Այս փուլում ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով կոնկրետ հանդիպում նախատեսված չէ, բայց օրակարգում է համանախագահների այցը տարածաշրջան՝ այսօր խորհրդարանում Կառավարություն – ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ու Արցախի վերաբերյալ հայտարարություններին, փոխանցում է armradio.am-ը:
Ադրբեջանի նախագահի հրապարակային դիրքորոշումները միշտ չէ, որ համընկնում են փակ սենյակներում քննարկված մոտեցումներին՝ ասել է արտգործնախարարը և կրկնել ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ ձևաչափն է , որն ունի միջազգայնորեն ճանաչված մանդատ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։
«Մի բան է Ադրբեջանի դիրքորոշումը, մի բան է իրականությունը, մի բան է միջազգային հանրության դիրքորոշումը։ Իսկ իրականությունն այն է, որ չնայած Ադրբեջանի դիրքորոշմանը ու փորձերին, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցը լուծված է, և ոչ հիմնախնդիր, ոչ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունեն, այդ մեկ տարվա ընթացքում մենք տեսել ենք, որ աշխարհը բոլորովին դրա հետ համաձայն չէ, և իրականությունն էլ այդպիսին չէ։ Հերթական ապացույցը կարող եք գտնել անցած դեկտեմբերին Ստոկհոլմում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական ամենամյա համաժողովում բազմաթիվ երկրների կողմից հնչեցված դիրքորոշումներում, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, և այն պետք է լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով։ Սա միակ ձևաչափն է, որն ունի միջազգայնորեն ճանաչված մանդատ, այն է՝ գտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորում»։