազախստանի վերջին իրադարձություններին ՀԱՊԿ-ի արձագանքը և նկատեց, որ Հայաստանի վրա հարձակման դեպքում արձագանք կլինի առնվազն ՌԴ կողմից՝ եթե ագրեսիային միանա նաև Թուրքիան:
«Խաղաղությունն ու կայունությունը Արցախում պահպանվում են ռուս խաղաղապահների կողմից և ԱՀ-ի վրա հարձակումը ինքնաբերաբար կնշանակի հարձակում ռուս խաղաղապահների և Ռուսաստանի վրա։ Դա այլ տեսակի պատերազմ կլինի: Դա չի լինի պատերազմ Ադրբեջանի և Արցախի ու Հայաստանի միջև»,-շեշտեց ԱՀ արտաքին գործերի նախարարը և կարծիք հայտնեց, որ այն լավ է հասկանում նաև Ադրբեջանը: